Թևան Պողոսյանը սահմանադրական տեքստին կողմ է քվեարկել, բայց նախկին մտքերը մնում են ուժի մեջ

Թևան Պողոսյանը սահմանադրական տեքստին կողմ է քվեարկել, բայց նախկին մտքերը մնում են ուժի մեջ

Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը բավականին «ինտրիգային» էր: Նամանավանդ, որ նոր սահմանադրությանը կողմ էին քվեարկել այնպիսի պատգամավորներ, որոնք կարծես «ժուկով ժամանակով» դեմ էին սահմանադրական փոփոխություններին, օրինակ՝ Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս հրաժարվեց այս հարցով հեռախոսազրույց ունենալ. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս».- եղավ Ալեքսանդր Արզումանյանի պատասխանը: Իսկ Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում բացատրեց, որ ինքը տեքստին կողմ է քվեարկել, բայց նախկին մտքերը մնում են ուժի մեջ:



«Կողմ եմ քվեարկել, քանի որ իմ առաջարկներն ընդունվել են և նաև այլ գործընկերների, որոնց համարում էի, որ շատ կարևոր են փոփոխությունների խնդրով: Անդրադառնում եմ այս րոպեին այն հարցին՝ տեքստն է, ինչին մենք կողմ ենք քվեարկել, իսկ նախկին բոլոր արտահայտած մտքերը իսկապես մնում են ուժի մեջ: Բայց այսօրվա դրությամբ երկու խնդիր առաջինը՝ այն բոլոր իմ աշխատանքը, որ կարողացա կատարել և կարողացա սահմանադրության տեքստում ամրագրել, որ քաղ. հասարակության, կամ այդպես ասենք ոչ պետական սեկտորի ինստիտուտներին՝ կլինի մշակութային, կրթական, սպորտային և այլն, կարող են հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտոնների համար ամրագրել մեխանիզմներ, որտեղ պետությունը պետք է համապատասխան մեխանիզմներ մշակի և նպաստի բարեգործության իմաստով, իրենց ֆինանսական կայության և հարատևության իմաստով և անկախության: Այդ գաղափարը միշտ եղել է մոտս, ժամանակին նույնիսկ փորձել եմ օրենսդրական նախաձեռնություն անել, կուտակային անձեռնմխելի հիմնադրամների իմաստով: Հուսով եմ հիմա դրանից հետո աշխատանքներն ավելի կընդլայնվեն, և ապագայում այդ օրենքը կյանքի կկոչվի»:



Ստացվում է սահմանադրական նոր տեքստն ամբողջությամբ ձեր սրտո՞վ է, պարոն Պողոսյան.«Ելույթում եմ ասել, որ եթե խնդիրը գնում է տեքստի վերաբերյալ, ապա՝ այո, այս տեքստը նպաստում է Հայաստանի եվրոպական զարգացմանը, և քանի որ ժամանակին էլ ինքս քվեարկել եմ Եվրասիական միության Հայաստանի անդամակցությանը դեմ և միշտ կողմնակից եմ եղել եվրոպական ինտեգրմանը Հայաստանի: Սահմանադրության տեքստով մենք ավելի կնմանվենք եվրոպական մոդելով երկրի: Այս իմաստով մնացել եմ իմ սկզբունքներին հավատարիմ և իմ համաձայնությունն եմ տվել առայժմ տեքստին: Թե մնացած խնդիրները, ինչպես ասում են, ինչպես կզարգանան, քանի որ սատանան նաև մանրուքների մեջ է: Ընտրական համակարգի մասով ինչ փոփոխություններ կարող ենք անել, որ վստահություն ներշնչեն: Ընտրված տեքստն է իրականում մեր ցանկությունը, թե այլ բան, աշխատանքը պետք է շարունակել և պայքարել»:  



Անդրադառնալով Ազգային ժողովի դարպասների մոտ այսօր տեղի ունեցող ակցիային, Թևան Պողոսյանը կոչ արեց շարունակել պայքարը. «Ուրախ եմ, որ այսօրվա դրությամբ առնվազն ունենք իրավիճակ, որտեղ բողոքի ցույց կարելի է անել: Դեմ եմ ցանկացած բռնությանը, որն օգտագործվել է, բերման են ենթարկել ակտիվիստներին, բայց իջնելու խնդիրը միշտ չէ, որ կարևոր պայման է: Իմ ներկայությունն այնտեղ, հատկապես կողմ քվեարկելուց հետո, նաև կարող էր սադրիչ ինչ-որ իրավիճակներ լիներ, բնականաբար չեմ իջել: Բայց նորից եմ կրկնում, շատ ուրախ եմ, որ կան երկու պատգամավորներ, որոնք գնացել են այնտեղ և փորձել են իրենց պայքարը շարունակել: Եվ կոչ եմ անում, որ բոլոր մարդիկ, ովքեր գիտակցում են պայքարի կարևորությունը, բոլոր մեխանիզմներն օգտագործեն իրենց պայքարը տանելու առաջ»: