Հանրաքֆուրին մնաց 7 օր

Հանրաքֆուրին մնաց 7 օր

Եթե հիշում եք, Վենետիկի հանձնաժողովից մեր սահմանադրական բարեփոխումներին հավանություն տալուց առաջ նախազգուշացրել էին՝ սահմանադրական բարեփոխումներն այնպիսի նուրբ բան են, որ անելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն, շատ լայն կոնսոլիդացիա: Այսօր «այո»-ի շուրջ ոչ միայն քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա չկա, այլև այնպիսի տպավորություն է, որ ոչինչ չկա: Ակամա ցանկություն է առաջանում դասականին հարցնել՝ այս վիճակում հանրաքվեի ես գնում որ ի՞նչ անես:



Բոլոր նորմալ երկրներում քաղաքական դաշտի ռեալ պատկերը խորհրդարանն է: Այս առումով Հայաստանն ամենաաննորմալ եկիրն է, բայց, ամեն դեպքում, հենց մեր խորհրդարանում չկա կոնսոլիդացիա: Հուշենք, որ կոնսոլիդացիան պատգամավորների թվով չեն հաշվում, այլ խմբակցությունների, որոնցից յուրաքանչյուրը մեկ միավոր է: Բարեփոխումների նկատմամբ խորհրդարանում հաշիվը 3:3 է, ընդ որում՝ «այո»-ի 3-ը ոչ լիարժեք: Եթե խորհրդարանում է այս պատկերը, ապա ի՞նչ է կատարվում փողոցում, որտեղ հիմնականում հավաքված են, ներողություն արտահայտությանս համար, «աբիժնիկները»:



Վենետիկի հանձնաժողովից, անշուշտ, տեսնում են այս ամենը և հեռուստատեսային շոուներից չէ, որ պատկերացում են կազմում «այո»-ի շուրջ կոնսոլիդացիա լինել-չլինելու մասին, թեև շոուն էլ առանձնապես «այո»-ի օգտին դիվիդենտներ չի բերում: Ավելին ասենք՝ դա «ոչ»-ի շոու է, որովհետև հստակ ցույց է տալիս, թե մարդիկ որքան անտարբեր են այս ամենի նկատմամբ:



Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է մեր ընդդիմության «ոչ»-ական հատվածը ՀԱԿ-ի գլխավորությամբ այսպես իրեն ուտում՝ լցնելու են, կեղծելու են, կաշառելու են, նկարելու են, Րաֆֆին հանձնաժողովների տեղերը ծախել ա, ՀԱԿ-ի անդամին փող են առաջարկել մի քանի ժամով զուգարան գնալու համար և այլն և այլն: Հանգստացեք, հա՞, մի հատ: Կողքից նայողին էլ կթվա, թե Սերժ Սարգսյանը վիզ է դրալ «այո»-ն անցկացնել ու հիմա «ոչ»-երը կենաց մահու կռիվ են տալիս, որ նման բան տեղի չունենա:



Կողքից նայող ասելով՝ նկատի ունեմ Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպան ընդհանրապես: Եթե այդ հանձնաժողովը ազնիվ է, ապա պետք է արձանագրեր, որ չկա կոնսոլիդացիա, հետևաբար չկա նաև հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն գալիս Հայաստան, որ տեսնեն, թե ինչպես է փոթորկվում քաղաքական դաշտի «ոչ»-ի հատվածը: Այդ հատվածում այսօր առանձին քաղաքական ուժեր ու անհատներ այնպես են «ոչ» բղավում, ասես Հայաստանում ահաբեկչություն է եղել:



Որ ընդդիմության տագնապներն անտեղի են, արդեն իսկ երևում է ժողովրդի անտարբերությունից: 700 հազար «այո» նկարելը, համաձայնեք, հեշտ գործ չէ, այն էլ այն դեպքում, երբ ընդդիմությունն այնքան աչք ու ականջ ունի հանձնաժողովներում: Հնարավոր է՝ «այո» քվեաթերթիկներն, այնուամենայնիվ, շատ լինեն, բայց ոչ այնքան, որ հանրաքվեն հայտարարվի կայացած: Այլապես դա կլինի ոչ թե հանրաքվե, այլ հանրաքֆուր մեր ժողովրդի հասցեին: Ժողովուրդի մեծ մասի անտարբերությունն արդեն իսկ կայացած որոշում է, ցավոք՝ «ոչ»-ի օգտին ակամա կայացրած որոշում: Այս հանրաքվեում հաղթելու է անտարբերությունը, իսկ քաղաքական առևտրականները շտապելու են այդ հաղթանակը վերագրել իրենց:



Պատահական բաներ, գլուխ գովել չլինի, ես շատ քիչ եմ ասում: «Ոչ»-ի ճակատում, նկատե՞լ եք, սկսել են իրար ուտել, շարքից հանել մյուսներին, որպեսզի «հաղթանակի դիվիդենտներից» իրենց ավելի շատ հասնի: Այսօր արդեն Րաֆֆիին են «փչացնում», որ «ֆուկ» անեն՝ բա գիտե՞ք, Սյունիքում հանձնաժողովի տեղերը ծախել է ՀՀԿ-ին: Եվ այս տեղեկատվությունը դուրս է հորդում այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ժամանակ չունի նման հարվածից վերականգնվելու: Վաղը, հնարավոր է, ասեն՝ իշխանություններն են նման լուր տարածել, որ վարկաբեկեն «Նոր Հայաստան» շարժումը և այլն և այլն: Իշխանություններին դա պետք չէ: Այս ինֆորմացիայի աղբյուրը պետք է փնտրել այլ տեղում, ավելի կոնկրետ՝ «Ոչ»-ի երկու ճամբարների փոխհարաբերություններում և դեկտեմբերի 6-ից հետո «հաղթողի» թիկնոցը սեփական ուսերին քաշելու նրանց նկրտումներում:



Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին և անձամբ Սերժ Սարգսյանին, ապա նրանց համար սա հերթական գործընթաց է, որ թույլ կտա վերջնականապես դուրս չմնալ Եվրոպայի ուշադրությունից և ավելորդ տեղը Բրյուսելում նեգատիվ ֆոն չստեղծել Հայաստանի շուրջ: Ավելի հասկանալի ասեմ՝ Սերժ Սարգսյանին պետք չէ Եվրոպայի պարտադրած հանրաքվեն ամեն գնով անցկացնել և դրանով հարվածի տակ դնել իր հարազատ համակարգի հետագա գոյությունը: Նրան պետք չէ սեփական վերարտադրութունն առանց համակարգի, առանց այն համակարգի, որ հիմնադրել են այսօր ամենաբարձր «ոչ» ասողները: Անուններ պե՞տք են, թե՞ առանց այդ էլ տեսանելի է, թե ինչպես է նույն համակարգը անընդհատ վերարտադրվում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության դաշտում: