ՀՀ ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել:



Դեսպան Ռեյիսին շնորհակալություն է հայտնել նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։



Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն է հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:



Նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյունավետ գործունեության դեսպանին է հանձնել ԱԳՆ հուշամեդալը։