Նախագահին մինչև էդ ենք շնորհավորում․ Աշոտյանը՝ ամանորյա շնորհավորանքների մասին

Նախագահին մինչև էդ ենք շնորհավորում․ Աշոտյանը՝ ամանորյա շնորհավորանքների մասին

Հեռուստաահաղորդավար, 2009-ից նաև Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ամանորը նշելու է այնպես, ինչպես նշել է իր բոլոր ամանորները՝ ընտանիքով և Հայաստանում՝ բացի մի տարվանից։



«2000 թվականին ստացվեց այնպես, որ սովորում էի Ֆրանսիայի Մարսելի համալսարաններից մեկում, կրթաթոշակային ծրագիրը չէր ապահովում հետադարձի տոմս, ծնողներս էլ ի վիճակի չէին էդ յոթ օրվա համար տոմս գնել, և ես ստիպված մնացի Մարսելում, հանրակացարանում՝ տասնյակ արտասահմանցի ուսանողների հետ միասին նշելով 2000 թվականը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Աշոտյանը՝ նշելով, որ լավ էր, բայց այլևս երբեք չի ուզենա առանց ընտանիքի դիմավորել Ամանորը։



Նա նշեց, որ իր երեխաներն արդեն գրել են նամակ Ձմեռ պապիկին և ուզել են նվերներ, իսկ տոնական սեղանի մասով էլ ասաց՝ ինքը ավանդական սեղանի կողմնակից է։



-Ձմեռ պապիկը տեղյա՞կ է, որ Ձեր երեխաների հայրը նախարար է, որպեսզի ըստ այդմ ապահովի նրանց ցանկությունները։



-Իմ երեխաների ցանկությունները սովորական մանկական ցանկություններ են։



-Առաջինը ո՞ւմ եք շնորհավորում։



-Միշտ առաջինը շնորհավորում եմ ծնողներիս, բնականաբար՝ ընտանիքս, մեծ ընտանիքս, հետո անպայման սանիկներս են ինձ զանգում՝ որպես քավորի, իսկ ես՝ որպես սանիկ, զանգում եմ իմ քավորին։



-Նախագահին առաջիններից մեկը չե՞ք շնորհավորում։



-Նախագահին շնորհավորում ենք մինչև էդ։



-Նախարարներով իրար տուն գնու՞մ եք։



-Ես շնորհավորում եմ բացառապես ընկերական, հարազատական և մարդկային տիրույթում։ Գործընկերական տիրույթում շնորհավորանքները զանգով են, բացիկներով են և այլն։ Տուն կարող են գնալ շատ մոտիկ մարդիկ։



-Չկա՞ն մոտիկ մարդիկ, ովքեր նախարար են։



-Ես ունեմ մոտ ընկերներ, կապ չունի ինձ համար՝ իրենք նախարա՞ր են, թե՞ չէ։ Ես իրենց իմ տանը հյուրընկալում եմ և իրենց օջախ գնում եմ ոչ որպես նախարարի, այլ՝ որպես ընկերոջ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ