Ուզում եք Ազատության հրապարակ գնացեք, ուզում եք՝ լողավազան

Ուզում եք Ազատության հրապարակ գնացեք, ուզում եք՝ լողավազան

Սահմանադրական հանրաքվեին հաջորդող քառօրյան Ազգային ժողովում ոչ այնքան թեժ, որքան դրամատիկ ստացվեց՝ Զարուհի Փոստանջյանն ընդդեմ իշխանության ու նրա արբանյակներ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի խորագրի տակ: Նստաշրջանը բոյկոտելու ՀԱԿ որոշումից հետո Փոստանջյանից բացի որեւէ պատգամավորի, անգամ իրենց ընդդիմադիր հռչակածների, ձայնը չլսվեց դեկտեմբերի 6-ի տխրահռչակ հանրաքվեի մասին: Միայն 4 զավակ ունեցող տիկնոջն էր հուզում հետընտրական տխուր վիճակն ու իշխանությունների «ոճրագործությունը», որի պատճառով խորհրդարանի խոսնակը նրան հորդորեց «չպղծել ԱԺ ամբիոնը»: 



Սահմանադրական փոփոխությունների մոլի հակառակորդ ՕԵԿ-ականներն ընդհանրապես չէին եկել խորհրդարան, թեպետ նրանց բացակայությունն աննկատ էր մնացել լրատվամիջոցների ուշադրությունից, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հենց նիստի մեկնարկին հայտարարեց այս նստաշրջանը բոյկոտելու մասին եւ Գագիկ Ջհանգիրյանի ու Արամ Մանուկյանի հետ լքեց դահլիճը։ «Բոյկոտեք, հլա մի հատ տեսեք՝ քանի հոգի է իրենց խմբակցությունը»,- հեգնեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:



«Ոչ մեր թիմը, ոչ մեր ժողովուրդը մեզ չէր հասկանա, եթե մենք այս վիճակում՝ կարծես թե ոչինչ չէր եղել, նստեինք իրենց հետ օրենքներ քննարկեինք: Կատարվել է ահավոր մի բան` ժողովրդի կամքի բռնաբարություն, ոտնահարվել է ժողովրդի կամքը»,- արդեն միջանցքում բացատրեց Զուրաբյանը։ «Դժվար է կատարվածից հետո նստել նույն դահլիճում, շփվել մարդկանց հետ, ովքեր կրում են այս կատարված, չեմ հապաղի ասել, ոճրագործության համար ամբողջ պատասխանատվությունը»,- կարծում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:



Երեկ մեկնարկած քառօրյան վերջինն է այս նստաշրջանի, ամենայն հավանականությամբ, մեկ կամ երկու արտահերթ նիստեր էլ կհայտարարվեն, ի՞նչն է փոխվելու մինչեւ հաջորդ նստաշրջան, որ ՀԱԿ-ի համար այլեւս անհարմար չլինի ՀՀԿ-ականների կողքին, նույն դահլիճում նստելը։ Լեւոն Զուրաբյանն այս հարցին պատասխանեց, որ իրենք իրավիճակային են գործում: Բոյկոտից հետո ՀԱԿ-ի հետագա քայլերի հարցին էլ Զուրաբյանն ասաց` ամեն ինչ կախված է ժողովրդի վրդովմունքի աստիճանից եւ ակտիվությունից:



Ի դեպ, երբ ՀԱԿ եռյակը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, Ստեփան Դեմիրճյանն այդ պահին դուրս էր եկել դահլիճից, բայց ողջ օրn այլեւս չվերադարձավ, զանգերին էլ չպատասխանեց, որ հասկանանք՝ նա է՞լ է միացել բոյկոտին, թե՞ պարզապես լքել է նիստը: Ավելի ուշ նա ելույթ ունեցավ Ազատության հրապարակում՝ վրդովմունք հայտնելով կատարվածի մասին։



Մարտի 1-ից հետո կարելի էր նստել, հանրաքվեից հետո՝ ո՞չ



«Մարտի 1-ից հետո կարելի էր նույն դահլիճում գտնվել, հանրաքվեից հետո «հայբուդո՞ւլ» էր, չի կարելի գտնվել, հա՞, կամ կարելի է Մարտի 1-ի զոհերի հիշատակն իրենց հետ հարգել, իսկ հանրաքվեից հետո չի՞ կարելի»,- անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից ԱԺ նիստը բոյկոտելու որոշմանը՝ տարակուսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա տեղյակ չի եղել ՀԱԿ բոյկոտի որոշման մասին. «Տեղեկանալու առիթ էլ չունեի, որովհետեւ ՀԱԿ կուսակցության քննարկումներին չեմ մասնակցում, առավել եւս՝ ուրիշների որոշումները չեմ կատարում»: Իր նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար էլ հանրաքվեի արդյունքներն անակնկալ չեն եղել. «Հանրաքվեի վերաբերյալ մենք մեր գնահատականները հնչեցրել ենք դեռեւս հուլիսին: Այսօր առիթ չեմ տեսնում նոր բան ասելու: Ինչ ասել ենք, ցավոք, առավել եւս հաստատվեց»: Փաշինյանը վերահաստատեց իր կարծիքն այն մասին, որ քանի դեռ Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմություն չի ձեւավորվել, իշխանափոխություն տեղի չի ունենա. «Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, պետք է առաջինը ունենալ 6 հազար վստահված անձ՝ բոլոր ընտրատեղամասերում հսկողություն իրականացնելու համար, Հայաստանը կառավարելու ունակություն ունեցող պրոֆեսիոնալ թիմի ձեւավորում եւ ճգնաժամից հանելու հասկանալի ծրագիր: Առանց այս կոմպոնենտների հնարավոր չէ իշխանափոխություն անել, ու ամեն անգամ խոսելու ենք այդ մասին եւ արձանագրելու, որ լկտի իշխանությունը թույլ չի տալիս, որ իշխանափոխություն անենք»: «Քաղաքացիական պայմանագիրն» աշխատում է այս ուղղությամբ:



«Մենք բոլորս ենք նստել նրանց հետ, այդ թվում՝ Նիկոլը, հո չե՞նք կարող ամբողջ կյանքում քաղաքական մեր մոտեցումները Մարտի 1-ով պայմանավորել: Այո, Մարտի 1-ը մեր ցավն է, մեր ազգի խայտառակությունը, որը երբեւիցե չի մոռացվի, քանի դեռ արդար բացահայտում չի եղել։ Բայց կյանքն առաջ է գնում, դու չես կարող բոլոր քաղաքական գործողությունները պայմանավորել Մարտի մեկով»,- Փաշինյանի դիտարկմանն անդրադարձավ Վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Նա չմիացավ ՀԱԿ բոյկոտին. «Իմ հետ չեն քննարկել, բայց երեւի բոյկոտի իրավունքն ունեն, հետեւել են ընտրությունների ընթացքին եւ ունեն փաստեր կեղծելու վերաբերյալ, հետագայում էլ ուզում են ներկայացնել նաեւ Սահմանադրական դատարան»: Թեպետ, տիկնոջ կարծիքով, բոյկոտը «ոչինչ» չի փոխի: Նա ոչ մի «առիթ ու պատճառ» չունի բոյկոտելու։ «Ընդամենը մամուլի հրապարակումների միջոցով որոշակի տպավորություն ունեմ, որը շատ սուբյեկտիվ է, եւ չեմ կարող փաստել, որ այդ խախտումները կարող էին ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա»,- հանրաքվեն կեղծելու մասին մեր հարցին պատասխանեց տիկինը:



Սարգսյանը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը ու կարծում է, որ այն նոր հնարավորություններ է տալիս հատկապես նոր սերնդին, ինչպես նաեւ ընդդիմությանը՝ խաղաղ, անցնցում իշխանափոխության հասնելու. «Հիմա ի՞նչ, որ մենք նստենք կամ դոփենք տեղում, ասենք, որ հին Սահմանադրությունը չի գործել, չի կիրառվել, ուրեմն սա՞ էլ չի գործի… պետք է ջանքեր գործադրել, մեխանիզմներ: Լավ, սրան էլ «ոչ» ասեցինք, ի՞նչ կփոխվեր: 2003-ից «ոչ» ենք ասում, փոխվո՞ւմ է իշխանությունը, ուրեմն պետք է այլ եղանակներ մտածել, մտնել այդ ամեն ինչի մեջ եւ հույս փայփայել, որ սերնդափոխության արդյունքում վիճակը կառողջանա: Հիմա նստել ու ասել, որ չենք ընդունում Սերժ Սարգսյանին. է, մի ընդունեք, ես էլ չեմ ընդունում, ի՞նչ է փոխվում»:



Արդեն հոգնել ենք ընդդիմության որոշ հատվածի բթամտությունից



ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանրաքվեից հետո պարզապես տեղը չի գտնում. «Ոչ էդ բոյկոտի մասին եմ ուզում խոսեմ, ոչ ընդհանրապես, բոյկոտի թեման ինձ չի հետաքրքրում»: Բագրատյանը չհիշեց մի դեպք, որ բոյկոտն արդյունավետ է եղել: Նա հայտարարում է՝ հանրաքվեն կեղծվել է, իսկ թե ինչպես է պայքարելու, ինքն էլ չգիտի. «Հիմա թող Ազատության հրապարակում հասկանան, որ չի կարելի քվեարկությունը բոյկոտել, եթե մասնակցեին, մի 100 հազար մարդ կգար, այլեւս չէին կարող, տեղ կունենայինք խոսելու, դժվար կլիներ կեղծելը: Արդեն հոգնել ենք ընդդիմության որոշ հատվածի բթամտությունից»: Ի՞նչ է անելու Հրանտ Բագրատյանը կեղծիքների դեմ պայքարում։ «Ի՞նչ պիտի անենք, պիտի նախեւառաջ փող ճարենք, ջեբներս փող դնենք՝ ընդդիմություն ստեղծենք, որ 2017-ին չգնան նոր կեղծումների: Էսքան ջանք ու եռանդ դրեցինք, մարդիկ պատրաստ էին «ոչ» ասելու, «ոչ» ասացին, բայց տեսաք...»,- հուսահատ ասաց նա: Մեր դիտարկմանը, որ գուցե ընդդիմադիրները թո՞ւյլ գտնվեցին հանձնաժողովներում, Բագրատյանն արձագանքեց. «Ի՞նչ անեին, մեզ ծեծում էին, թեքվենք մե՞նք էլ ծեծենք»: «Ընտրություններով այլեւս հնարավոր չի լինելու իշխանափոխության հասնել, նոր Սահմանադրություն ունենք, այլեւս ընտրություն չկա, քաղաքապետ, գյուղապետ, ոչ մի ընտրություն: Ինձ թվում է՝ նոր Սահմանադրությունը լուրջ վտանգ է ստեղծել, որ Հայաստանը կործանվի, սա լուրջ քայլ է՝ պետականացման վերացմանն ուղղված»: Իսկ փողոցի պայքարն է՞լ է անիմաստ։ «Ինչ ուզում եք՝ արեք, այ ձեր ցավը տանեմ, ուզում եք փողոց գնացեք, ուզում եք լողավազան գնացեք, մենք ի՞նչ կարանք անենք: Սաղի համար բոբո ենք դարձել»: