Նրանք գիտեին, որ իրենց ձայնը տեղ չէր հասնելու.«Չեք անցկացնին» թեւաթափ չի լինում

Նրանք գիտեին, որ իրենց ձայնը տեղ չէր հասնելու.«Չեք անցկացնին» թեւաթափ չի լինում

ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից հետո շենքի առաջ հավաքված «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները թևաթափ չեն եղել «Մենք այդպես էլ գիտեինք, որ մեր ձայնը տեղ չէր հասնելու, բայց դա չի նշանակում, որ մենք պարտվել ենք: Մենք մի օր անպայման հասնելու ենք հաջողության»,-ասացին ակցիայի մասնակիցները:



«Սերժ Սարգսյան հեռացիր» , «Ոչ սահմանդրությանը», «Ոչ, ոչ» կոչերով «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ քվեարկության պետք է դրվեր սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Քաղաքացիները ցանկանում էին ԱԺ-ի դարպասներին փակցնել «Ոչ» գրությամբ պաստառը, ինչը ոստիկանները թույլ չտվեցին և տեղի ունեցավ բախում: Արդյունքում բերման ենթարկվեցին 21 քաղաքացի, պատահմամբ բերման էին ենթարկել նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին:  



Փողոցում ակտիվիստների կրքերը հանդարտեցնող ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը «տղայական» զրույց է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: «Գալուստ Սահակյանին մոտեցա և ասացի, թե ինչ է տեղի ունեցել, բացատրեցի, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին բերման էին ուզում ենթարկել և գոնե որպես ԱԺ նախագահ` իր թասիբին պիտի կպնի պատգամավորին բերման ենթարկելը, և նա միայն ասաց, որ կպարզի: Սակայն ես նրանից բան չեմ սպասում, քանի որ նա մարդ է, ով նույնքան կոպտորեն խախտում էր օրենքը ԱԺ նիստի ժամանակ: Խորհուրդ եմ տալիս Սերժ Սարգսյանին հետաձգել այս գործընթացը: Ըստ պատգամավորի՝ Սարգսյանը դեռևս ունի այդ հնարավորությունը, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հասարակության մեջ պառակտում է մտցնում»: 



ԱԺ-ի դարպասների դիմաց մնալն անիմաստ համարեցին ԱԺ-ում քաղաքացիների ձայնը բարձրացնող և դեմ քվեարկող պատգամավորները, նրանք Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի գլխավորությամբ որոշեցին շարժվել դեպի Արաբկիրի ոստիկանության բաժանմունք, որտեղ այս պահին գտնվում են բերման ենթարվածները: Ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 21 ակտիվիստ: Նրանց ազատ արձակելուց հետո միայն, նախաձեռնության անդամները կտեղեկացնեն իրենց պայքարի հետագա քայլերի մասին: 



Նշենք, որ 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ խորհրդարանում ընդոււնվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկողներից էին նաև մի շարք «արմատական» ընդդիմադիրներ ` «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս լքած «թունդ ընդդիմադիր» Ռուբիկ Հակոբյանը, «Ժառանգության» անդամ հանդիսացող, բայց այդ խմբակցության անունից չներկայացող մեկ այլ «թունդ ընդդիմադիր» Ալեքսանդր Արզումանյանն ու «Ժառանգություն» խմբակցության փաստացի անդամ Թևան Պողոսյանը։



Նախագծին դեմ քվեարկած պատգամավորներն են՝ ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյան և անկախ  պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը։



Իսկ երեք հոգի ձեռնպահ քվեարկողներ են եղել, որոնք ՕԵԿ խմբակցության մյուս երեք պատգամավորներն են՝ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը։