Բոյկո՞տ, մասնակցությո՞ւն, թե՞ այլընտրանք

Բոյկո՞տ, մասնակցությո՞ւն, թե՞ այլընտրանք

Սահմանադրական «այո»-ի քարոզարշավի մեկնարկը երեկ փաստացի տրվեց: Հետ թողնելով ՀՀԿ-ին եւ բարեփոխումների հարցով նրա անդավաճան գործընկեր ՀՅԴ-ին, ՀՀԿ-ի դուստր ձեռնարկության` ԲՀԿ-ի ներկայացուցիչները գրոհեցին մի շարք մարզեր: Արդեն իսկ ակնհայտ է, որ «այո»-ի քարոզարշավը լինելու է կատաղի, մինչդեռ «Ոչ»-ի ճակատում դեռ մարտավարական հարցերի հստակեցում չկա, թե ինչպես են պատրաստվում կանխել սաhմանադրական հանրաքվեն կեղծելու գործընթացը: Եվ ի՞նչ են նախընտրում՝ «ո՞չ»-ը, թե՞ բոյկոտ:



2005թ․ նոյեմբերի 27-ի հան­րաքվեից առաջ քաղաքական ոչ իշխանական ուժերը բաժանվեցին 2 մասի։ Մի մասը պնդում էր, որ պետք է ակտիվ քարոզչություն իրականացնել, «դեմ» քվեարկել` գործընթացը տապալելով։ Դրանով հասնել իշխանափոխության։ Մյուս մասը, որ պետք է բոյկոտել՝ չմասնակցել սահմանադրական ֆարսին` իշխանությանը հնարավորություն չտալով թվանկարչություն անել։ Հաղթեց «բոյկոտի» որոշումը: Իսկ ՀՀ քաղաքացիների շարքերում խայտառակ վիճակ էր. քար անտարբերություն, մարդիկ չգիտեին էլ, թե խոսքն ինչի մասին է: Սոսկալի ցածր մասնակցության արդյունքում իշխանությունը դիմեց խայտառակ թվանկարչության՝ վարկաբեկվելով միջազգային հանրության առաջ: Սակայն նոր Սահմանադրությունն ընդունվեց։ Ուղիղ 10 տարի անց ՀՀ ընդդիմությունը նույն ընտրության առջեւ է՝ ինչպես խափանել հանրաքվեն: Փաստ է, որ իշխանության նախաձեռնած փոփոխությունների դեմ ձեւավորված ճակատներում տարբեր մոտեցումներ կան այս հարցում: «Ոչ»-ի ճակատում, որի նախաձեռնողը «Չենք անցկացնի» խումբն է, կողմ են մասնակցել հանրաքվեին եւ պահել իրենց «ոչ»-ը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում էլ խնդիր են դրել մինչեւ հանրաքվե տապալել իշխանությունը, դրանով իսկ կտապալվեն նաեւ փոփոխությունները:



«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը կարծում է, որ թե բոյկոտի տարբերակն է անընդունելի, թե քվեարկությանը մասնակցելու։ ««Ոչ» ասել ու հետո գնալ այդպես քվեարկել, կնշանակի դասական ընտրապայքար, քարոզչություն, որը վարչախմբի սցենարի մեջ է ներգրավված: Բոյկոտն էլ է անիմաստ, քանի որ մենք ունենք 2005-ի նախադեպը,- ասում է Մակեյանն ու բացատրում։- Չէ՞ որ Քոչարյանի նախաձեռնած փոփոխությունների հանրաքվեի ժամանակ էլ գրանցվեց 8-10 տոկոս մասնակցություն, բայց նկարեցին 60-65:



Այսինքն՝ եթե նախադեպը կա, ու դու նորից գնում ես նույն ճանապարհով, կնշանակի, որ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ»: «Նոր Հայաստանն» այլընտրանք է առաջարկում՝ համախմբվել մինչեւ հանրաքվեն եւ տապալել ռեժիմը: Մեր հարցին՝ վստա՞հ եք, որ հաջողելու եք իշխանափոխության հարցում, Մակեյանը պատասխանեց. «Ամեն դեպքում՝ մասնակցել-չմասնակցելու կոչ չի լինի, խնդիրը պետք է լինի մինչեւ հանրաքվեն իշխանության տապալումը, այնուհետ՝ արտահերթ նախագահական, հետո՝ ԱԺ ընտրությունների անցկացում: Հիմա դա կլինի, թե չի լինի, ես չեմ կարող ասել, դա ավելի հեշտ կլինի, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք չեն համագործակցել վարչախմբի հետ, միանան այս նախաձեռնությանը»: Մեր դիտարկմանը, որ, օրինակ, ընդդիմադիրներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ փոփոխությունների հարցով «կեղծ» օրակարգ է ձեւավորվում, եւ թե «ոչ»-ի, թե «այո»-ի կողմնակիցները՝ Տիզբոնի ճանապարհով անցածները, նպաստում են գործընթացի կայացմանը, հետեւաբար, իրենք ոչ մի ճակատում չկան, Մակեյանն արձագանքեց. «Ես հարգում եմ Նիկոլենց տեսակետը, բայց մի խնդիր կա, որը ես չեմ ընդունում, դա հետեւյալն է. ինստիտուցիոնալ ընդդիմությունը դա անհրաժեշտ պարագա է, բայց նորմալ ընտրական համակարգի պարագայում եւ ոչ թե Հայաստանում առկա ընտրակարգի»:



«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը համոզված է, որ ժողովուրդը բոյկոտելու է, նրան չի հետաքրքրում նոր Սահմանադրությունը. «Ում հետ խոսում ես, բոլորը գիտեն, որ Սահմանադրություն են ուզում փոխել, բայց դրան կարեւորություն չեն տալիս, որովհետեւ կյանքի որակն էլ է վատացել, դարդերն էլ են ավելացել 2005-ից հետո, ու բոլորն են հասկանում, որ Սահմանադրությունը որեւէ բան չի փոխելու իրենց ու Հայաստանի կյանքում»: Կարապետյանի գնահատականով՝ «այո» ասողների թիվը եւ 25 տոկոսի շեմի հաղթահարումը բավական բարդ է լինելու. «Պիտի նկարվի»՝ համենայնդեպս, ներկա իրավիճակի գնահատմամբ։ Թեեւ չի բացառում, որ քարոզարշավի ընթացքը եւ իշխանությունների գործողությունները փոխեն իրավիճակը։



«Եթե պիտի նկարվի, դուրս է գալիս՝ մեր մասնակցությամբ պետք է ՀՀԿ-ին օգնենք, որովհետեւ մարդիկ պետք է գնան քվեարկության, որ իրենք էլ կարողանան հնարավորինս նկարել…»: Կարապետյանի խոսքով՝ երեւում է, որ իշխանությունը ներվային վիճակում է, այլապես դեկտեմբերի 6-ին չէր նշանակի հանրաքվեն. «Հաջորդ օրը երկրաշարժի օրն է, իսկ իշխանության հաշվարկը, որ մեկ օր շահեն, խժդժություններ չլինեն․․․սա ցույց է տալիս, որ իշխանությունն էլ է հասկանում, որ իր Սահմանադրությունը ժողովուրդը չի ընդունում»։



Այլապես, մեր զրուցակցի խոսքով, հանրաքվեն կնշանակեին դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, եւ համազգային տոնի կվերածեին: Մի դեպքում կարող է արդարացվել՝ գնալ եւ մասնակցել քվեարկությանը. «Եթե այդ «ոչ»-ը հետո դարձնենք իշխանափոխության հիմք, վերածենք համազգային շարժման»: Կարապետյանը խիստ կասկածում է, որ գործընթացներն այդպես կզարգանան, եթե նույնիսկ լինի այդպես, ապա, ըստ նրա, աշխարհաքաղաքական իրավիճակն իշխանափոխության հիմքեր չի նախատեսում։ Կարապետյանի կուսակցությունը դեռ չի միացել որեւէ ճակատի, դեմ է փոփոխություններին, բայց դեռ հստակեցումների է սպասում: