«Այո»-ի քարոզարշավին կմասնակցեն շատերը

«Այո»-ի քարոզարշավին կմասնակցեն շատերը

Ինչպես Սահմանադրության նախագիծը համերաշխորեն քվեարկվեց Ազգային ժողովում, նույն համերաշխությամբ էլ քաղաքական ուժերը պատրաստվում են լծվել «այո»-ի քարոզարշավին եւ կյանքի կոչել նոր սահմանադրությունը: Հանրաքվեի հստակ օրը դեռ հայտնի չէ, եւ նախընտրական շտաբ էլ չի ձեւավորվել։ Իշխանության այս հանգստությունը, թերեւս, պայմանավորված է հանրաքվեի քվորումի համար պահանջվող ցածր շեմով՝ ընդամենը 25 տոկոս մասնակցություն, որը կարելի է ապահովել իշխանական ռեսուրսով, ինչպես նաեւ հանրության անտարբերությամբ: Այնուամենայնիվ, «խրամատներում» բոլորը կազմ-պատրաստ են՝ անհրաժեշտության դեպքում մեկնելու «մեծ պատերազմի»։



Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ քարոզարշավ անպայման լինելու է. «Դեռ ոչինչ հստակ հայտնի չէ, բայց, հավանաբար, խմբեր կձեւավորվեն, մարզեր կայցելեն եւ կներկայացնեն մեր տեսակետը»: Բաղդասարյանն ավելի քան վստահ է՝ մարդիկ մեծ ոգեւորությամբ կմասնակցեն եւ «այո» կասեն նախագծին:



Ամիսներ առաջ սահմանադրական հանրաքվեի օրը «ոչ»-ի հանրաքվե դարձնելու խոստումներ տված, սակայն նախագծին կողմ քվեարկած ԲՀԿ-ում նույնպես անմասն չեն մնա «այո»-ի քարոզարշավից: ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը մեզ հայտնեց, որ հաստատ անմասն չեն մնա, բայց դեռ պետք է քննարկեն, թե ինչպիսի մասնակցություն ունենան: Իսկ կհավատա՞ ժողովուրդը մի ուժի, որը տակավին ամիսներ առաջ պայքարում էր «չարիքի» իշխանության դեմ եւ մերժում փոփոխությունները։ «Բացատրելու վրա ա:



Շատ կարգին մի քանի դրական փոփոխություն իրոք կա, ուղղակի առնվազն կույր պտի լինես, որ դրանք չտեսնես»,- ասում է Մանուկյանը՝ նշելով, որ պետք լինի, մարզեր էլ կայցելեն, մարդկանց հետ հանդիպումներ էլ կկազմակերպեն:



Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի պոտենցիալ հավակնորդ Մարտուն Գրիգորյանն իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցել «այո»-ի քարոզարշավին, բայց հիմա դեռ որեւէ հրահանգ չի ստացել: «Ժողովուրդը ոչ խանդավառված է, ոչ էլ հակառակը, ավելի անտարբեր վիճակ է, որովհետեւ ժողովուրդն ունի ավելի լուրջ խնդիր եւ այս պահի դրությամբ սահմանադրական բարեփոխումներով այդ խնդիրների լուծումը չի տեսնում»,- ասում է Գրիգորյանը: Այդ դեպքում իր ընտրողների կարծիքն ինչո՞ւ է ոտնահարել Մարտուն Գրիգորյանը եւ «այո» ասել։ «Ես որպես պատգամավոր եմ իմ կարծիքն ասել... Եթե ժողովուրդը դեմ է, իր «ոչ»-ը կքվեարկի, իսկ եթե որեւէ մեկն իմ կարծիքին է նայում, թող քվեարկի իմ պես»: Պատգամավորը չի փորձի համոզել, այլ կներկայացնի իր կարծիքը, թե ինչու է հարկավոր ընդունել նոր սահմանադրությունը. «Թող գա այդ պահը՝ կտեսնեք»։



Մեկ այլ նախկին ԲՀԿ-ական՝ Արագած Ախոյանն էլ կարծում է, որ մարդկանց անտարբերությունն ու ժխտողական տրամադրվածությունը պայմանավորված են քիչ տեղեկացված լինելու փաստով, ինքն իր տարածքում կլրացնի այդ բացը. «Ես ինքս մասնակցելու եմ «այո»-ի քարոզարշավին, եթե, իհարկե, կենտրոնական շտաբը նպատակահարմար կգտնի, ես հարկ եմ համարում եւ պարտավոր եմ հանրությանն իրազեկել։ Նրանք, ովքեր մակերեսորեն գիտեն կամ թյուր ինֆորմացիայի պատճառով այլակարծիք են, պետք է բացատրել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն: Ես վստահ եմ, որ սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի արդյունքում դրական եզրակացության կարժանանան»:



Իսկ ՀՀՇ-ական, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով նույնպես «կողմ» է քվեարկել, հայտարարեց, որ մտադրություն չունեն մասնակցելու «ինչ-որ քարոզարշավների», իրենք որեւէ մեկին կոչ չեն անելու, իրենք լիբերալ ուժ են: Խոսքը վերածնված ՀՀՇ-ի մասին է։



«Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր, նախագծին կողմ քվեարկած Թեւան Պողոսյանն ասաց, որ քարոզարշավներից տեղյակ չէ, դրանք իրականացնողների ու մասնակիցների մասին էլ իրազեկ չէ: «Իմ մասով կասեմ, որ որեւէ առիթ բաց չեմ թողել ու այսուհետ էլ չեմ թողնի՝ խոսելու խորհրդարանական կառավարման մոդելի առավելության մասին, եվրոպական տիպի կառավարման համակարգ ապահովելու առաջնայնության մասին: Ուրախ եմ, որ քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված իմ առաջարկն ընդունվել է եւ այսուհետ կարող է լինել սահմանադրական նորմ: Դա շատ մեծ խթան կդառնա քաղաքացիական հասարակության հետագա զարգացման եւ իրական անկախության ամրապնդման համար: Այ, այս մասին էլ եմ միշտ խոսելու, ավելին՝ պատրաստվում եմ դրա հիմքի վրա նոր օրենսդրական նախաձեռնությունների»: