Վաղվանից կբացենք փակագծերը

Վաղվանից կբացենք փակագծերը

Համաժողովրդային պայքարը մինչեւ դեկտեմբերի 6 չի հասնելու, այս մասին այսօր հայտարարեց «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն իր հրավիրված ասուլիսում տեղեկացնելով, որ մինչ այժմ զբաղվել են իրազեկմամբ, սակայն ի տարբերություն «ոչ» քարոզող մյուս ուժերի, չեն ասել, որ պետք է միայն «ոչ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին, այլ պետք է կասեցնել այս ընթացքը:



«Դեկտեմբերի 1-ին սկսվող համաժողովրդային պայքարը հաստատ մինչեւ դեկտեմբերի 6 չի հասնելու: Վաղվանից մենք փակագծերը կբացենք: Ուստի, առիթից օգտվելով, կոչ եմ անում մեր ժողովրդին հնարավորինս ակտիվ մասնակցել դեկտեմբերի 1-ի ժամը 18.00-ի հանրահավաքին՝ Ազատության հրապարակում, նկատի ունենան, որ մենք իրենց հրավիրում ենք փողոց՝ հստակ նպատակ ունենալով չվերադառնալու տուն՝ մինչեւ չձերբազատվենք այս կեղեքող, ոճրագործ համակարգից: Նկատի ունենան այս հանգամանքը եւ համապատասխան հանդերձանքով ներկա լինել Ազատության հրապարակում: Ձմեռ է մեր դեմը, պատրաստ լինենք, մեր քաղաքացիներից խնդրում ենք՝ ինչքան պատրաստված ներկա լինեն եւ հանդերձանքի իմաստով եւ մի քանի օր՝ 1-2-3 օր սնունդի հետ կապված՝ եթե կարողանան ինքնաբավ լինել, դրանով մեզ օգնած կլինեն կազմակերպական դերը մեր ուսերից մի քիչ պակասեցնելու: Սակայն այն քաղաքացիները, որ հնարավորություն չեն ունենա այդ ամբողջին՝ մեր շտաբը այդ պարտավորությունը իր վրա է վերցնում»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:



Նա ասաց, որ հնարավորինս ապահովելու են մարզերից քաղաքացիներին տրանսպորտով տեղափոխելու հնարավորությունը.«Մենք մարզային շրջանների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն ենք անցկացրել,եւ եթե այդ օրը խոչընդոտ ծագի, պետք է անմիջապես կապվեն մեզ հետ»: Սեֆիլյանը հիշեցրեց իրավապահներին նախօրեին ուղղված կոչը՝ ապահովել այդ օրերի ազատ տեղաշարժվելու քաղաքացիների իրավունքները: