Դա ֆուտբոլ չէր, խայտառակություն էր

Դա ֆուտբոլ չէր, խայտառակություն էր

Մենք, իհարկե, ֆուտբոլի մասնագետ չենք, բայց գոնե կարողանում ենք տարբերել ֆուտբոլ խաղացող թիմը մեկ այլ բան խաղացող թիմից: Ալբանիայի ընտրանու դեմ խաղում մեր ազգային հավաքականը խաղում էր մեկ այլ բան, և ոչ՝ ֆուտբոլ:



Եթե մեր առաջատարները՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օսբիլիսը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Ռոբերտ Արզումանյանը և օտար թիմերում հանդես եկող մյուսները, նման խաղ ցուցադրեն իրենց թիմերում, նրանց կուղարկեն պահեստայինների նստարան, իսկ այնտեղից էլ ուղիղ չվերթով «Փյունիկ», «Միկա», «Արարատ», «Բանանց» կամ սրանց կարգի այլ թիմ, եթե, իհարկե, վերջիններս ընդունեն:



Պարզվում է, սակայն, որ ազգային հավաքականում կարելի է այսպես խաղալ և տարիներով լինել այդ հավաքականի կազմում: Պարադոկս է՝ ունենալ Հենրիկ Մխիթարյան-Յուրա Մովսիսյան- Մարկոս Պիզելի եռյակ, որին շատ հավաքականներ երանի կտային, Հայաստանի հավաքականը անփառունակ, խոշոր հաշվով պարտություն է կրում մի հավաքականից, որը նույնպես ֆուտբոլ հիշեցնող որևէ բան չի ցուցադրում:



Հնարավոր է, իհարկե, այս անգամ էլ ասել՝ խաղը չստացվեց, այսինչը վնասվածք ուներ, երրորդը հղի էր, գնդակը կլոր էր և այլն և այլն, բայց, միևնույն է, ոչնչով հնարավոր չէ կոծկել այն իրողությունը, որ մեր ֆուտբոլիստները ֆուտբոլ խաղալու համար չէ, որ դաշտ էին դուրս եկել:



Այդ խաղից այն տպավորությունը ստացանք, որ 11 ֆուտբոլիստ, մարզիչները և Հայաստանի ֆուտբոլի ղեկավարությունը զբաղված են ղումարբազությամբ՝ այսինքն փող դնել-փող շահելով, որովհետև խաղի սպորտյին նշանակությունը մեզ համար հավասար էր զրոյի, իսկ մի քիչ փող կպցնելը չէր խանգարի:



Սա, իհարկե, ամբողջ աշխարհում է տեղի ունենում, և չմտածեք, որ միայն մեր հավաքականը կարող էր ինքն իր խաղի վրա փող աշխատել: Մադրիդի «Ռեալը» կարող է այնպիսի էշություններ անել դաշտում, որ կմնաս ապշած: Ու եթե խաղ ծախելն ու խաղի էպիզոդներով փող աշխատելը (օրինակ, մի քանի խաղ կրկնվող մեր ինքնագոլերը) ընդունված է ժամանակակից ֆուտբոլում այնքան, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունների ղեկավարներն են արդեն մեղադրվում քրեական հանցագործությունների մեջ, ապա միանգամայն տեղին է պահանջելը, որ հավաքականի վրայից հանվի «ազգային» բառը, որովհետև, ինչպես հանրահայտ մեկնաբան Նիկոլայ Օզերովը կասեր՝ «Такой хоккей нам не нужен»:



Մենք որևէ բան այս պահին պնդել չենք կարող, բայց խաղի ողջ սցենարը հենց դա էր ապացուցում: Նորից ենք կրկնում, դա ֆուտբոլ չէր, դա մարզադաշտ այցելած և հեռուստաէկրանից հավաքականի համար ցավացող երկրպագուների երեսին թքել էր: Դա կամազուրկ 11 տղամարդու կիսավարտիքով զբոսանք էր դաշտում: