Մեժլումյանը ներկայացրեց «զրպարտության իրեղեն ապացույցներ»

Մեժլումյանը ներկայացրեց «զրպարտության իրեղեն ապացույցներ»

Սեյրան Օհանյանի կնոջ և մեր դատական վեճում այսօր նախապատրաստական փուլն ավարտվեց։ Կողմերը մեկական ապացույց էին բերել դատարան, որոնցով ապացուցելու են իրենց ճշմարտացիությունը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը համարում է, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը իրեն զրպարտող տեղեկություններ է պարունակում, իսկ մենք համարում ենք, որ դա այդպես չէ, և որ 2002 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ տեղեկությունները հաղորդել ենք հզում կատարելով այլ ԶԼՄ-ների, գործել են բարեխիղճ և նպատակ չեն ունեցել զրպարտելու տիկնոջը։ Տվյալ դեպքում խոսքը hzham.am կայքի մասին է, որին Ռուզաննա Խաչատրյանը նույնպես դատի է տվել։ Այսօր նախարարի կնոջ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը որպես զրպարտության ապացույց, դատավորին և պատասխանողին ծրարով ներկայացրեց Սյուզան Սիմոնյանի տված մի հարցազրույցի տեսաերիզ, որն, ըստ Մեժլումյանի, ապացուցում է, որ «հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ է»։ Ի դեպ, փաստաբանը բոլորին զարմացրեց, ներառյալ նախագահող դատավոր Ռուբեն Վարդազարյանին, ծրարի վրայի գրառումով․ «Զրպարտության իրեղեն ապացույց»։ Բանն այն, որ զրպարտություն  հասկացությունը քաղաքացիական իրավունքի տիրույթից է, իսկ իրեղեն ապացույցներն ավելի շատ քրեական ոլորտից են, թեև քաղդատ․ օրենսգրքում հիշատակվում են։ Դրանք առարկաներ են, «որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ» /քրդատ․ Օր․, հոդված 56/: Տվյալ դեպքում ավելի ճիշտ է խոսել գործի նյութերի մասին։ Պատասխանողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատավորին և մյուս կողմին ներկայացրեց Ռուզաննա Խաչատրյանի ՖԲ էջի գրառման լուսանկարը։ Այս «գրառում-հոդվածիկը», որը հրապարակվել է մեր հոդվածներից առաջ, կոչվում է «Կապույտի վրա ճանճեր չեն նստում», /տիկինը, հավանաբար, կարծում է, թե ինքը ջինջ կապույտ երկինք է, իսկ լրագրողները՝ ճանճեր/։ Ըստ Եգորյանի, այն էական հանգամանքների մասին է վկայում։ Մեկն այն է, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածն, իրոք, անդրադառնում է հանրությանը հուզող հարցի, որի շուրջ կան խոսակցություններ։ Այս մասին գրում է ինքը՝ Ռուզաննա Խաչատրյանը․ «Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար գաջի գործարանի տարածքում»։ Այս նյութից վեճի առարկա հոդվածում կա մեջբերում, ի հիմնավորում նախարարի կնոջ դիրքորոշման։ «Սա նշանակում է, որ Սյուզան Սիմոնյանի հոդվածը համապատասխանում է բարեխիղճ լրագրության չափանիշներին», - ասաց Տիգրան Եգորյանը։ Հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու է հոկտեմբերի 29-ին 15.30, դատարանը կանցնի բուն դատաքննության։ Սպասվում է, որ այս նիստին ներկա է լինելու նաև «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը։ 



Սյուզան Սիմոնյան