ՀՀԿ-ն պետք է մտածի ուժեղ ընդդիմություն ունենալու մասին

ՀՀԿ-ն պետք է մտածի ուժեղ ընդդիմություն ունենալու մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով, այս տարի ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ամբողջ Հայաստանի համար բավականին ձեռքբերումներ են եղել, քանզի այն, ինչ նպաստավոր է երկրին, պետությանը, ժողովրդին, նպաստավոր է նաեւ ՀՀԿ-ին։



Այդ ձեռքբերումների մեջ Մելիքյանը հատկապես առանձնացրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը եւ Ցեղասպանությունը՝ որպես միջազգային հանցագործություն դատապարտման գաղափարը, որն ընդունելի դարձավ միջազգային հանրության համար։ Մյուսը Մելիքյանը համարում է նոր Սահմանադրության ընդունումը։



Այն ՀՀԿ-ի համար, ինչ խոսք, շատ նպաստավոր էր եւ կարեւոր ձեռքբերում, սակայն այլ հարց է, թե որքանով էր նպաստավոր բազմաթիվ կեղծիքներով ընդունված ու ժողովրդի մեծ մասի կողմից մերժված այդ Սահմանադրությունը երկրին, պետությանն ու ժողովրդին։ Մելիքյանն այս ծանր ժամանակաշրջանում նաեւ քաղաքական ու տնտեսական կայունության ապահովումն է համարում կարեւոր ձեռքբերում։



- Իսկ ներքաղաքական առումով ի՞նչ կասեք, օրինակ՝ ԲՀԿ-ի «վնասազերծումն» ու Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելը ՀՀԿ-ի համար ձեռքբերո՞ւմ էր։



- Ցանկացած ներքաղաքական գործընթաց ընդհանրապես չի կարելի ձեռքբերում համարել, ըստ իս, դրանք սովորական քաղաքական գործընթացներ են։



- Բայց քաղաքական իրողություններ։



- Քաղաքական իրողություն է այն, որ պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։



- Իսկ կարո՞ղ ենք որպես կորուստ դիտարկել այն, որ ընդդիմությունն ավելի ջլատվեց, թուլացավ այդ գործողություններից հետո։



- Բոլոր նրանք, ովքեր որպես ընդդիմադիր քաղաքական ուժ թուլացած էին, թույլ էին, նրանք այդպես էլ մնացին կամ ուղղակի ժողովրդի կողմից այլեւս դարձան անընդունելի։



- Բայց ՀՀԿ-ի ճանապարհը, քաղաքական ուղին ավելի հարթվեց այս տարում։



- Ես չէի ասի, որովհետեւ կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մտածի ուժեղ ընդդիմություն ունենալու մասին։



- Բայց չունենք, չէ՞. ԲՀԿ-ն հիմա «խոնարհ հարսի» պես է, ՀՅԴ-ն՝ նույն վիճակում, «Ժառանգությունից» գրեթե բան չի մնացել, ՀԱԿ-ի դեպքում անհասկանալի է, թե ինչ է։ Այս իրավիճակը ՀՀԿ-ի համար ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ։



- Ես կարծում եմ, որ այս իրավիճակը թելադրված է նրանով, թե որքանով է ժողովուրդն ընդունում իրենց ընդդիմադիր հորջորջող քաղաքական առանձին խմբերի, մարդ-կուսակցություններին կամ անմարդ կուսակցություններին...



- Ինչպիսիք շատ կան ՀՀԿ խմբակցությունում...



- Ես չգիտեմ ՀՀԿ խմբակցությունում մարդ-կուսակցությունների ղեկավարներ։



- Բա Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը...



- Նրանք լուրջ քաղաքական ուժերի ղեկավարներ են։



- Այդուհանդերձ չասացիք՝ ներքաղաքական այս իրավիճակը ՀՀԿ-ի համար ձեռքբերո՞ւմ է, թե՞ կորուստ։



- Քաղաքական կայունությունը տվյալ երկրի, տվյալ պետության եւ տվյալ ժողովրդի ձեռքբերում կարելի է համարել։



- Թույլ ընդդիմությունը քաղաքական կայունության երաշխի՞ք է։



- Ոչ, թույլ ընդդիմությունը չի կարող լինել քաղաքական կայունության երաշխիք։ Կառուցողական ընդդիմությունը կարող է լինել քաղաքական կայունության երաշխիք։



- Ո՞րն է կառուցողական ընդդիմությունը, որը ենթարկվում ու հնազանդվո՞ւմ է ձեզ։



- Եթե հնազանդվում են, ուրեմն հարցրեք իրենց։ Որեւէ քաղաքական ուժի հնազանդում պետք չէ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ