Քեռի չի ունեցել, որ զանգի՝ դառնա մարդ

Քեռի չի ունեցել, որ զանգի՝ դառնա մարդ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին Հայաստանում հրավիրած իր ասուլիսում հայտարարեց, որ ցանկանում է նոր կուսակցություն ստեղծել, մուտք գործել քաղաքականություն, սակայն այդ ամենը պետք է լինի իր հարազատ գյուղի` Մալիշկայի «դաբրոյի» դեպքում:



Օրեր առաջ Արա Աբրահամյանը կրկին Հայաստան այցելեց, կեսբերան հայտարարեց թիմի հավաքագրման մասին։ Երկօրյա հանդիպումներից հետո հանրությանը մատուցվեց անորոշ մի հայտարարություն, մինչդեռ քաղաքական կուլիսներում հստակ խոսում են, որ Աբրահամյանը հաջորդ գարնանը կազդարարի կուսակցության ստեղծման մասին, անգամ անունն է հայտնի՝ «Ազգային միասնություն»:



Մալիշկայի գյուղապետ, հանրապետական Մհեր Մովսիսյանին երեկ հարցրինք. արդյոք Արա Աբրահամյանն արդեն ստացե՞լ է մալիշկացիների «դաբրոն» եւ դրանից հետո է մեկնարկել կուսակցաշինության գործընթացը: Պարզվեց, որ Արա Աբրահամյանն այս անգամ հարազատ գյուղ չի այցելել, չի հանդիպել գյուղապետի հետ. «Մենք առաջին այցի ժամանակ ենք հանդիպել, ու ինքն ասել է, որ մարտին ամեն ինչ կասի»: Բայց մինչ իր ասելը պիտի մալիշկացիները «դաբրո» տան, տվե՞լ են, ի՞նչ են ասում համագյուղացիները։



«Նման թեմայով չենք խոսել, բայց բոլոր դեպքերում ինքը մեր գյուղացի ա: Մենք մեր գյուղացուն ընդունում ենք, այո, նա համաշխարհային ճանաչում ունի: Ծնողազուրկ մեծացած, բարեկամ չի ունեցել, քեռի չի ունեցել էսօրվա նման, որ զանգի, դառնա մարդ… ինքն իրանով դարձել է ճանաչված մարդ, ամբողջ աշխարհն էսօր իրան ճանաչում է, չգնահատե՞նք, չընդունե՞նք: …Ես չգիտեմ ոնց է դարձել, բայց դարձել է, ու պետք ա դուք գնահատեք»: Իսկ կաջակցե՞ք քաղաքական ծրագրերին։ «Չգիտեմ, ես ՀՀԿ-ի անդամ եմ, եւ բոլոր դեպքերում առաջին հերթին պետք է մեր կուսակցության շահերը պաշտպանենք, ովքեր համակրում են իրա ծրագրերը, էդ ուրիշ հարց է…»: Այսինքն՝ դե՞մ եք դուրս գալու ձեր համագյուղացուն։ «Ինքն ընդամենը ուզում է երկրի համար ներդրում անի, ինքն ընդդիմության ծրագիր չունի, շուտ էր ասում էդ մասին»: Իսկ ապագայում Մալիշկայի ՀՀԿ-ական գյուղապետին հնարավո՞ր է տեսնենք հանուն հայրենիքի համար ձեւավորվող կուսակցության կազմում։ «Ոոոչ, էդ հարցը մտքիցդ հանի ու ինձ մի տուր»: