Քերրիի կարճ հիշողությունը կամ՝ Ալլահ ագբար

Քերրիի կարճ հիշողությունը կամ՝ Ալլահ ագբար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համեմատել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հունվարին կատարված հարձակումները նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Եվ, ահա, թե ինչ է պարզել այդ համեմատությունից. «Եթե առաջին դեպքում ահաբեկիչների գործողություններում եղել է գոնե որեւէ հանցավոր տրամաբանություն եւ կենտրոնացում ինչ-որ բանի վրա, քանի որ արմատականները կարող էին վիրավորված լինել այս կամ այն բանից, ապա ներկայիս հարձակումները միանգամայն քաոսային են»։ Պետքարտուղարը նկատի ունի Charlie Hebdo-ի հրապարակած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչի պատճառով ահաբեկիչներն ավերեցին պարբերականի խմբագրությունն ու սպանեցին լրագրողներին:



Իսկ ինչի՞ց ելնելով է Քերրին ասում, որ նոյեմբերի 13-ի հարձակումները քաոսային էին: Այսինքն՝ հախուռն կազմակերպվա՞ծ, այսինքն՝ դրանք սպանություններ էին հանուն սպանությա՞ն: Կարծում ենք՝ ԱՄՆ պետքարտուղարը շոկի կամ թյուրիմացության մեջ է:



Նախ՝ Քերրիի հայտարարությունը հակասում է Ֆրանսիայի վարչապետի այն հայտարարությանը, որ սա Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կազմակերպված եւ մշակված հանցագործություն էր:



Եվ ապա՝ ահաբեկչական գործողությունների վայրերն ու օրվա ժամը հուշում են, որ ահաբեկչությունը քաոսային չի եղել, այլ մշակվել է ամենամանրակրկիտ ձեւով՝ թատրոն, ռեստորան, մարդաշատ փողոց, վերջապես՝ մարզադաշտ, որտեղ ազգային հավաքականներ են հանդիպում, եւ խաղին ներկա է Ֆրանսիայի նախագահը:



Հարցին մոտենանք այլ ահաբեկչությունների տեսանկյունից: Քերրիի տրամաբանությամբ՝ ռուսական A321 ինքնաթիռի կործանումը եւս պետք է դասել հախուռն, քաոսային ահաբեկչությունների շարքը: Երեւի թե նույնը պետք է անել նաեւ 2000թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության պարագայում: Այսինքն ստացվում է, որ ահաբեկիչները, քանի որ բնույթով ահաբեկիչ են, գնացին եւ ինքնաթիռներով հարվածեցին Նյու Յորքի առեւտրի կենտրոնի երկնաքերներին, որոշեցին, որ պետք է պայթեցնեն բացառապես ռուս ուղեւորներով լի ինքնաթիռը: Անհամոզիչ չէ՞: Մանավանդ Ռուսաստանի պարագան, որտեղ մարգարեի ծաղրանկարներ չէին տպել, իսկ երկիրն էլ գրեթե կիսով չափ մահմեդական բնակչություն ունի:



Մեզ թվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Քերրին պարզապես ցանկություն չունի հայացք նետելու ահաբեկչական գործողությունների պատճառների վրա: Իսկ նա հիմքեր ունի դրա համար: Մի երկիր, որ 2000 թվականից ստանձնել է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի առաջնորդի դերը, այսօր կանգնած է պատասխան տալու տհաճ պարտականության առաջ՝ ինչո՞ւ այս 15 տարիների ընթացքում իրեն չի հաջողվել վերջ տալ ահաբեկչությանը կամ, առնվազն, ճնշել այն: Չէ՞ որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի համար բոլոր պայմաններն ստեղծել էր՝ հարվածներ հասցնելու ահաբեկիչներին՝ Աֆղանստանից մինչեւ Իրաք, Իրաքից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա, Եգիպտոսից մինչեւ Լիբիա, Լիբիայից մինչեւ Եմեն եւ Սիրիա:



Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ անգլոամերիկյան հետախուզությունը ինքնաթիռում ռումբի պայթյունի վարկածը բոլորից շուտ հայտարարեց հիմնական վարկած, եւ, կարծես, դա հաստատվում է, եթե հաշվի չառնենք եգիպտացի մասնագետների դեռեւս ուշացող եզրակացությունը: Նույն անգլոամերիկյան լրատվամիջոցները, դարձյալ բոլորից շուտ, շտապեցին հայտարարել, որ այդ ահաբեկչությունը պատասխանն էր Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ռուսական ավիացիայի հասցրած հարվածների: Պետք էր այսքանից հետո ենթադրել, որ Քերրին նույնիսկ քաջատեղյակ է ինքնաթիռի կործանման շարժառիթներին, բայց մարդը Փարիզում հայտարարում է, որ սրանք հախուռն եւ քաոսային գործողություններ են:



Ինչ վերաբերում է Փարիզի վերջին ահաբեկչությանը, Քերրին վստահ է, որ այն չի կազմակերպվել որեւէ ահաբեկչի ծննդյան օրվա կամ հարսանիքի կապակցությամբ: Մի հայացք նետենք նոյեմբերի 13-ին նախորդած օրերին: Իսկ այդ օրերին Ֆրանսիան հայտարարել էր «ԻՊ»-ի դեմ իր պայքարն առավել ակտիվացնելու եւ Սիրիա ավիակիր ուղարկելու մասին: Այդ հայտարարությանը հաջորդել էին ֆրանսիական օդուժի առաջին հարվածները Սիրիայում՝ «ԻՊ» դիրքերին: Եվ, ուրեմն, ի՞նչ է ստացվում: Ֆրանսիայի մայրաքաղաքը պատահականության սկզբունքո՞վ ընտրվեց ահաբեկչության թիրախ:



Քերրին, առնվազն, պարտավոր է խոստովանել, որ ահաբեկչության դեմ պայքարը դուրս է եկել իր երկրի վերահսկողությունից եւ արդեն միտում ունի տարածվել ողջ աշխարհում՝ առանց մայրցամաքային եւ աշխարհամասային խտրականության: Իսկ սրա պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությունն է Մերձավոր Արեւելքում, որի ակունքներում է կանգնած նաեւ ինքը:



Այս օրերին համաշխարհային մամուլը հաճույքով է կտցում անգլոամերիկյան կուտը, թե այսինչ ահաբեկչի մայրն ասում է, որ որդին խելապակաս էր, թե այնինչ ահաբեկչի նախկին կինը հայտարարել է, որ իր նախկին ամուսինը թմրամոլ է եղել, թե մի երրորդի ընտանիքը շատ է զարմացել, որ իրենց կերակրողն ահաբեկիչ է եւ այլն: Կրկնում ենք՝ սա անգլոամերիկյան կուտ է, որ ասպարեզ է նետվում ահաբեկիչներին որպես անկազմակերպ մասսա եւ հախուռն գործողություններ իրականացնող ամբոխ ներկայացնելու համար: Իսկ նպատակը նույնն է՝ աշխարհից թաքցնել ամենազազրելի միջոցներով համաշխարհային տիրապետության հասնելու սեփական մղումները:



Վիեննայում, երբ Քերրին հայտարարեց, որ «ԻՊ»-ն եւ Ասադը դաշնակիցներ են, որ «ԻՊ» նավթահորերի նավթն Ասադն է վաճառում, ՌԴ արտգործնախարար Լավրովը ճակատային հարց տվեց Քերրիին՝ իսկ ինչո՞ւ չեք ոչնչացնում ԻՊ նավթահորերը, որպեսզի այդ նավթը չհասնի Ասադին, չէ՞ որ հակաահաբեկչական կոալիցիան ի զորու է դա անել: Այլ բան չավելացնենք՝ Քերրին դեռ մտածում է պատասխանի վրա:



Փարիզի ահաբեկչությունից մեկ օր առաջ, հինգշաբթի, անգլոամերիկյան հետախուզությանը հաջողվել էր ոչնչացնել Ջիհադի Ջոն անվամբ ինչ-որ ահաբեկչի, որը հայտնի էր գլուխ կտրելու իր արվեստով: Օբաման եւ Քեմերոնն այնպիսի հրավառություն էին սարքել այդ «մեծ հաջողությունից», որ Երեւանում նույնիսկ ուշաթափվողներ եղան:



Փարիզի ահաբեկչությունից ժամեր առաջ Օբաման ամերիկյան հեռուստատեսությամբ հայտարարեց, որ ԱՄՆ-ին հաջողվել է նեղը դնել ահաբեկչությանը: Բայց Փարիզում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ զոհվեց 129 մարդ, կա 352 վիրավոր, որից 99-ը՝ ծանր:



Փարիզի զոհերի «յոթը» դեռ չտված՝ նոյեմբերի 17-ին, Օբամայի կինն ինքնամոռաց պարել է կատարողական արվեստի դպրոցներից մեկի երեկույթի ժամանակ, իսկ նույն օրը Քերրին Փարիզում հայտարարել է, որ սա հախուռն, քաոսային, թմրամոլների ու խելքից պակասների կազմակերպած ահաբեկչություն էր: Այսքանից հետո ի՞նչ է մնում ահաբեկիչներին: Առանձնապես ոչինչ՝ գոռալ Ալլահ ագբար եւ շարունակել ողբերգությունների շքերթը: