Ամենաթանկ բենզինը Հայաստանում է

Ամենաթանկ բենզինը Հայաստանում է

Այս օրերին շատերին է տանջում հարցը, թե ինչպես է պատահում, որ նավթի թանկացումը վայրկենապես ազդում է Հայաստանում բենզինի գնի վրա, իսկ էժանացումը` ոչ: Շաբոյանն ինչ-որ հարկերի մասին է խոսում, որոնք թույլ չեն տալիս բենզինն էժանանա, բայց սուտ է ասում, չկա նման բան: Մեզ թվում է` շան գլուխն այլ տեղում է թաղված:



Եվրոպայում էլ հարկեր են մուծում, ընդ որում` բոլորը, բայց նավթի բարելի էժանացումը ժամացույցի սլաքով եթե նայեք, րոպեներ անց հասնում է եվրոպացու գրպանին, եւ եվրոպացին իրեն լավ է զգում բենզինի հերթական էժանացումից: Հայաստանի հարկատուն, սակայն, բենզինը շարունակում է 420 դրամով գնել, չնայած նավթի գինը բարելի դիմաց 60 դոլարից իջել է 25-26-ի: Սա չի՞ նշանակում, արդյոք, որ Հայաստանում ինչ-որ բան սխալ է, որ Շաբոյանը ստեր է փչում, որ ինչ-որ մարդիկ գերշահույթներ են ստանում մեր համբերատարության հաշվին:



Հովիկ Աբրահամյանը հստակ հարց տվեց` եթե ալյուրն էժանացել է, ապա ինչո՞ւ հացը չի էժանացել: Նույն իրողության հետ գործ ունենք` եթե նավթը, ինչից բենզին են ստանում, էժանացել է, ինչո՞ւ բենզինը չի էժանանում:
Գաղտնիք չէ, որ եթե բենզինն էժանանա եւ արժենա ոչ թե 420, այլ 201 դրամ, պարապուրդի կմատնվեն Հայաստանի բոլոր գազալցակայանները: Իսկ սա նշանակում է Հայաստան ներկրվող գազի ծավալների նկատելի կրճատում, ինչը, բնականաբար, դուր չի գա մեզ վրա բավականին ճոխ գնով գազ ծախող Ռուսաստանին: Եվ այս պարզ իրողությունը թաքցնել մարդկանցից, փորձել բենզինի անսասան գինը բացատրել, չգիտեմ՝ գերբնական հարկերով, ծիծաղելի է եւ ամոթ:



ՀՀ իշխանությունների ամենախոցելի տեղն այն է, որ ոչինչ չեն անում ժողովրդի համար: Թողնես` բան գտնեն ժողովրդի վրա ծախելու եւ այն էլ լավ գնով ծախելու: Ո՞ւմ բողոքես, հորեղբոր տղաներով հավաքվել` մարդկանց ու երկիրը լափում են: Մի քանի օր առաջ Խոսրով Հարությունյանը Սորոսի յոթն ու քառսունքը մեկ էր արել` նշելով, որ համաշխարհային տնտեսական նոր ճգնաժամը քիչ հավանական է, իսկ եթե լինի էլ, Հայաստանի վրա չի ազդի: Եվ Խոսրով Հարությունյանը ճիշտ է իտոգում: Եթե մի պահ աշխարհում ամեն ինչ անվճար էլ դառնա, միեւնույն է, Հայաստանի վրա դա չի ազդի, որովհետեւ, նախ` Հայաստանը տնտեսություն չունի, որ հայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ, եւ ապա` Հայաստանում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ձրի բանը կբերեն ու, հոր գները վրան դրած, կվաճառեն:
Բենզինի գինը, թերեւս, դրա վառ ապացույցն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ