«Ոչ»-ի նոր ճակատ կամ՝ մենք բոլորս ֆիզիկ ենք

«Ոչ»-ի նոր ճակատ կամ՝ մենք բոլորս ֆիզիկ ենք

Տպավորություն է ստեղծվում, որ եվրակառույցները որոշել են ռեւանշի հասնել Հայաստանի նկատմամբ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ստացած երեք մատների կոմբինացիայի համար: Այս ընթացքում նրանք վարպետորեն ցույց տվեցին, թե հավատում են ԵՏՄ կազմում Հայաստանի եվրաասոցացմանը, հավանաբար, նաեւ փողեր խոստացան բարեփոխումների համար, եւ հիմա, երբ ՀՀ իշխանությունները հասել են բարեփոխումների դուռը, պոչ են խաղացնում, փողը չեն տալիս կամ նման մի բան: Եվ ահա՝ գնդակը հայտնվել է Հայաստանի դաշտում եւ գլորվում է դեպի անպաշտպան դարպասը: Շախմատային լեզվով եթե արտահայտվելու լինենք, ապա՝ մեզ «շախ» են հայտարարել, ու «թագավորին» պետք է փրկենք, եթե կարող ենք:



Ո՞րն է ՀՀԿ-ի շահը սահմանադրական բարեփոխումներից, երբ ԵՄ-ն կամ, այսպես ասենք՝ Արեւմուտքը, սառել է Հայաստանի ներքաղաքական խնդիրների հանդեպ, եւ նրա համար միեւնույն է, թե ինչ Սահմանադրություն կունենա ԵՏՄ առաջամարտիկ Հայաստանը՝ Ռոբերտ Քոչարյանի խմբագրա՞ծ, թե՞ Վենետիկի հանձնաժողովի: Եվ հիմա նույնիսկ Սերժ Սարգսյանի մոտ կարող է խիստ բնական հարց առաջանալ՝ ինչո՞ւ փոխեմ, եթե ինքս դեմ եմ, եւ դրանից որեւէ օգուտ չկա:



Բարեփոխումներից, անշուշտ, օգուտ կա, բայց դա այն օգուտը չէ, որ ակնկալում էին կամ կուզենային քաղել ՀՀԿ-ականները: Եվ, ահա, արգելակել են՝ արժե՞ վիզ դնել մի բանի համար, որ հստակ վերարտադրություն չի խոստանում:



ԵՄ-Հայաստան վերջին ջերմացումների ֆոնին Պուտինը հատկապես Տիգրան Սարգսյանին նշանակեց ԵՏՄ վարչապետ, որպեսզի բոլորը հասկանան, որ եթե Հայաստանում մի ռեֆորմ էլ լինելու է, ապա դա լինելու է ԵՏՄ-ական կամ մոսկովյան ռեֆորմ: Պատահական չէ, որ հատկապես Տիգրան Սարգսյանի նշանակումից հետո փախավ ՀՀԿ-ականների՝ «Այո»-ի շտաբ բացելու հավեսը: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ արձակուրդ չի գնում այդ շտաբն ինչպես պետք է ղեկավարելու համար, էլ ուր մնաց՝ հրաժարական տար: Հրաժարական տար, որ ի՞նչ աներ, պարտվեր հանրաքվեում եւ մնար բորտի՞ն: Չէ, Հովիկ Աբրահամյանն այդքան միամիտ չէ:



Ընթացիկ տարվա առաջին ամիսներին Հայաստանում չգրված օրենք հրապարակվեց, որ քաղաքականությունից բան չհասկացող մարդիկ պետք է հեռանան քաղաքականությունից: Եվ, պատկերացրեք, մեկ հոգի նույնիսկ հեռացավ, որպեսզի իր քայլով օրինակ դառնա մյուսների համար: Ավաղ, նրա քայլը վարակիչ չդարձավ, եւ ՀՀԿ-ն, որ բոլոր ժամանակներում ամենամեծ կարծիքի է իր քաղաքական պրոֆեսիոնալիզմի մասին, այսօր ամբողջ կազմով է հայտնվել վերը հիշատակված օրենքի ազդեցության գոտում: Այդ հսկա կուսակցությունը երկու տարվա մեջ այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե իր ինչին են պետք սահմանադրական բարեփոխումները, որ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը՝ վերջին բոլշեւիկն իրենց բնորոշմամբ:



Մի խոսքով՝ հույս չկա, որ մինչեւ դեկտեմբերի 6-ը ՀՀԿ-ն «այո»-ի օգտին որեւէ քարոզչություն կանի: Շտաբի մասին էլ չենք խոսում, որի աշխատանքներով Արգամիչն զբաղվելու է այնքանով, որքանով՝ կնունքից ծնունդ, ծնունդից հարսանիք միջակայքերում, այն էլ, եթե դրսից հյուրեր չունենա:



Ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի համար լավագույն ելքն ուրիշի ձեռքով հանրաքվեն տապալելն է, բայց, ինչպես տեսնում ենք, այդ հարցում դրսից նրան օգնել ոչ ոք չի պատրաստվում, իսկ ներսի «ոչ» ասողների ճնշման տակ նահանջելը սիրուն չի լինի: Եվ դարձյալ փայլում է Սերժ Սարգսյանի նախաձեռնողական տաղանդը՝ ստեղծել «ոչ»-ի նոր ճակատ, որի առաջ կարելի է նահանջել պատվով: Հանրապետականներն այդ գործում պիտանի չեն, բայց, ահա, հանրապետականներից «դժգոհ եւ վառված» գիտնականներն ու ուսանողները, թերեւս, կկարողանան յոլա տանել գործը: Ումի՞ց սկսել: Իհարկե, ամենաէքսցենտրիկներից՝ ֆիզիկոսներից, հետո կներքաշեն քիմիկոսներին, աշխարհագրագետները կապացուցեն Հայաստանի լեռնոտ ռելիեֆի պայմաններում խորհրդարանական կառավարման մոդելի աննպատակահարմարությունը, երկրաբանները երկրաշարժեր կգուշակեն, կենսաբանները կսարսափեցնեն մուտացիաների սպառնալիքով, պատմաբանները Տիգրան Մեծի գահակալության երանելի տարիները կհիշեն, իսկ բանասերներն այս ամենը խմբագրված կներկայացնեն հանրությանն ու հուզաթաթախ ելույթներ կունենան հրապարակներում: Անգործ չեն մնա նաեւ մյուս բուհերը՝ բժշկականը, ֆիզկուլտը, նարխոզը, մանկավարժականը, մանավանդ՝ ագրարայինը, որի ռեկտորի հետ Վովա Գասպարյանի սաներն այնքան մոտիկ են, որ նրան փաղաքշաբար ասում են «հոպար»: Ոչ ոք չի կասկածում, չէ՞, որ եթե Սերժ Սարգսյանը սրտանց ուզենար Սահմանադրություն փոխել, հիմա արդեն Գորիկ Գուրգենիչի աղավնյակները լցված կլինեին համալսարան եւ Արամ Սիմոնյանին մի շարք հարցեր կտային՝ հոպար, բա դու այստեղ ինչացո՞ւ ես, որ քո ֆակուլտետը «ոչ» է ասում նախագահին: Չեն բացառվում մարզային քննարկումները կթվորուհիների, խաշնարածների, գյուղական ինտելիգենցիայի եւ այլ խավերի ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ գանգատներ կհնչեն այն մասին, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում ամեն ինչ, ախ, այնքան վատ է:



Գործը պետք է գլուխ բերել ոչ ուշ, քան մինչեւ նոյեմբերի կեսերը: Սերժ Սարգսյանը պետք է ժամանակ ունենա «տեսնելու», որ կոնսոլիդացիա չկա, հետեւաբար՝ նաեւ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն:



Իսկ ի՞նչ են անելու բարեփոխումներին «ոչ» ասող ուժերի ձեւավորած շտաբներն այս օրերին: Տեսնելով Սերժ Սարգսյանի պլան «Բ»-ն, նրանք, հավանաբար, կհասկանան, որ խաղացվում են կեղծ օրակարգով, եւ կլուծարվեն, որովհետեւ նրանց կողմից մի քիչ սիրուն չի լինի Սերժ Սարգսյանի հետ միասին պայքարել բարեփոխումների դեմ: Նույն ճակատագիրն է սպառնում նաեւ Սեֆիլյանի գլխավորած փրկչաց շտաբին, քանզի միանգամայն ավելորդ է դառնում Ժիրոյի «Հանրաքվեն՝ առանց ռեժիմի» մարտակոչը: Չկա Ցեղասպանության 100-ամյակ, չկա հանրաքվե՝ հետեւաբար, չկա եւ առիթ ռեժիմը հեռացնելու:



Տեսնո՞ւմ եք, թե մեզ ինչպիսի երջանիկ ֆինալ է սպասվում: Իսկ դուք ասում էիք՝ գյուղապետերին բանակ կքշեն, եթե «այո» չապահովեն: