Երբ կռվում են պատգամավորն ու ՄԻՊ-ը

Երբ կռվում են պատգամավորն ու ՄԻՊ-ը

Երբ երկու մարդ փողոցում կռիվ են անում, ինչքան էլ անծանոթ լինեն, մեկ է, մոտենում ես, փորձում ես խաղաղեցնել, հասկացնել, որ հարցերն այդպես չեն լուծում և այլն: Իսկ երբ այդ երկու մարդիկ նաև քո վճարած հարկերի հաշվին լավ գործի են, պաշտոնյա են, փողկապ են կապում, Գալուստ Սահակյանի ասած, նաև կոստյում են հագնում, դարձյալ քո հաշվին, անտարբեր մնալ ուղղակի չես կարող: Ուզում ես ասել՝ մենք ձեզ ինչի՞ համար ենք վարձել՝ որ մեզ ծառայե՞ք, թե՞ իրար հետ հաշիվ մաքրեք:



Այսօր իրար տվել են ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ երկու չափահաս մարդ, որոնց կարիք չկա բացատրելու, թե ինչպես է գոյանում իրենց աշխատավարձը, հետևաբար նաև, թե որն է իրենց բուն առաքելությունը: Իսկ երբ կռվում են, մեջտեղում, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Սամվել Ֆարմանյանին դուր չի եկել ՄԻՊ զեկույցը: Նա ոչ միայն իր ելույթում է պախարակել ՄԻՊ ինստիտուտը, այլև դրսում, լրագրողների մոտ է պարծեցել, թե ինքը ինչքան բան գիտի այդ ինստիտուտի մասին և նորմալ երկրներում ինչեր կարող է անել ՄԻՊ-ը: Մասնավորապես ասել է, որ կարող է սարեր շարժել: Բա չասե՞ս, այ Սամվել ֆարմանյան, մեկն էլ դու ես պատճառը, որ մենք նորմալ երկիր չունենք, ու եկել ես լրագրողների առաջ մեծ-մեծ խոսում ես, Կարեն Անդրեասյանի տրամադրությունը փչացնում ես, որ ի՞նչ անես: Գոնե պատկերացնո՞ւմ ես, քո և ՄԻ պաշտպանի դիրքային տարբերությունը: Լավ է քո բերանով ես ասում՝ դա անձնավորված ինստիտուտ է: Բա մի հատ քո ներկայացրած ինստիտուտը նայիր: Շեֆդ Վահրամ Բաղդասարյանը չի՞, յա թե չէ  Էդուարդ Շարմազանովը: Ումո՞վ ես այդպես վեր-վեր թռչում: Պահ, պահ, պահ, Սամվել ֆարմանյանը, ասացեք խնդրեմ, լայեղ չի անի ՄԻՊ դառնալ: Բայց դու ո՞վ ես, որ որոշես՝ կդառնա՞ս, թե՞ չես դառնա: Սերժ Սարգսյանը որ որոշի՝ լողի չեմպիոն էլ կդառնաս, ախր: Ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը՝ դու ո~ւր, ՄԻՊ-ի պաշտոնն ո~ւր: Գոնե Աշոտյանից հետաքրքրվեիր, թե նա, որ դարձյալ Սերժ Սարգսյանի ասելով է նախարար աշխատում, ինչեր քաշեց ՄԻՊ-ի ձեռից: Անդրեասյանը հոդված հոդվածի հետևից շխկացրեց ու այնպես մեթոդաբար, որ Աշոտյանն իր 50 հազարանոց մանկավարժական բանակով ձայնը կտրեց: Իսկ դու, պարոն Ֆարմանյան, ասում ես լայեղ չեմ անի ՄԻՊ աշխատել: Գոնե ասա՝ չեմ համարձակվի, մարդիկ ինձ չեն հասկանա ու նման բաներ: ՄԻՊ-ի պաշտոնի համար առնվազն պետք է մի քիչ ընկալված լինել հանրության կողմից: Ձեր պարագայում դա անօգուտ է:



Իսկ ինչ վերաբերում է ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ապա թերևս արժե նրան հիշեցնել, որ ինքը մարդու իրավունքների պաշտպանն է և այնպես չէ, որ Սամվել Ֆարմանյանի նման անմիջական շեֆ ունի գլխին: Հետևաբար, նա պետք է իրացնի իր բոլոր իրավունքները և այնպիսի զեկույցներ չգրի, որոնցից թեկուզ մի փոքր զգացվի, որ ինքը ավելի շատ Սամվե Ֆարմանյանի պաշտպանն է, քան մեր հարևան շարքային քաղաքացի Շմավոնի: Այդ դեպքում միայն Սամվել Ֆարմանյանն իրեն կոռեկտ կպահի և չի ծաղրի ՄԻՊ ինստիտուտը, որը, եթե նույնիսկ այնքան կայացած չէ, որքան նորմալ երկրներում, ապա, այնուամենայնիվ կոչվում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ: Եթե ուժդ չի պատում, այդպես էլ ասա, պարոն Անդրեասյան, այլապես երկար զեկույցներ ես կարդում, պարոն Ֆարմանյանին ձանձրացնում ես, որ ի՞նչ անես: Կարող ես հստակ ասել, որ ՀՀ իշխանությունները քո յոթն ու քառսունքը մի տեղ կանեն, եթե փորձես գլխիցդ բարձր թռչել: Ասա, որ Հայաստանը դեռ այնքան հասուն չէ, որ ՄԻՊ ինստիտուտ ունենա, ասա, որ մի երկրում որտեղ մարդ են սպանում, խալխի երեխի աչք են հանում ու ավելի ամուր նստում պաշտոնին, այնտեղ ՄԻՊ-ը ժամանակավրեպ երևույթ է: Ասա, որ քո պաշտոնը Հայաստանում նույնն է, ինչ խոզի միսը Թուրքիայում, որից խորշում են:



Ավարտենք; Ես, ճիշտն ասած, չհասկացա՝ ինձ հաջողվե՞ց իրարից բաժանել Սամվել Ֆարմանյանին և Կարեն Անդրեասյանին: Բայց դա չէր մեր բուն նպատակը: Նրանց կռիվը միայն առիթ էր, որ միջամտեինք: Իսկ այսքան երկար խոսելու նպատակը մեկն էր, որ նրանք վերջապես հասկանան այն զգացումները, որ իրենց նկատմամբ ունի ժողովուրդը: Ասելս այն էր, որ նրանցից ոչ մեկն էլ աչքի լույս չէ, և այս ուղղությամբ մի քիչ մտածելը երկուսին էլ չէր խանգարի:



Էդիկ Անդրեասյան