Պորոշենկոն Դոնբասի հարցում լավատեսական հեռանկարներ է տեսնում

Պորոշենկոն Դոնբասի հարցում լավատեսական հեռանկարներ է տեսնում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի շողովրդական հանրապետություններում ընտրությունների չեղարկումը հնարավորություն է բացում Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու համար: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Նյու Յորքում և Փարիզում կայացած բանակցություններում Ուկրաինայի և մեր գործընկերների կոորդինացված գործողությունների ուղղակի հետևանքը եղավ այն, որ անօրինական ընտրությունները, որոնք սպառնում էին ռազմական գործողությունների վերականգնմամբ և Մինսկի պայմանավորվածությունների ի չիք դառնալով, չեղարկվեցին: Դա ճանապարհ է բացում Դոնբասը Ուկրաինային վերադարձնելու համար` ուկրաինական օրենսսդրության համաձայն ընտրությունների անցկացմամբ, որոնց հիմքում կլինեն ԵԱՀԿ ստանդարտները, և այդ ընտրությունները կանցկացվեն, իհարկե, առանց օկուպացիոն զորքերի առկայության», - ասել է Պորոշենկոն:



Հիշեցնենք, որ ԴԺՀ և ԼԺՀ իշխանությունները հայտարարել էին տեղական ընտրությունների անցկացումը 2016 թ. տեղափոխելու մասին, նշելով, որ ակնկալում են Ուկրաինայի իշխանությունների կողմից Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելու հեռանկարը: