Իրանը միայն նավթահոր չէ

Իրանը միայն նավթահոր չէ

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու համար պահանջվում է ընդամենը մեկ բան` Հայաստանը հետաքրքիր դարձնել Իրանի համար: Սա չպետք է հասկանալ` Իրանի առաջ կապիտուլացվել եւ թողնել, որ ինչ ուզում են՝ անեն: Ամենեւին: Այդպես նույնիսկ Իրանի համար հետաքրքիր չի լինի:



Կարծում եմ` մենք առաջին հերթին պետք է դադարենք Իրանը պատկերացնել որպես բացառապես գազի եւ նավթի շտեմարան, որից կարելի է վենա մտնել` մեր երկրով գազամուղ կամ նավթամուղ անցկացնելու շլացուցիչ խոստումներով: Այն էլ ասենք, որ Իրանը մեզնից ոչ պակաս լավ է հասկանում այս տարածաշրջանի իրավիճակը եւ գուցե նույնիսկ չի շլանում մեր այդ առաջարկներից ու հնարավորություններից:



Իրանը միայն գազ եւ նավթ չէ, հարգելիներս: Դա մի հսկայական շուկա է, որի պահանջարկների եւ առաջարկների մեջ նավթն ու գազը, ճիշտ է, մեծ տեղ են գրավում, բայց դեռ բավարար չեն այդ շուկան հագեցնելու համար: Պատժամիջոցների երկար ու ձիգ տարիները, անշուշտ, իրենց հետքն են թողել այդ երկրի տնտեսության վրա, որի շատ ճյուղեր այսօր կարոտ են վերաբեռնման: Մտածել է պետք, հարգելի տնտեսագետներ:



Կարո՞ղ ենք, օրինակ, անվադողերի կամ պարսկական կաշվի վրա հենված բրենդային կոշիկի արտադրությամբ մտնել Իրանի եւ, ինչու ոչ, համաշխարհային շուկա: Իսկ ի՞նչ է հնարավոր անել էլեկտրաշարժիչներ մատակարարելու հարցով: Իրանում մեքենաշինությունն այսօր ամենազարգացող ճյուղերից մեկն է: Մեզ համար որեւէ դետալ պատրաստելու եւ դրանով այդ ճյուղի զարգացման մասնակից դառնալու հնարավորություն կա՞, թե՞ ոչ: Իսկ կարո՞ղ ենք խմելու ջրով ապահովել Վանաձորի կամ Գյումրիի չափ տարածք ունեցող իրանական որեւէ գործարանի պահանջ: Այս ամենը` այսօր` առաջին փուլում, մինչեւ կունենան Հյուսիս-հարավ ճանապարհը կամ Իրան-Հայաստան երկաթուղին:



Դատելով այս օրերին հատկապես ակտիվացած ներհայաստանյան քննարկումներից, թվում է, թե մենք Իրանին անելու առաջարկ չունենք, եւ սպասում ենք, որ Իրանը պետք է մեր մասով ինչ-որ բան մտածի եւ ձեռնարկի: Մենք այդպես շատ երկար կարող ենք սպասել, քանզի ձեռքերն ազատված Իրանն այս պահին խիստ զբաղված է մեծ պետությունների հետ իր նախկին կապերի վերականգնմամբ եւ բավականին փոփոխված աշխարհում իր տեղը վերագտնելով: Ճիշտ չէ մտածելը, որ Իրանը հենց հիմա պետք է գնա Արեւմուտքի եւ Արեւելքի բոլոր խաղաքարերը խառնելու ուղղությամբ: Այդ գործընթացը կարող է տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր տարիներ տեւել: Բազմադարյա պետականություն ունեցող այդ երկիրն շտապելու տեղ չունի: Մենք` ունենք: Հետեւաբար, հենց մենք պետք է շահագրգռված լինենք Իրանի հետ բանակցություններն ու պայմանավորվածությունները վերացականությունից գործնական հարթություն բերելու հարցում: Հնարավո՞ր է, արդյոք, Հայաստանում իրանական կապիտալով վերագործարկել Ռուսաստանին վաճառված եւ վրաները կողպեք կախած ձեռնարկություններն ու գործարանները` նպատակ ունենալով դրանց արտադրանքն էժան գներով իրացնել Իրանի եւ հարակից երկրների շուկայում:



Կարծում ենք` ավելորդ է խոսելը Թուրքիայից ներկրվող շատ ապրանքներ Իրանից ներկրելու նորահայտ լավ պատեհության մասին: Այդ ապրանքների գները, անշուշտ, կնվազեն Հայաստանում, եթե նույնիսկ ներկա պահին գործող ոչ այնքան հարմար միջպետական ճանապարհը խելացի օգտագործվի:



Որոշ վերլուծաբանների կարծիքով` Հայաստանում գործնականում բացակայում են թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական մակարդակով Իրանի հետ կապված նոր հայեցակարգերը: Համաձայն ենք: Ընդամենը մի քանի օր է, ինչ Իրանը փորձում է աչք բացել պատժամիջոցներից: Բայց հիմա նստելու, ինչ-ինչ հայեցակարգեր մշակելու, գիտությունով չալելու ժամանակը չէ: Հիմա պետք է սկսել: Թեկուզ ամենահասարակ քայլից ու գործարքից պետք է սկսել, որովհետեւ, մինչեւ մենք հայեցակարգ ու չգիտեմ ինչ ստեղծենք, գնացքը կարող է շարժվել, ու մի գեղեցիկ օր էլ կտեսնենք, որ մեր տեղն իրանա-հայկական հարաբերություններում արդեն զբաղված է:



Օրերս Իրանն արգելեց թուրքական ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու նախապես գործող կարգը եւ հայտարարեց, որ դա հակասում է իրանական ապրանքների արտահանման օրենքներին: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ` օգտվելու այդ ճանապարհից եւ Իրանին վճարել հայկական ապրանքները Ռուսաստան հասցնելու համար: Հաստատ ինքնաթիռով կամ Վրաստանի ճանապարհով տանելուց էժան կնստի, չէ՞:



Բացառված չէ, որ այս հոդվածում բարձրաձայնած մեր շատ անհանգստություններ նույնիսկ ժպիտ առաջացնեն քաղաքագետների, տնտեսագետների, արտահանման-ներմուծման ոլորտի քաջագիտակների շրջանում: Ի՞նչ արած, մեզ տրված չեն նրանց հմտությունները, բայց մի բանում մենք հաստատ վստահ ենք` անընդհատ խելոք-խելոք խոսելն ու ոչինչ չանելը հաստատ մեր օգտին չեն:



Ասում են` ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ: Հրաշալի է: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահը չի սպասել, մինչեւ Իրանի հետ խոսելու հայեցակարգ մշակվի: Բայց, մյուս կողմից էլ, եթե որեւէ ռեալ գործից չեն խոսել, ապա ոչ մի տարբերություն չկա` Սերժ Սարգսյանն Իրանի՞, թե՞ Բուրունդիի նախագահի հետ է խոսել: