Առողջապահության նախարարության ձեռքբերումները, կորուստները, ամոթն ու մեղքի զգացումը

Առողջապահության նախարարության ձեռքբերումները, կորուստները, ամոթն ու մեղքի զգացումը

2015 թվականն առանձնահատուկ էր՝ հաշվի առնելով, որ մենք մեր առջև դրեցինք հանրային առողջապահական ծրագրերի գերակայությունը և գործող բուժական ծրագրերի մեջ մատչելիության և որակի խնդիրը։ Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մենք կարողացանք պատվաստանյութերի հետ կապված ունենալ հաջողություններ, կարողացանք բարձրացնել ծածկույթի տոկոսը։ 



Այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիսում, որը տեղի ուենցավ «Ֆարմա Տեկ» դեղագործական ընկերության տարածքում, այսպես՝ ձեռքբերումները թվարկելով սկսկեց իր խոսքը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։



Որպես կարևոր ձեռքբերում՝ նա նշեց նաև սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում մահացության դեպքերի նվազումը, և այս ուղղությամբ իրականացված սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որն այս տարի տվեց իր արդյունքները. «Ծրագիրը մշակվել է 2014-ի հունվարին և մեկնարկել է 2015-ի հունվարից, բայց նրա ամբողջական ծավալները սկսեցին զարգանալ փետրվար ամսից, և առաջին վեց ամիսների ընթացքում արդեն մենք ունեինք շուրջ 350 դեպքով նվազ մահացության ցուցանիշ»։



Ըստ նրա՝ լրջագույն ձեռքբերումներից մեկն էր բարձրացնել դիաբետով հիվանդների համար նրանց մատակարարվող դեղահաբերի հասանելիության ծածկույթը. «Խոսքը ամենաբարձր որակի «Դիաբետոն» դեղի մասին է։ Գիտեք, որ անցյալ տարի մենք ունեցանք որոշակի հասրաակական քննարկումներ և քննադատություն, որը մասնակի օբյեկտիվ էր, մասնակի՝ սուբյեկտիվ, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ վստահության գործակիցը խախտված էր, մենք գնացինք այդ քայլին և բանակցությունների ճանապարհով ուղիղ արտադրողից կարողացանք շատ ավելի մատչելի գնով ձեռք բերել այն դեղամիջոցը, որը պահանջված էր, և բարձրացնել ծածկույթը գրեթե մինչև 80% նախորդ տարիների 30-ի փոխարեն»։ Իսկ 100%-անոց ծածկույթ, ըստ նրա, ապահովված է ինսուլինների դեպքում։



Ձեռքբերումները թվարկելուց հետո նախարարը չշրջանցեց նաև նաև բացթողումներն ու խնդիրները։ «Բացթողումներ չեն կարող չլինել ցանկացած աշխատանքային թիմի աշխատանքի արդյունքում։ Ես կարծում եմ, որ բացթողումները հիմնականում հանրային առողջապահական ծրագրերի հատվածում են, որտեղ մենք պետք է կարողանայինք ձեզ հետ միասին, ի դեպ, իրականացնեինք իրազեկվածության բարձր մակարդակ»,-ասաց նախարարը՝ բացթողումների մասին խոսելով առավել ընդհանրական տեսանկյունից՝ առանց հստակ մատնանշումների։



Hraparak.am-խնդրեց նախարարին այդպես մանրակրկիտ, ինչպես թվեց իրենց ձեռքբերումները, հստակ նշել մի քանի առարկայական բացթողում, որոնք իրենք հայտնաբերել են այդ առողջապահական ծրագրերի իրականացման ընթացքում և առհասարակ։



Ի պատասխան՝ պարոն Մուրադյանն ասաց. «Հաշվի առնելով, որ մենք հանրային առողջապահությունը գերակա ենք համարում, փաստացի այսօր մենք ունենք մարզեր և համայնքներ, որտեղ որ փաստացի նվազում է պատվաստումների տոկոսը, որը, իրականում, ամբողջ հանրապետությունում ազդեցություն չի թողնում, բայց մեզ համար մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ մենք ամեն համայնքի հետ կապված ունենք համապատասխան ցուցանիշի այսօրվա իրավիճակը։ Եվ այդ նվազումը մեզ խիստ մտահոգում է»։



Ըտս նրա՝ առողջությունը բացարձակ արժեք է, երկրորդը՝ առողջությունը պետք է նաև ստեղծել, և այս հատվածում կարծում է, որ իրենք մեզ հետ համատեղ անելիքներ ունեն։



«Առհասարակ, որպես արևելյան երկիր՝ մենք ավելի հակված ենք դեպի ամոթի մոտիվացիայի, քան դեպի մեղքի։ Երկու հիմնական շարժառիթներ կան աշխարհում, եթե արևմտյան երկրները ավելի շատ շարժառիթներ ունեն մեղքի, և փաստացի ծխելու հետ կապված օրենքն է ավելի շատ կանոնակարգում, մենք ավելի շատ հակում ունենք դեպի ամոթի»,-նշեց նախարար Մուրադյանը՝ նկատելով, որ մեր երկրի նման երկրներում իսկապես շռայլություն է հիվանդանալը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ