Նախարարը՝ Սյունիքի մարզպետի որդու և Սողոմոն Քոչարյանի ազատման ու արդարության վերականգման մասին

Նախարարը՝ Սյունիքի մարզպետի որդու և Սողոմոն Քոչարյանի ազատման ու արդարության վերականգման մասին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ նաև ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի դեպքին։ Նա, հիշեցնենք, 20 տարի անց բանտից ազատվեց առողջական խնդիրների պաշտաճոռվ, և օրեր անց մահացավ ազատության մեջ՝ կրկին առողջական խնդիրների պատճառով։ Ի դեպ, Ս. Քոչարյանը բանտից դուրս եկավ հենց Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ, նրա՝ նախարար նշանակումից կարճ ժամանակ անց։



Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նախարարից, թե ո՞վ էր պատասխանատու Սողոմոն Քոչարյանի առողջության պահպանման համար, և ինչու բանտում նրա առողջությունը վատացավ այնքան, որ նա մահացավ։



«Սողոմոն Քոչարյանի առողջության պահպանման համար պատասխանտու, բնականաբար, քրեակատարողական հիմնարկում նաև բժշկական անձնակազմ կա, բայց եթե ես ասեմ, թե յուրաքանչյուր անձի առողջության վիճակի համար ով է պատասխանատու... չէի ասի, թե ինչ-որ մեկը չի հետևել։ Հիվանդությունների տեսակներ կան, խորացող հիվանդություններ կան, ես կարծում եմ, որ հիմա ես այդ ձևաչափով պիտի հարցին անդրադառնամ։ Բայց ես ուզում եմ մի կարևոր փաստ արձանագրել. Քրեակատարողական հիմնարկի թե՛ վարչակազմը, թե՛ հիվանդանոցում ամեն ինչ արել ենք, իրականում։ Եվ ես ուզում եմ ասել, որ իմ պաշտոնի նշանակվելուց հետո ես ամենօրյա ռեժիմով, եթե չասեմ՝ օրական մի քանի անգամ, հետաքրքրվել եմ, հետևողական եմ եղել, որպեսզի ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես պիտի կատարվի»,-ասաց նախարարը՝ նշելով,որ ցանկացած դեպքի հետ կապված բացթողումներն իրենք վեր են հանում, որպեսզի այլևս այդպիսի բացթողումներ թույլ չտան։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարարից՝ արդյոք Ս. Քոչարյանի՝ առողջական խնդիրների պատճառով բանտից ազատվելը կարելի՞ է համարել արդարության դրսևորում կամ արդարության վերականգնում։ Այստեղ զուգահեռ անցկացրինք նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ կրկին առողջական խնդիրներով (հոգեկան խնդիրներ ուներ նա) կալանքից ազատման փաստի հետ, երբ Սուրիկ Խաչատրյանը, որդուն ազատ տեսնելով, հայտարարել էր, թե Հայաստանում արդարությունը վերականգնվեց։



«Ուրեմն թե՛ Սողոմոն Քոչարյանի հետ կապված, թե՛ երկրորդ դեպքի հետ կապված նախ տարանջատենք՝ մեկը գտնվում էր պատժի կրման պայմանների փուլում, մյուսը՝ նախաքննության ժամանակահատվածում։ Ազատման հիմքերը նույնը կարող են լինել՝ կախված նրանից, թե որ դեպքում ինչ է արձանագրվել։ Երկրորդ դեպքի հետ կապված ես ի պաշտոնե տեղեկատվություն չունեմ, բայց, բնականաբար, եթե առողջական վիճակի պատճառով է եղել, նշանակում է` դրա փաստական արձանագրումը եղել է»,-ասաց Ա. Հովհաննիսյանը։



Ինչ վերաբերում է Սողոմոն Քոչարյանի դեպքին, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Ես էդպիսի ձևակերպումներից կխուսափեի՝ արդարությունը վերականգնվեց, արդարությունը չվերականգնվեց և այլն: Ես կասեի պարզապես, որ գործում են նորմերը, որոնք նախատեսված են օրենքով։ Օրենքի ուժով կամ համապատասխան իրավական ակտերի ուժով տեղի ունեցավ այն, ինչի ավարտը կամ ինչի փաստը դուք արձանագրեցիք»,-ընգդծեց նախարար Հովհաննիսյանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ