Մեծամտությունը լրագրողի թշնամին է

Մեծամտությունը լրագրողի թշնամին է

Մեր լրագրողների ամենամեծ թշնամին մեծամտությունն է։ Ընդհանրապես, մեծամտությունը ցանկացած մարդու ամենամեծ թշնամին է. երբ մարդն իրեն ավելին է զգում, քան իրականում կա, նա ավելիին այլեւս չի ձգտում։ Կանգնում է նրա աճը, ինքնազարգացման, պրոֆեսիոնալ կարողությունների ու հմտությունների կատարելագործման կարիք այլեւս չի տեսնում։ Իսկ լրագրողների պարագայում դա նշանակում է ինքնահիացում, ինքնասիրահարվածություն, կարդալու-սովորելու ձգտման բացակայություն եւ մեծ-շատ մեծ պահանջներ։ Փորձիր մեծամտացած լրագրողին դիտողություն անել կամ խմբագրել գրած տեքստը։ Դա Գառնիի տաճարն ավերելուն հավասար հանցանք կդիտվի։ Եվ ամենաչնչին փոփոխությունն իսկ կվերագրվի «գրաքննությանը»՝ տեքստային փոփոխության տակ հազար ու մի մութ նպատակների փնտրտուքով։ Սույն կարկառունի մտքով անգամ չի անցնի, որ պարզապես սխալ է շարադրել մտքերը, նախաբանն ու վերջաբանը խառնել, ընթերցողին խճճել կամ տարրական ճշտումներ չի արել նյութը գրելուց առաջ։



Մեր լրագրողների մեջ կան այնպիսիք, որոնք որոշ առօրեական բառերի իմաստն անգամ չեն հասկանում, Շվեյցարիան ու Շվեդիան իրարից չեն տարբերում, գրում են ուղղագրական կոպիտ սխալներով, միլիոնն ու միլիարդն են խառնում։ Բայց իրենց մասին այնպիսի կարծիք ունեն, որ առնվազն ազգային հարստություն են, որոնց հետ խոսելիս բոլորը պետք է ոտքի կանգնեն ու գլուխ խոնարհեն։ Մի առիթով «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեծամտացած րագրողներից մեկին ասաց՝ մի քանի նախարարի հետ հարցազրույց ես արել, մի երկու կաշառակեր չինովնիկ ես ճանաչում, այլեւս քեզ աստղ ես զգում՝ անհասանելի ու չգնահատված։ Մինչդեռ համեստությունը, սեփական արժանիքները չգերագնահատելու կարողությունը ամենաարժեքավոր հատկությունն են լրագրողի համար։ Համեստություն, սեփական աշխատանքից չբավարարվածություն, ավելին անելու ձգտում. ահա այն որակները, որոնց շնորհիվ լրագրողը կարող է երկար «կյանք» ունենալ եւ միշտ հետաքրքիր լինել ընթերցողի համար։



Ի դեպ, ընթերցողը շատ լավ զգում է լրագրողի մեծամտանալը։ Երբ նա ոչ թե հոդված է գրում՝ հետաքրքիր փաստեր ներկայացնում, բացահայտումներ անում, փորձագետներ գտնում-խոսեցնում, այլ սեփական մտքի «գոհարներն» է շաղ տալիս եւ իր կարծիքը փաթաթում ընթերցողի վզին։ Խելացի լրագրողն ամեն ինչ անում է, որ ընթերցողն ինքնուրույնաբար, առանց հեղինակի միջամտության հանգի այն եզրակացություններին, որին ինքը հանգել է հոդվածը գրելու ընթացքում՝ նյութն ուսումնասիրելիս։ Գրագետ լրագրողը ոչ թե դատողություններով խեղդում է իր ճանկն ընկած ընթերցողին, այլ զգուշորեն, տողատակերում է գրում իր ասելիքը։ Համեստ լրագրողը միշտ կասկածում է իր ճշմարտացիությանը, իր եզրակացություններին, գիտելիքներին։ Սխալի տեղ է թողնում՝ չէ՞ որ ոչ ոք երաշխավորված չէ սխալից։ Հմուտ լրագրողն իր ասելիքը հաճախ ուրիշի բերանով է փոխանցում՝ իր հարցերով զրուցակցին մեղմորեն ուղղորդելով։



Ա. Օ.