Բոլորը զարմացած են օբյեկտիվ ու արդար ընտրությունների փաստից

Բոլորը զարմացած են օբյեկտիվ ու արդար ընտրությունների փաստից

Սահմանադրական հանրաքվեի մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության դիտողություններին իշխող հանրապետականներն ու նրանց աջակիցները լուրջ չեն վերաբերվում: Կիրակնօրյա «ընտրարշավանքներից» նրանք գոհ են ու երջանիկ, հանրաքվեն կայացած իրողություն է, ընտրություններն էլ եղել են ազնիվ ու թափանցիկ:



Մինչդեռ եվրոպացի գործընկերներն արձանագրել էին, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով, եւ ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ:



«Կարեւորը՝ ես գոհ եմ»,- երեկ, ի հեճուկս շատերի, հայտարարեց հանրաքվեի գլխավոր շտաբի պետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանրապետականի շտաբն ամեն ինչ արել է, որ հանրաքվեն անցնի թափանցիկ. «Քվեարկության արդյունքները բոլորիս համար ընդունելի են՝ լավ, թե վատ: Հիմա ունենք այն, ինչ ունենք, կան դժգոհություններ, բողոքներ, թող դիմեն պատկան մարմիններին, վերահաշվարկեն կամ, չգիտեմ, եթե խախտումներ կան, խախտումների համար»: ԵԽԽՎ դիտորդների սուր գնահատականներին Հովիկ Աբրահամյանը ծանոթ է. «Մենք քննարկում ենք, դա այդպես չէ, ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի պատասխանատուներն աշխատում են իրենց հետ, արդյունքների մասին առաջիկա 2-3 օրվա ընթացքում տեղյակ կլինենք»: Վարչապետի համոզմամբ, ընտրակեղծարարությունների, կաշառք բաժանելու մասին համացանցում հայտնված նյութերի տարածումը եղել է «շահագրգիռ մարդկանց» կողմից, ովքեր «ուզում էին սեւացնել, ստվերել ընտրությունների արդյունքները», դրանք, նրա խոսքով, մոնտաժված կադրեր են. «Ես կարծում եմ, որ դրանք մոնտաժված են, եթե ոչ, ապա պատասխան կկրեն մարդիկ»: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը չի խնայում ու մատնանշում է «կեղծողների» տեղը՝ «արջի ծառայություններ» մատուցողները գործել են ՀԱԿ-ի պահանջով, որպեսզի «նրանք բողոքարկելու հիմքեր ունենան»:



Եվրոպացի գործընկերների գնահատականներից Գրիգորիչը շատ չի ազդվել. «Այստեղ կարեւոր է, թե դիտորդներին ով է հրավիրել: Նայած, թե ով է հրավիրում, եւ որ քաղաքական ուժի ազդեցության տակ են»:



Նա համոզված է՝ եթե անգամ ընտրախախտումները բացահայտվեն, եւ մեղավորները պատժվեն, միեւնույն է, այն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով, բոլորը զարմացել են նման «օբյեկտիվ ու արդար ընտրությունների» փաստով ու սկսել «հազար ու մի պատճառ» ման գալ. «Եվրոպացիները փոքր ու մեծ երկրները խառնել են իրար ու մտածում են, որ մեր պես փոքր երկրի ԱԺ-ում 3 տարի պետք է քննարկվեր այդ փոփոխությունները:



Քննարկումները եղել են, ինչքանով որ անհրաժեշտ են եղել: Պասիվության մասին են խոսում, եթե մասնակցության թիվն ավելի մեծ լիներ, պիտի ասեին, որ Հայաստանում այդքան մարդ չկա, չէ՞»:



Փոքր-ինչ զուսպ են ԱԺ շարքային պատգամավորները, որոնց վրա «այո»-ի թիվ էր դրված, բայց ձախողեցին՝ արժանանալով Սերժ Սարգսյանի նկատողությանը: Երեւանի Կենտրոն համայնքի պատասխանատուներից պատգամավոր Ռուբեն Սադոյանի դեմքին արդեն երկու օր է՝ ժպիտ չի հայտնվում, Կենտրոնում հանրաքվեին մասնակցած 40 հազար 822 քաղաքացիներից միայն 43.96%-ն է «այո» քվեարկել։ «Ի՞նչ անենք»,- հոգոց հանեց Սադոյանը։ Իր «մեղավորության» հարցը լսելով՝ նա հուսահատությամբ նետեց. «Բայց ի՞նչ անեի»: Աջափնյակի ձայնահավաքներից Ռուբեն Հովսեփյանը՝ Աղվան Հովսեփյանի եղբայրը, մինչեւ վերջ անդրդվելի մնաց՝ պնդելով, որ «այո»-ն հաղթել է Աջափնյակում, իրականում այստեղ էլ 50 տոկոսի շեմին չի հասել: Նրան ոչ եվրոպացի դիտորդների արձանագրումներն են հետաքրքրում, ոչ տեղի ընդդիմադիր հանրության. «Դու ինձ մի օրինակ ասա՝ Աջափնյակում ի՞նչ խախտում է եղել, որտե՞ղ ա եղել, ես հասկանամ: Ես չգիտեմ իրանք ինչ են ասում, Աջափնյակում եղել ա, չէ, ուրեմն ինձ այլ հարցեր մի տվեք»:



ՀՀԿ խմբակցության անդամ, էջմիածինցի Սեդրակ Սարոյանը նույնիսկ չի էլ լսել ընտրակեղծիքների մասին. «Ախպեր ջան, ես որ իմ աչքով չեմ տեսել, ամեն մարդ ամբախ-զամբախ խոսում ա»: Նա ոչ մի կերպ չի ուզում հավատալ, որ կեղծիքների հարյուրավոր տեսագրություններ կան, որ եվրոպացի դիտորդներն են նույնիսկ դրանք արձանագրել:



«Եվրոպացիք շատ բան կարող ա ասեն… Ես կեղծիք չեմ տեսել, խախտում չեմ տեսել»,- արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը կարծես թե դեմ էր սահմանադրական փոփոխություններին։ «Ես նորմալ եմ գնահատում, այսքանով ավարտենք»,- ասաց Մարգարյանը: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը չի ասում, որ խախտումներ չեն եղել, բայց չի էլ ասում, որ դրանք ազդել են հանրաքվեի արդյունքների վրա. «Տոկոսային տարբերությունը չափից դուրս մեծ է»: Տիկին Սարգսյանն սպասում է, որպեսզի տեսնի, թե ընդդիմությունն ինչքան արձանագրություն կհավաքի, որպեսզի ապացուցի կեղծիքները: Ունի՞ տիկին Սարգսյանը ներքին համոզմունք, որ հանրաքվեն կեղծվել է զանգվածաբար։ «Ես ուզում եմ փաստարկված լինել»: