Լրագրային շանսոն. Զառչկա, Կարմիր գլխարկ

Լրագրային շանսոն. Զառչկա, Կարմիր գլխարկ

Լինում է, չի լինում, մի սիրուն աղջիկ է լինում, անունը Զարուհի: Մտերիմները նրան կանչում էին Զառա, Զառչկա… Զառան մի կարմիր գլխարկ ուներ, որ նրան շատ էր սազում, այնքան շատ, որ Զառային նույնիսկ Կարմիր գլխարկ էին կանչում:



Մի անգամ Անահիտ տատիկը կարկանդակներ է պատրաստում և Կարմիր գլխարկին խնդրում՝ դրանք տանել անտառ՝ որտեղ ապրում էր Րաֆֆի պապիկը, ով հազվադեպ էր տուն գալիս:



Զառան վերցնում է կարկանդակներով զամբյուղը և ճանապարհ ընկնում: Անտառում մի դև կտրում է նրա ճանապարհը.



- Այդ ո՞ւր, Կարմիր գլխարկ:



- Պապիկիս մոտ, նա անտառի տնկում է ապրում, կարկանդակներ եմ տանում նրան: Տատիկս է պատրաստել:



- Իսկ որտե՞ղ է այդ տնակը:



- Անտառի խորքում,- պատասխանում է Զառչկան՝ չկռահելով, թե ինչ կա դևի մտքին:



Մնացածը՝ ինչպես հքիաթում, բայց մինչև այն տեղը, երբ որսորդները լսում են դևի խռմփոցը և որոշում են նրան սպանել:



Որսորդները երեք եղբայր են լինում, երեքն էլ Սարգսյան: Նրանք ներս են մտնում, դևի փորը ճղում, իսկ այնտեղից դուրս են գալիս Զառչկան ու Րաֆֆի պապիկը՝ ողջ, առողջ: Այստեղ մե քեֆ մե ուրախություն է լինում, և Րաֆֆի պապիկը հարցնում է, թե ինչպե՞ս կարող է դուրս գալ Սարգսյանների լավության տակից:



Սերժ անունով որսորդը նրան ասում է.



- Շուտով նախագահական ընտրություններ են լինելու, ոչ ոք չի ուզում թեկնածություն դնել իմ դեմ: Արի, քեզ դարձնեմ ընդդիմադիր միակ թեկնածու:



- Բա Հայրիկյա՞նը,- հարցնում է Րաֆֆին:



- Հայրիկյանը մեր ախպերն է, չի խանգարի, նրան կխփեն,- ասում է Սարգսյանների մյուս եղբայրը:



- Միանգամայն անծանոթ մարդիկ կխփեն, ռուսական արտաքինով,- մանրամասնում է երրորդ Սարգսյանը:



Րաֆֆի պապիկը համաձայնում է, ձեռք ձեռքի են տալիս, Զառային էլ խնդրում են մի հատ Ծաղկեփունջ պարել այդ առիթով:



Մնացածը՝ ինչպես 2013 թվականի նախագահական ընտրություններում, մինչև այն տեղը, որ Րաֆֆի պապիկը մոմ վառեց Վովա ձյաձյայի հետ:



Լավություն անելու հերթը Սարգսյան եղբայրներինն էր: Ի՞նչ անել: Բանն այն է, որ Րաֆֆի պապիկը նախագահական ընտրությունների ժամանակ այնպես էր մտել հաղթած թեկնածուի դերի մեջ, որ անհնար էր թվում նրան այդ դերից հանելը: Ինչ ասես, որ չարեցին Սարգսյան եղբայրները՝ Զառային լավ կրթություն տվեցին Ամերիկայում, չէին միջամտում Րաֆֆի պապիկի խորհրդարանական խմբակցության գործերին, ԱԺ-ում ներում էին Կարմիր գլխարկի բոլոր չարաճճիությունները, նույնիսկ Անահիտ տատիկին իր մի քանի ազգականների հետ տարան քաղաքապետարան: Բայց Րաֆֆի պապիկը ոչ մի կերպ չէր համակերպվում անտառի տնակում հանգիստ ապրելու հեռանկարի հետ:



Վերջը Րաֆֆի պապիկը այնքան բզբզեց, որ ԱԺ խմբակցությունն էլ ձեռքից գնաց: Եվ մի օր էլ Կարմիր գլխարկը բարձրացավ ԱԺ ամբիոն և պատմեց դևի անեկդոտը, որ իբր դևը Սարգսյան եղբայրներին է կուլ տվել, ոչ թե իր պապիկին ու իրեն:



Այստեղ Անահիտ տատիկը երեք կարկանդակ թխիեց՝ մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ՝ դևին:



- Բա դևը չէր մեռե՞լ:



- Դևերը չեն մեռնում: