Պերեստրոյկա` հայկական ձեւով

Պերեստրոյկա` հայկական ձեւով

Եկեք համաձայնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Սերժ Սարգսյանը հավաքում է հատկապես յուրայիններին եւ քլնգում: ՀՀԿ համագումարները, կառավարության հետ նրա առանձին հանդիպումներն ասվածի ապացույցն են: Որպես կանոն, ՀՀԿ-ականներն այսպիսի հանդիպումներից հետո հայտարարություններ են անում, թե տեսա՞ք ինչ ճիշտ-ճիշտ բաներ ասաց նախագահը, սրանից հետո նրա ասածով ենք անելու եւ այլն, եւ այլն: Նույնը տեղի ունեցավ նաեւ այս հանդիպումից հետո, որի ձեւաչափը թեեւ ՀՀԿ համագումար չէր, եւ այնտեղ էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, այդուհանդերձ, ասելիքի առումով շատ տարբեր չէր ՀՀԿ համագումարներում ասվածից: Թերեւս, կարելի է առանձնացնել միայն սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահի մատնանշումները, որոնք մինչ այս օբյեկտիվորեն բացակայել են նրա խոսքում:



Ի՞նչ ասաց նախագահը բարձրաստիճաններին, իմա` ՀՀԿ-ականներին, որոնք շարունակում են զայրացնել նախագահին` չկարողանալով առաջ տանել, ինչպես նախագահն է ասում, մեր ձեռքբերումները: Նախագահը նրանց ասաց այն, ինչ տարիներ շարունակ ասում են ընդդիմադիրները, քննադատները, ինչ գրում ու մրում է մամուլը: Բայց եթե ՀՀԿ-ականներն ամեն անգամ հերոսական կեցվածք ընդունած հակադարձում են ընդդիմության եւ մամուլի իրենց ուղղված քննադատություններին, ապա նախագահի ասելուց հետո մի տեսակ թրջված տեսք ունեն եւ հայտարարում են, որ նախագահը շատ ճիշտ բաներ ասաց: Ստացվում է, որ ճիշտ բաներ ասելու համար էս երկրում պիտի նախագահ լինես:



Բայց ես չէի ասի, թե ընդդիմադիր մամուլն ու վերլուծաբանները բավարարված են նախագահի ընդդիմադիր, շատ դժգոհ ելույթով: Երեւի ավելին էին սպասում ՀՀԿ ղեկավարից, բայց, մեր կարծիքով, նա չանցավ կարմիր գիծն ու վերջնականապես տեղը չդրեց ՀՀԿ-ի պորտը: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Կուսակցության ղեկավարը չի կարող այդպես վարվել սեփական կուսակցության հետ ու այրել բոլոր կամուրջները: Սերժ Սարգսյանն ավելի շատ հակված է ՀՀԿ-ին հորդորելու, համոզելու, հասկացնելու: Ահա, նա ասում է. «Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել եւս՝ նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ (տոկոս խփել՝ Էդ. Ա.), բայց ինձ համար շատ ավելի կարեւոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները»: Նկատենք, որ Սարգսյանը խոհեմաբար անուններ չի տալիս, բայց հո բոլորը գիտեն, որ դուզ խոսքն էշին կասեն:



Վերլուծաբաններ եղան, որ գրեցին, թե Սերժ Սարգսյանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Ես այս թեզի կողմնակիցը չեմ: Ավելին ասեմ` Սերժ Սարգսյանն այդ ելույթով ավելի ամրացրեց ՀՀԿ-ն ու հասկացրեց, թե ինչպիսին պետք է լինել այսուհետ, եթե ուզում են հաջողություն գրանցել: Գուցե ավելի ճիշտ է ասել` փոխում է խաղի կանոնները, բայց միանշանակ է, որ Սարգսյանը չի պատրաստվում ձիերին փոխել գետն անցնելուց առաջ: Պետք է աշխատել ու կյանքի կոչել սահմանադրական բարեփոխումները: Բայց հնարավոր չի լինի դա անել, եթե պաշտոնյաները շարունակեն քնած մնալ, իրենց չարածն արդարացնել վերեւների մեղքերով: Վերեւներում քննադատությունից վախեցող չկա, ասում է Սարգսյանը, պետք է վախենա այն պաշտոնյան, որին մամուլը չի քննադատում (չի անդրադառնում): Դա նշանակում է, որ այդ պաշտոնյան իր տեղում չէ: Ոսկի խոսքեր են, բայց ոչ վիրահատական միջամտություն ենթադրող, ինչպես կարծում են ոմանք:



Նախագահը չի ասում, որ կհեռացնեմ, եթե չաշխատի: Նա շատ լավ գիտի, որ ոչ մի պաշտոնյա առանց որոշ «արժանիքների» որոշակի բարձունքներում չի հանգրվանում հընթացս, այլ մի լավ տնտղում են, հասկանում են եւ նոր միայն նշանակում: Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանն իր ձիանոցն անգիր գիտի, եւ բոլորովին անիմաստ զբաղմունք է նրա զայրույթի մեջ ծայրահեղական որոշումների ծվեններ տեսնել:



Ամեն դեպքում, նախագահականում հավաքված բարձրաստիճաններն իրենցն առան: Ու եթե այնտեղ մեկը կար, որ սպասում էր գովասանքների, նրա լեղին էլ էր ջուր կտրել: Եվ մեզ մնում է միայն հուսալ, որ այս թափահարումը որոշակի արդյունքներ կտա: Մենք ամենամոտ ապագայում ականատեսը կլինենք բարձրաստիճանների փուլային ակտիվացման, ինչպես ասում են` նախագահականի հավաքի լույսի ներքո: Նախագահի ասածներից ազդված` անսպասելի հրաժարականներ հազիվ թե լինեն, բայց որ շատերը «պերեստրոյկա» կլինեն, միանգամայն հնարավոր է: