Քոչարյանի «ուրվականը», նրա հանդեպ հարգանքն ու անհամաձայնությունը

Քոչարյանի «ուրվականը», նրա հանդեպ հարգանքն ու անհամաձայնությունը

Երեկ Ազգային ժողովում թեւածում էր Ռոբերտ Քոչարյանի «ուրվականը»․ ՀՀ էքս նախագահը կրկին հարցազրույց էր տվել։ Այս անգամ նա անդրադարձել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը նախօրեին 104 կողմ ձայնով ընդունվեց խորհրդարանում։ ՀՀԿ-ում այս անգամ ամենաարագը ծանոթացան Քոչարյանի հարցազրույցին եւ արագ էլ գտան այն բառապաշարը, որով պետք է հակադարձեին երկրորդ նախագահի քննադատություններին։



Քոչարյանն ասաց, որ «հրապարակված նախագիծը գերազանցում է իր վատագույն սպասումները, այս նախագիծն էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն՝ դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում»։ Նա նաեւ համեմատում է այս Սահմանադրության նախագիծը Սովետական սահմանադրության հետ, որը, ըստ նրա, լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը։ Երբեւէ կուսակցական պատկանելություն չունեցած, բայց իր կառավարման տարիներին մշտապես ՀՀԿ-ի լայն աջակցությունը վայելած նախկին նախագահի կարծիքով՝ «նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության մենաշնորհը խորհրդարանում», այն է՝ իշխանության մեջ:



Քոչարյանը նաեւ վտանգ է տեսնում, որ այս Սահմանադրությամբ հովանավորչական կառավարումը կդառնա «անխուսափելի ու հարատեւ չարիք, լճացման աղբյուր եւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք՝ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը»։ «Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորհը դարձնում է սահմանադրական նորմ: Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետեւանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-իր խոսքն այսպես է եզրափակում Ռոբերտ Քոչարյանը՝ խառնելով իրեն ժամանակին սատար կանգնած քաղաքական ուժերի հոգիները։ Իսկ այդպիսիք քիչ չեն խորհրդարանում։



Օրինակ՝ ԲՀԿ-ն, որի խոսնակ Վահան Բաբայանը խուսափեց բովանդակային պատասխան տալ այս թեմայով՝ միայն նշելով, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, եւ ինքը դա մեկնաբանելու կարիք չի տեսնում։ Արդյոք կաշկանդո՞ւմ է Քոչարյանի անունը ԲՀԿ-ականներին, խոսնակը զարմացավ մեր հարցից․ «Դուք էդ ի՞նչ հարց եք տալիս, էլի․․․ Յուրաքանչյուր մարդ ունի կարծիք հայտնելու իրավունք»։



Ժամանակին Քոչարյանի ամենաուժեղ հենարանը հանդիսացած ՀՀԿ-ից էլ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան Քոչարյանի քննադատություններին, հարցեր ուներ «հարգարժան պարոն նախագահին»․ «Այս արատավոր համակարգը ե՞րբ է առաջացել, ինչպիսի՞ պայմաններում, եթե իրոք համակարգն արատավոր է, ապա ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է պայքարենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ»։ Հռետորական հարցերն ավարտելուց հետո Շարմազանովը տակից «կծում» է «հարգարժան երկրորդ նախագահին»․ «Մյուս կողմից՝ հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետեւ լիովին մարդկային է, երբ մարդը դժվար է հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել»։



ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի համար էլ Քոչարյանի ասածները պարզ են ու բացահայտ՝ առանց ենթատեքստերի ու մեսիջների, եւ նա որեւէ մտահոգվելու տեղ չի տեսնում նրա ասածների մեջ։



Քոչարյանին ժամանակին շատ մոտ կանգնած ու ակտիվորեն սատարած, հիմա էլ նրանից շատ հեռու «չխաղացող» ՀՅԴ-ում էլ, թեպետ մի փոքր դժվարություն ունեն իրենց համար ոչ պակաս հարգարժան պարոն Քոչարյանի ասածներին հակադրվելու հարցում, բայց դիվանագիտորեն փորձում են ե՛ւ պրոՀՀԿ-ական իրենց գիծը պահել Սահմանադրության հարցում, ե՛ւ չխաթարել իրենց «պրոքոչարյանական» ուղղվածությունը։ «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել եւ շարունակում եմ հարգանքով վերաբերվել հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետներն արմատականորեն տարբերվում են»,-լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։



Իր խոսքում Քոչարյանի հանդեպ հարգանքի մասին, այն էլ մի քանի անգամ ընդգծեց նաեւ ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Արծվիկ Մինասյանը, չմոռանալով շեշտել Քոչարյանի անկեղծության եւ հստակության մասին, որն ինքը բարձր է գնահատում։ Նա նշեց, որ հարգում է Քոչարյանի դիրքորոշումը, որտեղ բովադակություն կա, ոչ թե ձեւ, բայց չի ընդունում քննադատությունը։ «Եթե գործող Սահմանադրությունն էդքան լավն է, որ բոլոր խնդիրները կարող է լուծել, ապա կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ երբեք այդ խնդիրները լիարժեքորեն չեն լուծվել։ Երկրորդը. իմ կողմից շատ հարգված երկրորդ նախագահը լիարժեք հնարավորություն չի ունեցել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ կառավարել, որի պարագայում շատ ավելի ակնհայտ կլինեին այն բացերը, որոնց մասին փաստարկված ներկայացված է փոփոխությունների նախագծում»,-ասաց նա՝ չհամաձայնելով ԽՍՀՄ Սահմանադրության հետ զուգահեռներ անցկացնելու փաստարկներին՝ «այն պարզ պատճառով, որ այն Սահմանադրությունը ճանաչում էր միայն Կոմունիստական կուսակցությունը՝ բացառելով որեւէ այլ քաղաքական ուժի գոյություն»։



Հարցին՝ ինչո՞ւ քննադատեց Քոչարյանն այս նախագիծը, պարոն Մինասյանն ասաց․ «Նախ՝ երկրորդ նախագահը միշտ է արտահայտել իր տեսակետը, որ իր համար ավելի նախընտրելի է նախագահական մոդելը, բայց քանի որ երկիրը գնացել է նախագահականից դեպի կիսանախագահական, իսկ այնուհետեւ՝ խորհրդարանական համակարգին, կարծում եմ՝ էստեղ սկզբունքների տարբերություն կա ընդամենը, ուրիշ որեւէ այլ դրսեւորում ես չեմ ուզում այստեղ տեսնել»։ Նկատեցինք, որ Մինասյանը բավականին դրական ձեւով էր «հակադարձում» երկրորդ նախագահի քննադատություններին, նույնիսկ հիշեց քոչարյանական այն երկու «երանելի» տարիները, երբ երկիրը ժողովրդագրական դրական զարգացում է ցույց տվել, բայց այս հարցում համաձայն չեն «իրենց կողմից հարգված երկրորդ նախագահի» հետ եւ վերջ։ Հիշեցինք նաեւ, որ Դաշնակցության ձերբակալված լիդերներն ազատ արձակվեցին Քոչարյանի օրոք եւ հետագայում մտան կոալիցիա։ Արդյոք այժմ որեւէ բան փոխվե՞ց ՀՅԴ-ի եւ Քոչարյանի հարաբերություններում։ «Իհարկե ոչ, որովհետեւ մենք հարգանքով ենք մոտենում բոլոր բովանդակային քննադատություններին, բայց, անկախ նրանից՝ ընդունում ենք կամ չենք ընդունում, մենք հարգում ենք, եթե այդ դիտողությունները կամ քննադատությունները բովանդակություն ունեն, այլ ոչ թե ձեւական են։ Տվյալ դեպքում նախագահ Քոչարյանի քննադատությունն ունի բովանդակություն, որը մեզ համար ընդունելի չէ»,-ասաց դաշնակցականը։



Այդուհանդերձ, Դաշնակցությունը կշարունակի՞ լինել Քոչարյանին սատարող կամ համակրող քաղաքական ուժ։ «Ներողություն, ի՞նչ է նշանակում սատարող կամ համակրող․․․ մենք նախագահ Քոչարյանի հետ անցել ենք ճանապարհ, բարձր ենք գնահատել այդ անցած ճանապարհը, կա փոխադարձ հարգանք, եւ այդ հարգանքը շարունակում է պահպանվել։ Ինչ վերաբերում է մեր եւ նախագահ Քոչարյանի պատկերացումների տարբերությանը, ապա մեր պատկերացումները բավական երկար ժամանակ է, որ կան, անկախ նրանից՝ նախագահ Քոչարյանն այդ ժամանակ նախագահում էր, թե չէ։ Մենք մեր գծի, մեր գաղափարական հենքի կրողն ենք եւ մեր համոզմունքները միշտ առաջ ենք տանում»,-խոսքը եզրափակեց Արծվիկ Մինասյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ