Հավասարության նշանը փոխվել է, իրավիճակը՝ մնացել նույնը

Հավասարության նշանը փոխվել է, իրավիճակը՝ մնացել նույնը

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: 



Այս թեմայով երեկ զրուցեցինք որոշ պատգամավորների հետ։ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը, օրինակ, կարծում է, որ Սարգսյան-Ալիեւ ամեն հանդիպումից առաջ 2 երկրների հանրությունն էլ սպասում է ինչ-որ լուծման, որովհետեւ այս իրավիճակը ո՛չ Հայաստանին է ձեռք տալիս, ո՛չ Ադրբեջանին։ «Եվ այդ առումով հույսերն ամեն հանդիպումից առաջ մեծ են լինում, բայց ամեն հանդիպումից հետո հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը որդեգրել է ագրեսիվ դիրքորոշում, հույս է դրել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու վրա, եւ հենց էդտեղ էլ իր սխալն է, ինքը, մեկ է, չի կարող ռազմական ճանապարհով էդ հարցը լուծի, բայց դա, իհարկե, լրացուցիչ բեռ է մեր տնտեսության վրա, մեր երկրի վրա»։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով էլ, եթե տարիների ընթացքում ի հայտ եկած դինամիկան ենք նայում, ապա Սարգսյան-Ալիեւ կամ Սարգսյանի մասնակցությամբ մյուս կարեւորագույն հանդիպումների ժամանակ ադրբեջանական կողմից ագրեսիան ավելի է ուժեղացել։ «Միջազգային կառույցներն ու համանախագահները ֆիքսել են, որ դրանից որեւէ շահեկան վիճակում չի հայտնվում Ադրբեջանը, բացի երկկողմ տված անմեղ զոհերից։ Եվ, բնականաբար, մենք եւս մեկ անգամ համոզվում ենք, որ ներքաղաքական իրենց լարված իրավիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար նա տանում է անհասկանալի քաղաքականություն, որը ես կանվանեի որպես վախկոտ առաջնորդի տարած քաղաքականություն»։ Ըստ Բաղդասարյանի, այստեղ 2 եզրահանգում կարելի է անել՝ կա՛մ Ադրբեջանի առաջնորդը ստախոս է, որ դրժում է հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր խոստումները, կա՛մ չի տիրապետում իրավիճակին՝ հանգստանում է Շվեյցարիայում եւ անտեղյակ է իր բանակի կատարած գործողություններից։ Նա նաեւ նշեց, որ իրենք այս հանդիպումից որեւէ հատուկ ակնկալիք չեն ունեցել, բայցեւ չէին կարող հրաժարվել դրանից, քանզի դա այլ մեկնաբանությունների տեղիք կտար։ Նա կարծում է, որ այս հանդիպումից հետո սահմանային լարվածությունը կմեղմանա, բայց ոչ երկարաժամկետ։



ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը նախ անդրադարձավ սահմանային լարվածությանը՝ նշելով, որ այն գնալով ավելի մտահոգիչ է դառնում, եւ պետք է բոլոր հնարավոր գործիքները կիրառվեն, որ Ադրբեջանը դուրս գա այն մտայնությունից, թե կարող է սահմանային լարվածություն առաջացնելով՝ խաթարել բանակցությունների ընթացքը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հետ բանակցելու այսօր ընդամենը մի բան կա՝ ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի ռեժիմի պահպանումը դառնա Ադրբեջանի համար կարեւորագույն եւ պատասխանատու գործընթաց։ Զաքարյանը կարեւորում է ռեժիմի խախտման եւ հետաքննությունների անցկացման մեխանիզմների ներդրման հարցը, որին կողմ է Հայաստանը, եւ նկատում, որ, դատելով հայտարարություններից, Ադրբեջանը եւս հանձնառություն է ստանձնել առաջիկայում այդ մեխանիզմների ներդրման վերաբերյալ իր մոտեցումները հայտնել։ Այս հանդիպումից հենց դա էր ակնկալվում։ Իսկ մեկ քայլ դեպի խաղաղ կարգավորում ընթացա՞նք։ «Այսօր բանակցություններին ոչ թե մի քայլ ավելացնելու, այլ բանակցային գործընթացում Ադրբեջանը փորձում է հետքայլ անել։



Այսինքն՝ լարվածությունն ավելացնելու միջոցով ամբողջ ուշադրությունը հրավիրել միայն սահմաններում տիրող իրավիճակին»։ Իսկ միջազգային կառույցների կողմից հավասարության նշանը, որ դնում են մեր եւ հակառակորդի միջեւ, փոխվե՞ց դեպի մեզ։ «Հավասարության նշանը, կարծում եմ, անառարկելիորեն փոխվել է վաղուց, այսինքն՝ Ադրբեջանն է դիտարկվում որպես հասցեատեր, բայց, իրականում, քաղաքական տեքստով եւ քաղաքական հայտարարություններում պետք է տեղ գտնի։ Այսինքն՝ Ադրբեջանը պետք է զգա իր պատասխանատվության ողջ հետեւանքները»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ