Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը դաշնակցական չդարձավ

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը դաշնակցական չդարձավ

Մեր նախորդ հրապարակումներում Դաշնակցության «քննադատներին» քանիցս ասել ենք` ձեռք քաշեք ձեր անպտուղ պնդումներից, թե Դաշնակցությունում այս կամ այն իրադարձության կապակցությամբ խզումներ ու վիհեր են առաջանում ՀՅԴ ղեկավարության եւ շարքերի միջեւ:



Ստիպված եմ մեկ անգամ եւս կրկնել` նման բան լինել պարզապես չի կարող: Պատճառը մեկն է` կուսակցության Կանոնագիրը, որից դուրս մեկ քայլ անել չեն կարող ոչ կուսակցության ղեկավար մարմինները, ոչ առանձին ղեկավարներ եւ ոչ էլ առանձին շարքային դաշնակցականներ: Ցանկության դեպքում կարելի է անուններ թվարկել, որոնք փորձել են, թերեւս, ավելի դաշնակցական լինել, քան Դաշնակցությունն է: Բոլորի վերջաբանն է հայտնի, մինչդեռ Դաշնակցությունն իր ընթացքով գնում է:



Գիտե՞ք ինչ բան է Կանոնագիրը: Դա մի նիհարիկ գրքույկ է, շարադրանքը` պարզից պարզ, պահանջները` հասարակ, բոլոր մարմինների, բոլոր դաշնակացականների իրավունքներն ու պարտականությունները հատ-հատ թվարկված, պատիժներն ու պատժաչափերը` նույնպես: Այսինքն՝ այնպես չէ, որ շեֆն այսպես ասաց, ու մյուսները բողոքեցին կամ գլուխները թափ տվեցին ի նշան համաձայնության:



Դաշնակցության ղեկավարությանը շարքերից առանձնացնողներից մեկին` Րաֆֆի Հովհաննիսյանին, որն այնքան «քաջություն» ունեցավ, որ ՀՅԴ ղեկավարությանը ղարաբաղցի մի անհաջողակի հանգույն «խմբակ» անվանեց, մի այսպիսի հարց ունեմ. պարոն խմբապետ Րաֆֆի, ինչի՞ց էր, որ երբ 2009 թվականին այդ նույն «խմբակը» հայտարարեց կոալիցիան լքելու մասին, ոչ ոք չասաց, որ ՀՅԴ ղեկավարւթյան եւ շարքերի միջեւ խզում է առաջացել: Հնարավոր էր, չէ՞, որ նախարարները, դաշնակցական պաշտոնյաները, շատ ուրիշներ, բողոքեին, թե ինչո՞ւ դուրս եկաք կոալիցիայից, ինչո՞ւ մեր կարծիքը հաշվի չառաք: Սա ինչի՞ մասին է խոսում: Ընդամենը մեկ բանի` Կանոնագրի, որով հստակ ասված է, որ ՀՅԴ ղեկավար մարմինն իրավունք ունի որոշումներ կայացնելու ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում: Թե ինչ գնահատական կստանան այդ որոշումներն ու քայլերը, ցույց կտա արդեն հաջորդ վերադաս ժողովը, որի կազմը, ի դեպ, սկսվում է ձեւավորվել ամենաստորին ժողովներում, այսինքն՝ բոլոր դաշնակցականների մասնակցությամբ:



Այս ամենը հասկանալու համար շատ քիչ է, որ մարդու նախնիները դաշնակցական եղած լինեն: Մարդը պետք է մեկ անգամ Դաշնակցության Կանոնագիր կարդա եւ նոր միայն փորձի բաներ ասել, որ եփած հավին վրան չծիծաղեցնի: Կարող եմ վկայել, որ բացախոսության առումով Դաշնակցության ժողովներն իրենց հավասարը չունեն: Բայց ժողովի փակումին հաջորդում է միշտ սեղանի վրա դրված Կանոնագիրը` վերջ, կռիվ կինոն ավարտվեց, սկսվում են այլ հարցերը: Գիտե՞ք, թե ինչ են այլ հարցերը: Ոչինչ, մի առիթով կպատմեմ:



Հիմա գամ խնդրին` ՀՅԴ ղեկավարության եւ շարքերի միջեւ խզվածության մասին պնդումներին: Ուրեմն նման բան պնդողներից մեկն էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է, որի եւ իր կուսակցության շարքերի միջեւ ամուր կապի մասին առասպելներ են հյուսվել: Այդ կապը չի քանդվել մինչ օրս, եւ նրա խորհրդարանական խմբակցությունը «Ժառանգության» ղեկավար կազմի եւ շարքերի համախոհության իսկական օրինակներ է տալիս: Ես ավելի քան վստահ եմ այսօր, որ «Ժառանգությունը» հատուկ որոշում էր ընդունել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է սպիտակ ծաղիկներ դներ ՀՀԿ գրասենյակի առաջ: Վստահաբար, նախապես էին որոշում կայացրել նաեւ, որ Րաֆֆին գնա Ծիծեռնակաբերդ եւ մոմ վառի՝ այդկերպ համերաշխություն հաստատելով Վլադիմիր Գասպարյանի եւ իր ընտրազանգվածների միջեւ: Ահա այսպիսի լեգենդներ են շրջում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր շարքերի համախմբվածության մասին:



Ավարտելով ասելիքս, թեեւ բան էլ չկար ասելու, կրկին հորդորում եմ ՀՅԴ «ընդդիմախոսներին»․ գրեք՝ ինչ ուզում եք, ասեք` ինչ ուզում եք, բայց ոչ այնպիսի բաներ, որոնք կարգավորվել են 125 տարի առաջ եւ կարող են փոփոխվել բացառապես Դաշնակցության ժողովով: 



ՀԳ. Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրել են` ինչո՞ւ դաշնակցական չդարձաք, մանավանդ, որ դրա բոլոր հիմքերը կային: Պատասխանել է` Կանոնագրի կեսը կարդացի, վախեցա: