Լրագրային շանսոն. «Այո-ոչ»-ի իրապատում հարավային ուղղությունից

Լրագրային շանսոն. «Այո-ոչ»-ի իրապատում հարավային ուղղությունից

Այսօր Գորիսում ծովացած ժողովրդի առաջ քաղաքական գործիչներն իսկական իրապատում են ներկայացրել, որտեղ ոչ «այո»ն է հաղթել ոչ «ոչ»-ը թեև քարոզիչները չեն խնայել իրենց և միմյանց:



«Այո»-ն ասում է.



- Սիրելի Ժողովուրդ, նոր սահմանադրությունը շատ լավն է, մեջը լիքը լավ բան կա գրված: Ճիշտ է ես չեմ կարդացել, բայց հորեղբորս տղեն տեսել է, թե ինչպես են որոշ մարդիկ կարդացել և ասել, որ լավն է: Պետք է «այո» ասել:



- Սուտ ես ասում,- միջամտել է «Ոչ»-ը, չհավատաք սրան, սիրելի ժողովուրդ: Ես էլ չեմ կարդացել, բայց իմ մորքուրի տղեն է տեսել, թե ինչպես են որոշ մարդիկ կարդացել, և ասել՝ բանի պետք չէ:



- Դու ես սուտ ասում,- նորից խոսում է «Այոն»,- ժողովուրդ ջան, սա շատ անպետք մարդ է, չհավատաք սրան: Դուք ինձ լսեք: Այ, էն ժայռի արծիվը պարզ տեսնում եք, չէ՞:



Ժողովուրդը նայում է ժայռի կողմը.



- Այո, տեսնում ենք...



- Այ ապրեք, այդպես էլ կգնաք ու «այո» կասեք նոր սահմանադրությանը:



- Դու էլի սուտ ես ասում,- վրա է տալիս «Ոչ»-ը,- ժողովուրդ ջան, չհավատաք, դա արծիվ չէ, էծ է:



Ժողովուրդը նոից է նայում ժայռի կողմը...



- Էծ է՞, որ...



- Է~էէէ, արծիվ է, ասում եմ, արծիվ է,- ասում է «Այոն»:



- Էծ է,- պնդում է «Ոչ»-ը:



- Արծիվ է:



- Էծ է:



- Արծիվ է:



- Էծ է...



- Դե բավական է,- լսվում է ժողովրդի միջից:
Բոլորը նայում են ձայնի կողմը: Առաջ է գալիս մի հրացանով մարդ:



- Ի~, հոպար էս ի՞նչ ես անում,- վախեցած գոռում է «Ոչ»-ը:



- Ուզում է մեզ խփել, թռանք,- ասում է «Այոն»



- Այո, - ասում է «Ոչ»-ը,- կխփի:



Փախչում են:



Գորիսցիները շրջապատում են հրացանով մարդուն.



- Բա սա անելու բան է՞ր, ամոթ չի՞, ի՞նչ կմտածեն հյուրասեր գորիսցու մասին, այ Դիլան:



- Հեռու գնացեք, - որոտում է Դիլանը և նշան բռնում ժայռի կատարին:



- Հա~աաա,- գլխի են ընկնում գորիսցիները...



Այս ամենին ավտոբուսի պատուհանից հետևող «Այո»-ն ու «Ոչը» դարձյալ սկսում են վիճել:



- Արծիվ է:



- Էծ է:



- Տես, հիմա կթռչի:



- Թռչի էլ՝ էծ է..



Վեճը ընկնում է Դիլան դայու ակաջը: Սա հրացանով շրջվում է ավտոբուսի կողմը:



- Ուստա, քշի,- ճչում է «Այոն»:



- Գազ տուր, ուստա,- հետևից ձայն է տալիս «Ոչ»-ը...