Կողմ, դեմ, ձեռնպահ՝ ով ինչպես է աշխատել

Կողմ, դեմ, ձեռնպահ՝ ով ինչպես է աշխատել

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի ճակատագիրն արդեն եղելություն է, այժմ քաղաքական շրջանակներում քննարկվում է, թե ով ինչպես աշխատեց: Մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկը ԱԺ-ն պատգամավորներին գործուղել էր տարբեր երկրներ՝ լոբբինգ անելու ու կանխելու բանաձեւերի ընդունումը: Եվ, ահա, այժմ «վերեւներում» դիտարկում են քվեարկության արդյունքներն ու հետեւություններ անում աշխատանքի մասին: Ասենք, Կորյուն Նահապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը գործուղվել էին Գերմանիա ու Սլովենիա: Եթե Սլովենիայի դեպքում կարելի է գլուխ գովել, ապա գերմանացիներին համոզելու գործում արդյունքներն այնքան էլ լավը չեն. բանաձեւերի օգտին քվեարկածների մեջ գերմանացիները փոքր թիվ չեն կազմում: Լեւոն Մարտիրոսյանը գործուղվել էր Մեծ Բրիտանիա. այստեղ հետաքրքիր պատկեր է, թեեւ բանաձեւերից մեկի հեղինակ Ուոլթերը բրիտանացի պատգամավոր է, սակայն բրիտանացի պատվիրակները մեծ մասամբ մեր օգտին են քվեարկել, իսկ մի քանիսը չեն մասնակցել քվեարկությանը: Արագած Ախոյանը մեկնել էր Թուրքիա, Թեւան Պողոսյանը, Հերմինե Նաղդալյանը՝ Վրաստան, ահա, այս 2 երկրներից էլ ունենք ամենավատ արդյունքները: Էդուարդ Շարմազանովը մեկնել էր բալթյան երկրներ, Չեխիա եւ Հունաստան: Օրինակ, Հունաստանից քվեարկությանը մասնակցած 4 պատվիրակներից երկուսը կողմ են քվեարկել Ուոլթերի զեկույցին, երկուսը՝ դեմ: Չեխիայի 3 պատվիրակներն էլ ձեռնպահ են եղել։ Թեւան Պողոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը մեկնել էին Բենիլյուքսի երկրներ, Վահրամ Բաղդասարյանն ու Արտակ Զաքարյանը՝ Ավստրիա, Սամվել Ֆարմանյանը՝ սկանդինավյան երկրներ։ Հայկական բանաձեւերին կողմ են քվեարկել նաեւ ֆրանսիացի, իտալացի, իսպանացի պատգամավորները: Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին կողմ է քվեարկել Թուրքիայից՝ 13, Հունաստանից՝ 2, Ուկրաինայից՝ 4, Բելգիայից՝ 2, Վրաստանից՝ 4, Հունգարիայից՝ 4, Մալթայից՝ 2, Լիտվայից՝ 1, Սերբիայից՝ 4, Ադրբեջանից՝ 6, Իտալիայից՝ 3, Գերմանիայից՝ 3, Իսլանդիայից՝ 1, Մոլդովայից՝ 1, Ֆրանսիայից՝ 4, Իսպանիայից՝ 5, Բուլղարիայից՝ 1, Ալբանիայից՝ 1, Իռլանդիայից՝ 1, Բոսնիա, Հերցեգովինայից՝ 1, Մեծ Բրիտանիայից՝ 1, Մակեդոնիայից՝ 1, Լեհաստանից՝ 1, Լիխտենշտայնից՝ 1, Ռումինիայից՝ 1 պատգամավոր։