Հուշարձանը՝ նախ գերակա հանրային շահ, ապա՝ օտարված կառույց

Հուշարձանը՝ նախ գերակա հանրային շահ, ապա՝ օտարված կառույց

Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակի եռանկյունու տարածքի շուրջ իրար հաջորդող իրարամերժ տեղեկատվությունը վերջին շաբաթների ընթացքում խնդրի վրա սեւեռեց ոչ միայն ճարտարապետների, այլեւ հանրության ուշադրությունը։ Այն բանից հետո, երբ քաղաքապետարանը պատասխանել էր 80 տուրօպերատորների հարցմանը, նշելով, որ նշված տարածքում քաղաքաշինական ծրագրերի իրականացման միջոցով Երեւանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը՝ հին եւ խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում, Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակի պահպանության համար բողոքի ալիք բարձրացավ, որին անմիջապես հաջորդեց քաղաքապետարանի նոր պարզաբանումը, այն է՝ տարածքը ձեռք բերող «Լոկալ Դիվելոփրզ» ընկերության կողմից տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ մինչ օրս չի ներկայացվել քաղաքապետարան: Հետեւաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:



Նշենք, որ այդ տարածքում առկա են 4 հուշարձան-շենքեր, որոնց մեջ է մտնում նաեւ նախկին հրշեջ դեպոյի շենքը, որը կառուցվել է 1930-ին, Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից։ Այս շենքի հետ կապված հետաքրքիր մի հանգամանք կա՝ ընդգրկված լինելով ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, շենքը 2008-ի կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ եւ կառավարության 2009-ի մայիսի 7-ի 526-Ն որոշմամբ օտարվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ին՝ հետեւյալ հիմնավորմամբ. ««Լոկալ Դիվելոփրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր միջոցների հաշվին, որպես Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օգտին գործող երրորդ անձ, կֆինանսավորի պետության կարիքների համար ձեռք բերվող Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայի N 1 հասցեում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության նախագծով նոր տիպային շենքի կառուցման կապալի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ շինարարության տեխնիկական հսկողության աշխատանքներն ու ծառայությունները»։ Այլ կերպ ասած՝ կառավարությունն իր նախարարության նոր մասնաշենքի ֆինանսավորման դիմաց պատմամշակութային հին շենքը նվիրաբերել է մի ընկերության, որը քաղաքում նոր էլիտար բարձրահարկեր է կառուցում։



Թե ինչպես է նախկին հրշեջ դեպոյի շենքը հայտնվել կառավարության օրակարգում՝ լինելով պահպանվող հուշարձան, մշակույթի նախարարությունից մեր գրավոր հարցմանն այսպես պատասխանեցին. «Պետության կողմից պահպանվող հուշարձանը, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, կարող է օտարվել, ինչը ենթադրում է սեփականատիրոջ փոփոխություն` հուշարձանի նկատմամբ համապատասխան պարտավորություններով: Նշված որոշմամբ առանձին կետով ամրագրված են տարածքը ձեռք բերողի` «Լոկալ Դիվելոփրզ» ՍՊԸ-ի պարտականությունները` տարածքում առկա հուշարձանների, ներառյալ` հրշեջ կայանի նկատմամբ: Նշենք, որ սեփականատիրոջ փոփոխմամբ հուշարձանի կարգավիճակը չի փոփոխվում»:



Այդուհանդերձ, նման դեպքերում սեփականատերն ի՞նչ պարտավորություններ ունի շենքի պահպանության հարցում, թե՞ կարող է իր ուզած նախագիծը ներկայացնել եւ արդյունքում շենքն ամբողջությամբ քանդել։ Ապա նախարարությունը, հղում անելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքին, նշում է, որ հուշարձանի քանդումն արգելվում է. «Նույն օրենքի համաձայն, սեփականատերը ներկայացված նախագծում պարտավոր է հաշվի առնել հուշարձանի պահպանության խնդիրները, որոնց լուծումները նախապայման են նախագծի համաձայնեցման համար»։



Նշենք, որ նախկին հրշեջ դեպոյի շենքում տեղակայված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երեւանի N 8 հրշեջ-փրկարարական ջոկատը 2013-ի սեպտեմբերից տեղափոխվել է Մյասնիկյան պողոտայում գտնվող նոր մասնաշենք: Իսկ այս 2-3 տարիների ընթացքում շենքը հայտնվել է այնպիսի անմխիթար ու բարձիթողի վիճակում, որ շատ պատուհաններից բացակայում են անգամ ապակիները, առաջին հարկն ու շրջակա տարածքն էլ ծառայում են իբրեւ ավտոկայանատեղի, ինչն ակնհայտ խոսում է այն մասին, որ շենքը տանում են ինքնաոչնչացման ճանապարհով։ Եվս 1-2 տարի, եւ շենքն այնպիսի վիճակում կհայտնվի, որ այլեւ կենսունակ չի լինի պահպանման եւ ֆունկցիոնալ օգտագործման համար։ Վերջին ամիսներին շենքի ողջ ճակատային մասում փակցվել է «Բի Լայն» ընկերության հսկա գովազդային պաստառը, ինչը սոսցանցերում առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը, քանի որ հնարավորություն է տալիս քողարկել շենքի քանդման ապօրինի գործընթացը։