Նապոլեոն Ազիզյանը նորից պատգամավոր է ուզում դառնալ

Նապոլեոն Ազիզյանը նորից պատգամավոր է ուզում դառնալ

Չնայած նոր Սահմանադրությամբ կառավարման խորհրդարանական մոդելն իրականացվում է համամասնական ընտրակարգով, որը ենթադրում է մականունավորներից, գործարարներից, «ավտարիտետներից» հրաժարում, սակայն փոփոխությունների ակտիվ ջատագովներն արդեն սկսել են «նմանների» փնտրտուքը, որոնց ցուցակագրելով՝ հնարավորություն կստանան նրանց միջոցով կուսակցության համար ձայներ ապահովել՝ իմաստախեղելով համամասնական ընտրակարգը:



ԲՀԿ-ի ցուցակում, օրինակ, կկարողանանք տեսնել նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին, որն անցած ընտրություններում թիվ 9 մեծամասնականում պարտվեց ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանին: Փետրվարյան «հեղափոխությունից» հետո թեպետ Ազիզյանը ԲՀԿ-ից հեռանալու որոշում էր կայացրել՝ «ինձ Ծառուկյանն էր հրավիրել, Ծառուկյանը գնաց, ես էլ գնացի» հիմնավորումով, սակայն երեկ իր վերադարձը նա այսպես բացատրեց. «Այո, դիմում էի գրել, բայց ԲՀԿ-ի կուրատոր մեր Աբրահամ Մանուկյանը դիմումս վերցրեց ասեց՝ պիտի մնանք իրար հետ, ու ԲՀԿ-ն ինչքան ծրագրեր ունի, պիտի իրականացնենք»:



- Պարոն Ազիզյան, նոր Սահմանադրություն, կառավարման նոր մոդել... Ձեր մեջ այս փոփոխությունները ցանկություն չե՞ն առաջացնում նորից քաղաքականություն վերադառնալու:



- Այո, այո, հնարավոր է:



- Նոր Սահմանադրությունը բացառում է մեծամասնական ընտրակարգը, որով միշտ առաջադրվել եք, Դուք էլ՝ անկուսակցական:



- Ես ԲՀԿ-ից եմ, քաղխորհրդի անդամ: Դեռ կտեսնենք Ընտրական օրենսգիրքն ինչ է լինում, դեռ ոչ մի բան հայտնի չէ, հետո՝ առաջ Աստված:



- Բայց հեռացել էիք անցած տարի:



- Այո, դիմում էի գրել, բայց ԲՀԿ-ի կուրատոր մեր Աբրահամ Մանուկյանը դիմումս վերցրեց ասեց՝ պիտի մնանք իրար հետ, ու ԲՀԿ-ն ինչքան ծրագրեր ունի, պիտի իրականացնենք:



- Այսինքն, արդեն նման քննարկումներ կա՞ն․ ովքե՞ր կլինեն ցուցակում:



- Չէ, չկան, ես իմ ցանկությունն ասեցի, հիմա մենք զուտ կուսակցական աշխատանքով ենք զբաղված:



- Իսկ ինչո՞ւ պիտի Ձեզ ցուցակ մտցնեն, Ձեր ո՞ր արժանիքի համար:



- Ես չասեցի, որ ինձ կընդգրկեն, ընդամենը ցանկությունս ասեցի, իսկ թե որ արժանիքի համար, ե՞ս պիտի ասեմ: Ես շփվել, աշխատել եմ մարդկանց հետ, ինձ ճանաչում են քաղաքում, բոլոր անցուդարձին ծանոթ եմ, ես էլ արած բաներ ունեմ:



- Այսինքն՝ Դուք ԲՀԿ-ի համար «ձայն բերող» եք լինելու:



- Ի՞նչ ա նշանակում:



- Դե, Ձեր նմանները շատ կլինեն, մեկը՝ վարկանիշով, մյուսը ռեսուրսներով իր համար, նաեւ կուսակցության համար ձայներ կապահովի:



- Ես էդ պարամետրերի մեջ չեմ մտնում, բայց որ կուսակցական ենք, բնական չէ՞, որ պետք է մասնակցենք քարոզչությանը, բնական չէ՞, որ պիտի ասենք՝ ձայներդ տվեք ԲՀԿ-ին:



- Իսկ, ըստ Ձեզ, սահմանադրական փոփոխություններից հետո, որի պաշտպաններից է նաեւ ձեր կուսակցությունը, ի՞նչ է փոխվել երկրում, կառավարման նոր մոդելն ինչո՞վ է լավը նախորդից:



- Բոլոր մոդելներն էլ լավն են, եթե լավ են աշխատում: Տեղեր կան, որտեղ նույն մոդելը, որը մենք ընդունեցինք, շատ լավն է, տեղեր կան, որ վատն է: Անգլիայի նման երկրում մեծամասնական է, բայց լավ է, այսինքն՝ ինձ չի թվում, որ կյանքը կախված է մոդելից:



- Այսինքն՝ իրականում քաղաքական ենթատե՞քստ կար, դրա՞ համար փոխեցին Սահմանադրությունը, որպեսզի Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգվի:



- Ոնց որ շատ հեռու գնացիր, ես իմ մասին հարցերին կարող եմ պատասխանեմ, մնացած բաները ով գիտի՝ ինչ օրենսգիրք են ընդունում, ով որտեղ կլինի, ինչ կլինի: Հիմիկվանից խոսել, թե մի տարի հետո ինչ է լինելու, դատարկ գործով զբաղվել է նշանակում:



- Ձեր կարծիքով, փետրվարյան թոհուբոհից հետո ԲՀԿ-ն նախկին վարկանիշն ունի՞ եւ կարո՞ղ է գալիք ընտրություններում ձայներ ապահովել, ինչպես 2012-ին։ Եվ ի՞նչ հավակնություններ ունի ձեր կուսակցությունը:



- Ճիշտն ասած, չգիտեմ, դուք էլ եք տեսնում ԲՀԿ-ի պահվածքը, վիճակը, ընդդիմադիր կուսակցություն ա:



- Անունով:



- Ինչի՞ անունով:



- Որովհետեւ աջակցում է իշխանությունների կարեւոր նախաձեռնություններին՝ սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգրքի փոփոխություն:



- Սահմանադրական բարեփոխումների մասին ԲՀԿ-ն վաղուց է ասել, որ դա մեր նախընտրական ծրագիրն է, եւ մեծամասնականը պետք է հանվի: Հիմա ի՞նչ՝ չպաշտպանեի՞ն իրանց ծրագիրը:



- Իսկ ինչո՞ւ էին պաշտպանելուց առաջ իրենց ծրագրի դեմ պայքարում, Ծառուկյանը համախմբել էր ողջ ընդդիմությանը։ Իսկ կուսակցության ներկայիս ղեկավար կազմն անխնա դատափետում էր իշխանությունների այդ նախաձեռնությունը:



- Հիմա Ծառուկյանը քաղաքականության մեջ չկա, Ծառուկյանն ու մյուսներն ինչ են ասել, այդ հարցերն իրանց թողնենք, ես պատասխանեցի իմ մասին հարցերին եւ միայն իմ մասին հարցերին եմ պատասխանելու: Էսօր ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն ա հանդես գալիս, թե վաղն ինչ կլինի, թողեք՝ կիմանանք: ԲՀԿ-ի վրա ոչ մի բան էլ չի ազդել, իր կայուն ընտրազանգվածն ունի: