Սահմանադրության նախագիծն այսօր կդրվի քվեարկության

Սահմանադրության նախագիծն այսօր կդրվի քվեարկության

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ուսուցիչների տոնի կապակցությամբ։ Նշենք, որ այսօր քվեարկության կդրվի Սահմանադրության նախագիծը, ինչի մասին ևս հայտարարեց Գալուստ Սահակյանը։ Այնուհետև վարման կարգի վերաբերյալ հանդես գալու համար ձայն խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: «Կարծում եմ՝ այս նստաշրջանը կրկին եթերով կհեռարձակվի, և հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես է ԱԺ-ն քվեարկելու մի նախաձեռնության, որն ապազգային է և ավելի է մղելու է դեպի արտագաղթի ու աղքատացնելու է»,-ասաց նա՝ կոչ անելով բոլորին դեմ քվեարկել։
Ըստ նրա՝ ստացվում է, որ արտագաղթածների թիվը Սերժ Սարգսյանին չի բավարարում, դրա համար է, որ մինչ 2018 թվականն իշխանության ղեկին լինելը քիչ է նրա համար և նա ցանկանում է երկար մնալ իշխանության ղեկին։



«Նա ցանկանում է մնալ հավերժ ու դրան միտված նախագիծ է ներկայացրել խորհրդարանին, փաստորեն բավարար չէ, որ իր պատճատով մեկուկես միլիոն մարդ արտագաղթել է ՀՀ-ից, և ինչ պետք է անենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, այսօր, իհարկե, պատկերը կերևա, բայց մենք պետք է համախմբվենք ու մոբիլիզացնենք մեր ուժերը՝ զանգվածային անհնազանդություն ցույց տալով բոլոր ուժերին»,-ասաց Փոստանջյանը:
Ապա վարման կարգով ելույց ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով ասաց, որ իր ելույթը ոչ թե խմբակցության անունից է, այլ իր անձնական տեսակետն է արտահայտում: «ԵԽԽՎ-ում բավականին լուրջ վտանգ է ստեղծվել, եւ ամիսների ընթացքում կընդունվի մի զեկույց որը մեծ հարված կհասցնի Հաայստանի եւ ԼՂՀ-ի շահերին, ես առաջարկում եմ ԱԺ լուսումներ կազմակերպել արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ, որտեղ կմշակվեն քայլեր այս վտանգը կանխելու ուղղությամբ»,- ասաց Լ.Զուրաբյանը: Ըստ նրա՝ այս հարցը շատ օրակարգային է:



Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ վաղը հայտարարությունների ժամին թող Զուրաբյանն առաջարկությամբ հանդես գա:



Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջարկեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը վաղը դնել քվեարկության, որովհետեւ առաջարկությունների վերաբերյալ պատասխան չեն ստացել: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց, որ իր առաջարկությունների վերաբերյալ, որեւէ պատասխան չի ստացել, եւ սա համարում է ծաղրանք: «Չեմ տեսնում իմ առաջարկությունների վերաբերյալ որեւէ պատասխան, չի կարելի ձեռ առնել, հանդիպում եք ու ինչ, գոնե վեր կացեք ասեք չենք պատասխանում»,- ասաց Բագրատյանը:



Գալուստ Սահակյանը, սակայն, ասաց, որ նախագիծը քվեարկության կդրվի այսօր։ Այս պահին առավելագույնը մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես գալիս Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ում ելույթից հետո էլ պատգամավորները կքվեարկեն նախագծին կողմ կամ դեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ