«Բարեգործական» առաջարկ է ստացել երկու կուսակցությունից

«Բարեգործական» առաջարկ է ստացել երկու կուսակցությունից

Ընտրություններին դեռ 1 տարի կա, բայց նախընտրական խմորումներն առկա են։ Լուրեր կան, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պատրաստվում է հաջորդ խորհրդարան համալրված կազմով ներկայանալ: Շրջանառվում են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Դավիթ Շահնազարյանի, խորհրդային քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի անունները: Վերջինը Խոսրով Հարությունյանի Քրիստոնեադեմոկրատական միության հիմնադիր-նախագահն է եղել: Ազատ Արշակյանն ասաց, որ «բարեգործական» առաջարկ է ստացել. «Թոշակառու ես, ո՞նց կարելի է եւ այլն, եւ այլն, դրանք զուտ ընկերական խոսակցություններ են եղել»։ Ասաց, որ «ազատ դեմոկրատներն» իր ընկերներն են, որոնց հետ հաճախ է շփվում: Իսկ ՔԴՄ-ի մասին բացարձակ տեղեկություն չունի, չգիտի էլ՝ իրեն հեռացրել են, թե ոչ. «Այդ կուսակցությունը, որի հիմնադիրն եմ ես, ինչ-որ մեկը գրպանել է կամ ընտանեկան սունդուկում է պահում, իսկ ես գրպանահատ չեմ»: Ազատ Արշակյանը եւս 2 կուսակցությունից ցուցակագրվելու առաջարկ է ստացել. «Բայց երբ որեւէ կուսակցություն կամ միություն կձեւավորի օրակարգ՝ ազատագրական պայքար Հայաստանի անկախության համար, այնտեղ էլ կհայտնվեմ, այլապես իմ ներկայիս կարգավիճակն ինձ լիովին բավարարում է»: