Նախագահ Սերժ Սարգսյանը «զզվել» է քծնանքից

Նախագահ Սերժ Սարգսյանը «զզվել» է քծնանքից

Գորիսի մամուլի ակումբը երեկ իր լուրով «խառնեց» համացանցի լրատվական տիրույթը։ պարզվում է, գորիսեցիները երեկ սպասում էին, որ պաշտոնական այցով Սյունիք ժամանած ՀՀ նախագահը պետք է մասնակցի քաղաքի Տաթեւացու անվան հրապարակի բացմանը, կարմիր ժապավեն կտրի։ Լուսանկարներում պատկերված էր, թե ինչպես քաղաքի բնակիչները փոքրից մեծ փուչիկներով ու դրոշակներով գորգերը փռած, մկրատները պատրաստած հավաքվել նախագահին տեսնելու։ Բայց Սերժ Սարգսյանը ընդամենը մի քանի րոպեով կանգ առավ վերակառուցված հրապարակում, զրուցեց մի քանի քաղաքացիների հետ, «որից հետո նստեց ավտոմեքենան և հեռացավ՝ թողնելով հավաքված տասնյակ մարդկանց անորոշ ու զարմացած հայացքներ»: Տարօրինակ այս միջադեպի շուրջ սյունեցիք արդեն վարկածներ էին կառուցել։ Գորիսեցիները մեզ պատմեցին, որ նախագահի դժգոհության և ժապավեն կտրելուց հրաժարվելու պատճառը գավառական քծնանքի պատկերներն էին, որոնց նա ականատես եղավ․ «Ակսել Բակունցի անվան դպրոցից սկսած, որը շատ է վերև, մինչև Տաթևացու հրապարակը գորգեր էին փռել։ Ով ոնց կարում, կեղծ ժպտում, քծնում էր նախագահին։ Հետո էլ մի պառավ կին շողոքորթելով մոտեցավ նրան և խոսեց իր անձնական հարցից։ Սերժ Սարգսյանն էլ ձեռքը թափ տվեց, նստեց ավտոն ու գնաց։ Այնքան զզվելի էր այդ քծնանքի մթնոլորտը, որ նախագահն էլ զզվեց, իսկ հավաքվածներս նույնիսկ ուրախացանք, որ նա թողեց, գնաց»։ Կապանում էլ, որտեղ նախագահը մասնակցել էր երգող շատրվանների բացմանը, կատարվածի «քաղաքական» վարկածն էին առաջ քաշում․ թե, իբր, Գորիսում նախագահին մոտեցող քաղաքացիները նրան փոխված սահմանադրության վերաբերյալ են դժգոհել, նա էլ բարկացել, գնացել է։ «Նա մեզ մոտ մի 5 րոպե է մնացել։ Նույնն էլ մեզ մոտ է եղել, - պատմեց մեզ ներկաներից մեկը, - Ժապավենը կտրեց, բայց անտրամադիր ձևով, անտարբեր ժողովրդի նկատմամբ»։ Քաղաքապետ Ադունցը անհասկանալի բացատրություն էր տվել, թե, իբր, կարմիր ժապավենը ոչ թե կտրելու համար, այլ հրապարակի տարածքն առանձնացնելու համար էին քաշել, ինչը, նկատի ունենալով տեղում մկրատների առկայությունը, անհավանական է։ Ճշմարտությունը «պաշտոնապես» պարզելու համար հարցում կատարեցինք ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադմիր Հակոբյանին, որը պատասխանեց հետևյալը․ «ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Գորիս քաղաքի Տաթեւացու անվան հրապարակի բացման արարողությանը նախագահի մասնակցությունը եւ ժապավենը կտրելը նախատեսված չի եղել։ Սակայն, ամեն դեպքում, ՀՀ Նախագահը ժամանակ է գտել ծրագրից դուրս հանդիպելու տեղի բնակիչների հետ, շնորհավորելու եւ զրուցելու նրանց հետաքրքրող խնդիրների շուրջ»։  



Սյուզան Սիմոնյան