Հայաստանում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է

Հայաստանում այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է

Հայաստանում այսօր հանրաքվե է, ՀՀ քաղաքացին պետք է իր «այո»-ն կամ «ոչ»-ը ասի սահմանադրական փոփոխություններին: Հանրապետության ողջ տարածքում կբացվի 1997 ընտրատեղամաս: Քաղաքացիները կարող են քվեարկել ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: 



Սահմանադրությունը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ՀՀ ընտրողների ընդհանուր թվի մեկ քառորդը։  ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323,  այսինքն՝ նախագիծը կհամարվի ընդունված, եթե կողմ քվեարկի մոտ 637 հազար մարդ։



ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական եւ 6 միջազգային կազմակերպություն:



Նշենք, որ նոր սահմանադրությամբ առաջարկվում է փոխել երկրի կառավարման համակարգը, այն դարձնել խորհրդարանական, որտեղ իշխանության հիմնական օղակը Ազգային ժողովն է: Իսկ Աժ-ն կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից», այսինքն՝ կսահմանվի պատգամավորների նվազագույն թիվը, իսկ առավելագույն շեմը կորոշվի օրենքով: Աժ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին եւ ծրագրի հիմնադրույթները: Վարչապետին նշանակելու է նախագահը, բայց Աժ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացմամբ: Հանրապետության նախագահի պաշտոնը փաստացի դառնալու է ձեւական, քանի որ օժտված չի լինելու իրական իշխանությամբ: Նախագահն ուղղակի ընտրությունների արդյունքով չի ընտրվելու, ինչպես այժմ է, այլ ընտրվելու է «ընտրիչների ժողովի» կողմից` յոթ տարի ժամկետով: 



Հիշեցնենք, որ Հայաստանում ազգային Սահմանադրությունը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր: Ի տարբերություն շատ երկրների, որտեղ Սահմանադրությունը փոփոխությունների չի ենթարկվել կամ գոնե քիչ է փոփոխվել, մեզանում այն չի դիմացել ժամանակի «արհավիրքներին» եւ այս կարճ ժամանակահատվածում բազմիցս փոփոխվել է:



2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց: