Գնդակը Ռուսաստանի դաշտում է

Գնդակը Ռուսաստանի դաշտում է

Դատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և հնչեցրած գնահատականից, ըստ որի Թուրքիան որակվում է որպես ահաբեկիչներին հովանավորող և աջակցող երկիր, Ռուսաստանն ամենայն հավանականությամբ կփորձի արժանի պատասխան տալ իր կործանված Су-24 ինքնաթիռի համար:



Թուրքիայի վարչապետ Ահմաթ Դավութօղլուն շտապել է միջադեպը ներկայացնել որպես Թուրքիայի իրավունքը՝ պաշտպանել սեփական տարածքը: Բայց Ռուսական կողմն էլ հստակ ընդգծել է, որ գոյություն ուներ Սիրիայի օդային տարածքում թռիչքների մասին նախազգուշացման հատուկ համաձայնագիր ամերիկյան կոալիցիայի հետ, և Թուրքիան լավ տեղյակ էր այդ համաձայնագրին, որը խախտելով էլ հարվածել է ռուսկան ինքնաթիռին: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական ռմբակոծիչը թռել է բացառապես Սիրիայի տարածքվ և ոչ մի սպառնալիք չի ներկայացրել Թուրքիայի անվտանգությանը:



Թուրքիայի դիրքերն, անշուշտ, խոցելի են: Թուրքիայի ղեկավարներն իսկույն դիմել են ՆԱՏՕ-ին՝ այս միջադեպին անդրադառնալու խնդրանքով՝ այդկերպ ձգտելով ճնշում բանեցնել Մոսկվայի վրա: Մոսկվան, սակայն, չի շտապում խոսել հնարավոր հետևանքների մասին: Բայց որ հետևանքներ կլինեն ոչ Թուրքիան և ոչ էլ ՆԱՏՕ-ն երևի չեն էլ կասկածում: Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա, իսկ Պուտինը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչությունը հովանավորողների հարված թիկունքից: ՌԴ Պետդուման կոչ է անում դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:  Այս ամենը խոսում է մեկ բանի մասին՝ Ռուսաստանը և Թուրքիան հայտնվել են նախապատերազմական իրավիճակում կամ մոտ են դրան:



Նկատենք նաև՝ Թուրքիան գնաց նման քայլի այն բանից հետո, երբ ռուսական օդուժը սկսեց անխնա ոչնչացնել ահաբեկիչների տիրապետության տակ հայտնված նավթային օբյեկտները (նավթահորեր, բունկերներ, նավթազտարաններ, ավտոցիստեռներ): Սա տնտեսական առումով, իսկ քաղաքական տեսանկյունից Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ամերիկյան կոալիցիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների աստիճանական կարգավորման հետ, ինչպես նաև ընդունել Սիրիայի, այսպես կոչված չափավոր ընդդիմության և քրդերի հետ Ռուսաստանի շփումները:



Հայաստանում այս կապակցությամբ որոշակի լարվածություն կա, անշուշտ, և դա լիովին բացատրելի է: Նախ՝ թարմ է թուրքական օդուժի ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքերի հիշողությունը և ապա՝ Հայաստանում է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես և հատկապես որ ուղղությամբ կհետևի Ռուսաստանի պատասխանը, եթե, այնուամենայնիվ, հարցը չտեղափոխվի դիվանագիտական կարգավորման փուլ: