Շարմազանովը քիչ է մնացել սպանի Դավութօղլուին

Շարմազանովը քիչ է մնացել սպանի Դավութօղլուին

Էդուարդ Շարմազանովն, ակնհայտորեն, այն անձը չէր, որ պետք է հակադարձեր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին, նրա՝ Հայաստանին ուղղված կոչին, թե Ադրբեջանին վերադարձրեք օկուպացված տարածքները և միացեք Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ապագա ունեցող առանցքի համագործակցությանը: Դավութօղլուին պետք է պատասխաներ մեկը, ով, առնվազն, կարող է ներկայացնել ՀՀ պաշտոնական տեսակետը, իսկ այս դեպքում, մեր համեստ կարծիքով, պատասխան պետք է հնչեր նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի շուրթերից: Շարմազանովն իր պաշտոնների բերումով, ներառյալ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող Հայաստանի պաշտոնական տեսակետ ներկայացնել և այն էլ օտար պետության ղեկավարների հայտարարությունների կապակցությամբ: Խոսքը սեփական տեսակետի մասին չէ, նա կարող է իր կարծիքն ունենալ, բայց պարտավոր է այդ կարծիքն արտահայտել մի փոքր ավելի համեստ՝ իմ կարծիքով, ինձ թվում է և նման արտահայտություններով համեմված:



«Թուրքիան ոչ բարոյական, և ոչ քաղաքական որևէ իրավունք չունի օկուպացիայից խոսելու, որովհետև Թուրքիան 40 տարի շարունակ օկուպացված է պահում ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության 38 տոկոսը: Եթե որևէ մեկը մեր տարածաշրջանում պետք է օկուպացիայից հրաժարվի, ապա դա նախևառաջ Թուրքիան է և իր ղեկավարությունը»,- հայտարարում է Շարմազանովն ու, չի բացառվում, սպասում, որ հիմա Թուրքիայում իրարանցում է սկսվելու իր հայտարարությունից: Ես այդքան լավատես չեմ:



Դավութօղլուն, պարոն Շարմազանով, ի տարբերություն Ձեզ, խոշոր դիվանագետ է և Կովկասի հարցերի լուրջ մասնագետ: Եվ երբ նա անում է այդ հայտարարությունը, պետք է նախևառաջ մտածել, թե ինչու է անում, ինչ կա դրա տակ թաքնված, ինչո՞ւ հենց՝ կոչ Հայաստանին, ինչո՞ւ Դավութօղլուն Բաքու եկավ արտգործնախարար Չավուշօղլուի այցից երկու օր չանցած, և, առհասարակ, արդյոք նրա այդ կոչի նպատակը իր այցի բուն նպատակը թաքցնելը կամ համաշխարհային մամուլի և տարածաշրջանային խաղացողների ուշադրությունը Թուրքիային առնչվող բուն խնդիրներից շեղե՞լը չէր:



Շարմազանովը, սակայն, միանգամից որոշում է, որ Թուրքիան օկուպացիայի մասին խոսելու բարոյական իրավունք չունի, որովհետև ինքն էլ է տարածքներ օկուպացրել, դիցուք՝ Կիպրոսի 38 տոկոսը: Լավ է՝ Կիպրոսի տեղն էլ գիտի Շարմազանովը: Հիմա հարցնում եմ՝ պարոն Շարմազանով, իսկ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Օբաման, ունե՞ն բարոյական իրավունք, խոսելու Հայաստանի՝ օկուպանտ լինելու մասին: Այսինքն, եթե Հայաստանին նման կոչ աներ Օբաման և ոչ թե Դավութօղլուն, նորմա՞լ կնայվեր: Բնականաբար, Օբամային կասեինք՝ չափդ ճանաչիր ու մեզ օկուպանտ մի անվանիր: Բայց Դավութօղլուին, չգիտես ինչու չենք ասում, այլ ընդամենը հակադարձում ենք՝ դու բարոյական իրավունք չունես օկուպացիայից խոսելու, որովհետև քո երկիրն էլ է տարածքներ օկուպացրել: Շարմազանովը, փոխանակ հերքի մեղադրանքը, Թուրքիային ասում է՝ դու էլ ունես այդ մեղքից: Կարողացա՞ բացատրել…



Դրա համար էլ ասում եմ, նման դեպքերում կարիք չկա ամեն անգամ սովորույթի ուժով վազել ուղիղ Շարմազանովի մոտ և ձայնագրիչը դեմ տալ, թե մի բան ասա՝ անցնի գնա: Դեպքերը բազմազաթիվ են, երբ հենց Շարմազանովն է պատասխանել Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններին: Մի անգամ, հիշում եմ, ասել էր՝ մենք Թուրքիային դուրս ենք հրավիրում դռնից, իսկ նա ներս է մտնում պատուհանից: Հրաշալի ձևակերպում է Թուրքիայի այն համառությանը, որով այդ երկիրը ցանկանում է միջամտել Ղարաբաղի հարցին: Բայց պատկերացրք, թե ինչ կկատարվեր Թուրքիայում, եթե այդ ձևակերպմամբ հանդես գար ՀՀ նախագահը և սատկացներ Դավութօղլուին:



Ավաղ, պատկանները լռում են, ասես արձակուրդում լինեն, իսկ Շարմազանովն էլ իրենց Սիմոնն է՝ Սիմոն տար, Սիմոն բեր, Սիմոն, հակադարձիր Դավութօղլուին… Լավ է, իհարկե, ձեռքի տակ նման մարդ ունենալը, բայց լինում են իրավիճակներ, երբ ուղղակի չի կարելի ոչ կոմպետենտ մարդկանց վստահել անվստահելին:



Էդիկ Անդրեասյան