Ընտրովի լուսաբանում

Ընտրովի լուսաբանում

Մեր օրերում ամենավատ բանը, որ կարող է անել խոսնակը, ամենամեծ վնասը, որ կարող է տալ իր ղեկավարին կամ գերատեսչությանը, ընտրովի լրատվամիջոցների հետ աշխատելն է: Դու կարող ես սիրել կամ չսիրել որեւէ լրատվամիջոցի կամ լրագրողի, կարող ես հավանել կամ չհավանել նրանց աշխատաոճը, բայց, որպես պետական մարմին, պարտավոր ես հավասար մոտեցում ցուցաբերել բոլորին: Իհարկե, որոշ խոսնակներ ունեն իրենց «լյուբիմչիկ» լրատվամիջոցները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ «սլիվներ» են անում, այս դեպքում շահերը համընկնում են՝ լրագրողն առաջինն է ինֆորմացիան հաղորդում, խոսնակն էլ տեղեկատվության արտահոսքը կազմակերպում է իր ուզած ձեւով։



Այստեղ արդեն լրագրողի խնդիրն է՝ պահպանել օբյեկտիվությունը, չդառնալ տվյալ գերատեսչության «փիառշչիկը»: Սակայն այսօր խնդիրն այլ է․ իմ ընկեր Տաթեւ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ուղղված ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանին, պարզվում է՝ ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի «գաղտնի» ասուլիսն են կազմակերպել 4 լրատվամիջոցի համար՝ Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» ՀԸ, «Արարատ», «Կենտրոն», իսկ հետո ճոխ հաղորդագրություն են տարածել, թե «Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը»: Սա արդարացիորեն առաջացրել է լրագրողների զայրույթը, ինչո՞ւ պետք է մի քանի լրագրող ասուլիսին ներկա լինելու հնարավորություն ունենան, իսկ մյուսները բավարարվեն «տափակ» հաղորդագրությամբ: Լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ գործեր հարուցելիս, լրագրողներին հարցաքննությունների տանել-բերելիս բոլորին եք հիշում, իսկ ասուլիսների կանչում միայն յուրայինների՞ն: Եվ ինչո՞ւ եք արհամարհում մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը, թափանցիկ, հրապարակային եւ հաշվետու աշխատելը ձեր պարտականությունը չէ՞:



Ասուլիսի հրավիրելը սրճարան կամ խաշի հրավիրել չէ, որ ում ուզենաս՝ կանչես: Եթե դու պետական գերատեսչության խոսնակ ես, պարտավոր ես ասուլիսի հրավեր, հաղորդագրություն ուղարկել բոլոր լրատվամիջոցներին անխտիր: Իհարկե հասկանալի է, որ երբեմն շեֆերն են «տաբու» դնում, թե՝ մեր մասին «փիս-փիս» բաներ գրող լրատվամիջոցին մի կանչիր, սակայն «տապոռ» շեֆին պետք է հասկացնել, որ «այդպես չի կարելի», որ դա բացասական հետեւանք կունենա հենց մեզ համար։ Հակառակը՝ պետք է բոլորին կանչել, տհաճ հարցերին եւս պատրաստվել եւ անցանկալի հարցեր լսելիս չհարձակվել լրագրողների վրա, չվիրավորել ու դաս չտալ: 



Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ