Բարտեր` ըստ Ուորլիքի

Բարտեր` ըստ Ուորլիքի

Ֆեյսբուքը թնդում է Ստյոպա Սաֆարյանի հիացական բացականչություններից` այ դա Մինսկի խումբ, այ դա Ուորլիք, մեծատառով հայասեր ու նման բաներ: Ստյոպա Սաֆարյանին, վայ միամիտ տղա, թվում է, թե Ուորլիքը, միայն Ուորլիքը եւ ոչ ոք Ուորլիքից բացի չէր կարող այնպես անել, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական զեկույցը չանցներ: Այ Ստյոպա Սաֆարյան ջան, գոնե սպասեիր՝ ԵԽԽՎ լիագումար նիստն ավարտվեր, նոր քեզ գցեիր Ֆեյսբուք:



Հիմա, երբ հակահայկական մյուս` բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ընդունվեց, բնական հարց է առաջանում, թե ինչու Սաֆարյանի աստվածացրած Մինսկի խումբը եւ Ջեյմս Ուորլիքը չկարողացան նաեւ այդ զեկույցի դեմն առնել: Իսկ գուցե Ջեյմս Ուորլիքն այս զեկույցին կո՞ղմ էր:



Ահա եւ մտածելու գործ է բացվում: Կար երկու զեկույց` մեկը վատ, իսկ մյուսը՝ ավելի վատ: Եվ ի՞նչ արեց Եվրոպան: Մերժեց մեզ համար վատ զեկույցը, բայց հաստատեց ավելի վատը: Բավականին ծիծաղելի իրավիճակ է, այնպես չէ, երբ, մանավանդ, արդեն երգ ես գրել Ուորլիքի մասին, որը չի կարողանում Ադրբեջանին ստիպել` չկրակել, բայց լռում է եւ խորամանկությամբ կարգավորում է Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչության ջրի հարցը: Այսինքն` ստացվում է, որ նրանք պետք է մեզ վրա կրակեն, իսկ մենք նրանց ջուր տանք: Եթե սա ձեռքբերում է Ուորլիքի համար, ապա երբեք չի կարող ձեռքբերում լինել Հայաստանի համար: Ի՞նչ արեցին: Որպեսզի Հայաստանը շատ չնեղանա, երկու հակահայկական զեկույց բերեցին, երկու վճիռ կայացրին` մեկը մեր, մյուսը` Ադրբեջանի օգտին: Եվ ի՞նչ զեկույցներ` մեկը լոլո, իսկ մյուսը՝ ռազմավարական նշանակություն ունեցող: Եվ ընդունեցին ռազմավարական նշանակություն ունեցող զեկույցը: Սա է ամբողջը, որ վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին այդպես ուրախացրել է:



Սա նաեւ շատ վտանգավոր նախադեպ է ԼՂՀ հարցի հետագա կարգավորման գործընթացի համար: Վաղը կարող են երեք հակահայկական զեկույց բերել` երկուսը լոլո, իսկ մեկը` Աղդամի մասին: Ուորլիքը մի քիչ կինքնահրկիզվի, լոլոները չեն անցնի, իսկ մյուսը, որտեղ նշված կլինի, որ Աղդամի թուրքերի շրջանում աճել է սրտանոթային հիվանդությունների քանակը, եւ նրանց անհապաղ Աղդամի օդ է պետք, կանցնի: Երեւի այն ժամանակ էլ կասենք` մալադեց Ուորլիք, մարդը քիչ էր մնում մեզ համար ինքնահրկիզվի:



Ի՞նչ կարելի է ասել մեր գլխին երեկ խաղացած հերթական խաղի մասին: Կարելի է ասել` յուրահատուկ բարտեր են արել, ընդ որում` ոչինչ չփոխելով ոչնչի հետ: Այդպես սովորաբար չի լինում, երբ դիմացինն ստանում է ստանալիքը, իսկ դու գոհանում ես նրանով, որ նա կրկնակի չստացավ: Նույնիսկ կարելի է համարել, որ լավ առեւտուր արեցիր: Կարող էին երկու շիկացած ածուխ դնել ափերիդ մեջ, իսկ այսպես դրել են մեկը, եւ կարող ես մի կերպ դիմանալ` մի ձեռքից մյուսը գցելով: