Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին պաշտոն է խոստացել կառավարությունում

Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին պաշտոն է խոստացել կառավարությունում

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կարող է ռեփեր Քանյե Ուեսթին պաշտոն առաջարկել կառավարությունում, գրում է lenta.ru-ն։

Քլինթոնը նշել է, որ ռեփերը, որը հայտարարել է 2020 թվականին նախագահական աթոռը զբաղեցնելու ցանկության մասին, հնարավոր է «ստիպված կլինի սպասել», քանի որ նա ինքը պատրաստվում է մնալ երկրորդ ժամկետում։

Նախկին առաջին տիկինը միևնույն ժամանակ պատրաստ է իր հաղթանակի դեպքում Ուեսթին ինչ-որ պետական պաշտոն առաջարկել, որպեսզի նա կարողանա «լրացուցիչ փորձ» ձեռք բերել։

«Դա կարող է լինել պատվիրակի կամ մեկ այլ պաշտոն՝ կախված նրա ընտրությունից»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պատրաստ է դիտարկել ցանկացած թեկնածություն փոխնախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Նրա կինը՝ Քիմ Քարդաշյանն ասել է, որ իր համար անակնկալ է եղել այդ որոշումը, բայց Ուեսթը պնդում է իր մտադրությունների լրջության հարցում։