Տեղի ունեցավ Միջազգային Ֆիլատելիստական Ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի 100 ամյակին

Տեղի ունեցավ Միջազգային Ֆիլատելիստական Ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի 100 ամյակին

Օրերս Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ Միջազգային Ֆիլատելիստական Ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակի 100 ամյակին: Ցուցահանդեսը շարունակվեց «Ցիտադել» բիզնես կենտրոնում: Այդ առիթով զրույց ունեցա Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի Տնօրեն՝ Հայկ Դեմոյանի հետ:



Թերեզա Ասատրյան Նմանատիպ միջոցառումներ առաջին անգա՞մն է կազմակերպվում Հայաստանում:



Հայկ Դեմոյան Հայոց ցեղասպանության թանգարանում որպես ֆիլատելիստական ցուցահանդես առաջին անգամն էր, իսկ Հայաստանում որպես ֆիլատելիստական ցուցահանդես առաջինը չէր, սակայն աննախադեպ էր իր բովանդակությամբ:



Թ.Ա. Ինչո՞վ էր աննախադեպ
Հ.Դ. Ֆիլատելիստական ցուցահանդեսն ընդհանրապես, որն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության խնդիրներին և հարցերին:



Թ.Ա. Նպատակը ո՞րն էր:
Հ.Դ. Այս տարի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել Հայոց Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ: Դեռևս անցյալ տարի գաղափար էր առաջացել Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ անցկացնել ֆիլատելիստական ցուցահանդես և հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել ցեղասպանության թեմային և նրա հետևանքների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ֆիլատելիայի և ֆիլատելիստական շարժման զարգացմանը:



Ցավոք Հայաստանում նկատելի է մի բացասական երևույթ, որ կամաց-կամաց նվազում է ֆիլատելիայի նկատմամբ հետաքրքրությունը, նրա դաստիարակչական դերն ու նշանակությունն այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում նկատվում է ճիշտ հակառակ երևույթը:
Ընդհանրապես պետք է ֆիլատելիան զարգացնել նոր սերնդի շրջանում:



Թ.Ա. Ընդհանրապես Դուք դա համարում եք հոբբի, թե՞ գիտության հետ կապված մի երևույթ:
Հ.Դ. Ես կարող եմ ասել, որ առանձին դեպքերում դա կարելի է բնորոշել որպես «հիվանդություն»: Իրականում դա ինքնակրթության և աշխարհաճանաչման լավագույն միջոց է, սեփական գիտելիքների հաստատման ինքնատիպ ձև, ինչպես նաև տեղեկացված լինելու, կատարելության ձգտման միջոց: Երբեմն ֆիլատելիայով զբաղվում ենք լրացուցիչ որոշ հոգեբանական բավարարվածություն ստանալու համար, որը լիցքաթափում է սթրեսներից: Կարծում եմ սթրեսներից ազատվելու համար, կարելի է առաջարկել ֆիլատելիաթերապիա: Ամեն օր առնչվում ենք Ցեղասպանության թեմային, իսկ դա մարդու հոգևոր աշխարհի վրա անշուշտ իր ազդեցությունն է թողնում, երբ անընդհատ գտնվում ենք բացասական թեմայի տեղեկատվության հոսքի մեջ: Ֆիլատելիան օգնում է մարդուն տեղափոխվելու այլ հարթության վրա և ազատում բացասական երևույթներից:



Թ.Ա. Ու՞մ նախաձեռնությունն էր այս ցուցահանդեսը:
Հ.Դ. Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի ֆիլատելիստների միության, Ցեղասպանության թանգարանի, Հայփոստի և Հայաստանի Հանրապետության Կապի և Տրանսպորտի նախարարության համատեղ ջանքերով:



Թ.Ա. Ովքե՞ր են մասնակցել:
Հ.Դ. Մասնակցել են քառասուն ֆիլատելիստներ, այդ թվում նաև տարբեր երկրներից ժամանած հյուրեր:



Թ.Ա. Կարո՞ղ եք թվարկել մի քանիսը:
Հ.Դ. Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիտվայից, Ուկրաինայից, Արգենտինայից և այլն:



Թ.Ա. Իսկ բոլո՞ր ցուցադրություններն են առնչվում հայկական թեմային:
Հ.Դ. Առհասարակ թանգարանում ցուցադրվող բոլոր ցուցանմուշները առնչվում են Հայկական թեմային, իսկ ցուցահանդեսի երկրորդ մասը, որն անցկացվեց «Ցիտադել» բիզնես կենտրոնում՝ ավելացան նաև այլ թեմաներ: Կուզենայի ավելացնել, որ խորհրդային շրջանում ցանկացած մարդ երիտասարդ տարիքում առնչվում էր ֆիլատելիային: Նրանցից շատերի համար այն դառնում էր կյանքի ուղեկից: Դրանք ֆիլատելիայի նվիրյալներն էին:




Թ.Ա. Ավելի շատ երիտասարդներ են, թե՞ տարեցներ:
Հ.Դ. Ցավոք սրտի այսօր ֆիլատելիայով ավելի շատ զբաղվում են տարեցները: Եվ նրանց շարքերը համալրող երիտասարդ փոխարինողներ շատ քիչ են: Պետք է շատ աշխատանք տանել այդ ուղղությամբ: Ինքս դպրոցական տարիներին հրապուրած էի ֆիլատելիայով և այլ հավաքածոների հրապուրանքներով: Այդ տարիներից հետո այն կարծես թե մարեց ինձ մոտ, սակայն ավելի հասուն տարիքում կրկին զբաղվեցի ֆիլատելիայով:
Կարծում են, որ մատաղ սերնդի շրջանում պետք է տարածել ֆիլատելիան՝ թեկուզ ժամանակավոր, քանի որ այն ունի ծանրակշիռ դաստիարակչական, ինքնակրթական նշանակություն:



Ֆիլատելիան նաև բիզնես է, որը պահանջում է ներդրում: Քանի որ ժամանակի ընթացքում նամականիշերը գործածվելով ավելի քիչ քանակությամբ են մնում շուկայում, որի հետևանքով էլ ավելի արժեքավոր են դառնում: Առանձին դեպքերում դրանք կարող են հասնել աստղաբաշխական թվերի: Նամականիշը նաև վճարման միջոց է , ի դեպ, երկրի դրամանիշից հետո, այն երկրոդ տեղն է զբաղեցնում:



Թ.Ա. Անչափ Հետաքրքիր էր, շատ Շնորհակալություն:



Թերեզա Ասատրյան