Մեդիատարի

Մեդիատարի

Այս օրերին բոլորն ամփոփում են տարին. նախարարները տարեվերջյան ասուլիսներ են տալիս, ոլորտների մասնագետները՝ ի մի բերում արված-չարվածը, վերլուծություններ անում՝ ինչպիսին էր 2015-ը քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային, սոցիալական առումով։ Իսկ ինչպիսի՞ն էր տարին մամուլի, ԶԼՄ-ների համար։



Եթե մեկ բառով, ապա՝ բարդ։ Տարին լի էր մամուլի դեմ դատավարություններով, լրագրողները զերծ չմնացին բռնություններից, ոստիկանություն բերման ենթարկվելուց, քննիչների հետ «առերեսումներից»։ Մանավանդ այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք իրենց առջեւ ոչ թե իշխանությանը կամ ինչ-որ խմբերի, այլ հանրությանը ծառայելու խնդիր են դրել, դժվարին պայմաններում էին կատարում այդ առաքելությունը։ Մի կողմից՝ տեղեկատվություն հայթայթելու, ճշմարտությունը բոլորին հասցնելու դժվարություններ կային։ Մյուս կողմից՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, լրագրողների ազատությունը սահմանափակելու ավելի ու ավելի կազմակերպված, նպատակային գործողություններ։ «Հրապարակի» համար եւս չեմ կարող ասել, թե այս տարին թեթեւ տարի էր։ Մենք այդ բոլոր դժվարություններին զուգահեռ նաեւ ֆինանսական խնդիրներ ունեինք, դատական վեճեր, իրավապահ համակարգի, իշխանական տարբեր օղակների, կուսակցական մի շարք միավորների հետ «հակամարտություններ»։ Ֆինանսական խնդիրները, ցավոք, որոշակի մասով մենք հետներս տանում ենք 2016 թվական։



Դատական վեճերից մեկով ունենք առաջին ատյանում մեզ համար ոչ այնքան նպաստավոր որոշում, որը բողոքարկել ենք վերաքննիչ։ Իսկ տարբեր անձանց ու միավորների հետ «հակամարտություններն» ընդհանրապես հավերժ են եւ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ տպագրվում է «Հրապարակը»։ Բայց բողոքողներն ու նվնվացողները երբեք հաջողություն չեն ունենում, ուստի հիշատակենք նաեւ այն դրականը, որ մեզ բերել է 2015-ը։ Իսկ դրանք, անշուշտ, եղել են։ Նախեւառաջ, դա մեր ընթերցողների սերն ու հավատն է մեր հանդեպ։ Հատկապես թանկ է շարքային ընթերցողների վերաբերմունքը, որոնք առիթը բաց չեն թողնում մեզ ասելու, որ կարեւոր գործ ենք անում, եւ այս օրերին մեզ մաղթում են երկարակեցություն, կամք եւ ուժ՝ դիմակայելու մեզ բաժին հասնող դժվարություններին։



2015-ի մյուս ձեռքբերումը թերեւս Սահմանադրական դատարանի որոշումն է՝ աղբյուրի բացահայտման վերաբերյալ։ Այսուհետ դժվար կլինի պարտադրել որեւէ լրատվամիջոցի՝ բացահայտել իր անանուն աղբյուրները, որոնց շնորհիվ է ծնվում մեր հոդվածների մեծ մասը։ Իսկ դա շատ կարեւոր ձեռքբերում էր։ Ձեռքբերում կարելի է համարել նաեւ այն, որ մեծ թվով հոդվածների արդյունքում տեղաշարժեր են գրանցվել՝ մեր գրածն օգնել է կոնկրետ մարդկանց։ Եվ դա, թերեւս, ամենակարեւորն է։



Ա. Օ.