Անուն դնեմ, լավ անո՜ւն…

Անուն դնեմ, լավ անո՜ւն…

Դեռեւս ծնվելու պրոցեսում գտնվող «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտական խմբագիր (ուղղակի տպավորված ենք) Վահե Մոսինյանը վիճարկել էր Սփյուռքում գործող մեկ այլ «Հայկական վերածնունդի» բողոքն առ այն, որ ՕԵԿ-ը, հանուն սեփական վերածննդի, գողացել է իրենց կազմակերպության անունը: Եվ, չնայած իր անվանը կցած ծանրումեծ հանգամանքներին, Մոսինյանը գրում է. «… առավել քան անտեղի եմ համարում Սփյուռքի որոշ գաղթօջախներում «գործող» «Հայկական վերածնունդ» անունով քաղաքացիական շարժման բարձրացրած հիստերիան: Նախ այդ շարժման մասին, եթե չասենք՝ ոչ ոք, ապա շատ քչերն էին տեղյակ, եւ երկրորդ` որեւէ ռեալ գործողությամբ կամ քայլով աչքի չի ընկել, կարելի է հիշատակել միայն մի քանի հայտարարությունները»: Հարց Մոսինյանին` իսկ ինչո՞ւ եք դուք նյարդայնանում, մանավանդ, երբ նշում եք, որ այդ քաղաքացիական շարժումը գործում է սփյուռքյան որոշ գաղթօջախներում: Իսկ մենք կարծում ենք, որ նման կազմակերպությունը նույնիսկ պետք է ողջունել եւ աջակցել, հունավորել նրա գործունեությունը, եթե այն ուղղված է հայապահպանությանը կամ դրսում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությանը: Ի վերջո` ինչո՞ւ վերցնել ուրիշի անունը: Փորձեք նույնն անել Հայաստանի ներսում, ի՞նչ տարբերություն, Հայաստանում չկա՞ն համարյա չգործող շարժումներ ու կազմակերպություններ: Եվ ապա` եթե դա, ըստ Մոսինյանի, նորմալ է, կարող էին վերցնել, ասենք, «Կոկա-կոլա»-ի անունը, մանավանդ որ այդ ըմպելիքի գովազդն ընտրողին ուղղված պատրաստի կոչ է` «Կրկին փորձիր»: 



Ի դեպ, հենց երեկ ծանոթներիցս մեկն էր զանգահարել եւ խնդրում էր իր նոր-նոր ստեղծվող կուսակցության համար մի լավ անուն մտածեմ: Էլ շատ չմտածեցի, ասացի` «Հայկական վերածնունդ»: Սա նեղացավ` ես քեզ լուրջ բան եմ ասում: Ես էլ լուրջ անուն եմ ասում` պատասխանեցի: Բայց դա ՕԵԿ-ի նոր անունն է: Չէ, բալամ, ասում եմ, ի՞նչ ՕԵԿ, դա Սադամ Հուսեյնի նախկին կուսակցության անունն է` «Արաբական վերածնունդ», Արթուր Բաղդասարյանն ո՞ւր էր, որ Սադամն անդամագրվեց այդ կուսակցությանը: Արխեին էլ դիր՝ հենց «Հայկական վերածնունդ»: ՕԵԿ-ը չի՞ բողոքի: Չէ: Ահավասիկ, խոսնակի մակարդակով ասել են, որ կուսակցության անվան գողը գող չէ: Մյուս կողմից էլ՝ դու կուսակցություն ես գրանցում, իսկ ՕԵԿ-ը` տո լի կարտել, տո լի սինդիկատ է դառնում: Այնպես որ, գնա գրանցիր:



Թե ինչ է գրելու «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտական խմբագիր Վահե Մոսինյանը, երբ ծանոթս հաջողացնի գրանցել իր «Հայկական վերածնունդ» նոր կուսակցությունը, մնում է միայն ենթադրել: Թեեւ, հենց իր տրամաբանությամբ` ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ:



Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու են ընտրել «վերածնունդ» բառը` Renaissance, որը, բավականին տարողունակ հասկացություն լինելով հանդերձ, մի պարզ բան է ենթադրում` նորից ծնվելը: Սա, արդյոք, չի՞ նշանակում, որ ՕԵԿ-ը որոշել է վերածնվել: Մենք չենք կարծում, որ ՕԵԿ-ը քաղաքական դաշտ է բերելու «անտիկ շրջանի» հայկական քաղաքական մշակույթը: Մենք այդպիսի մշակույթ պարզապես չունենք: Հետեւաբար, խոսքն այս պարագայում ծաղիկ հանելու, քաղաքական դաշտում «սիրուն Սուսանի» կարգավիճակով տեղավորվելու մասին է: Իսկ անցյա՞լը:



Հայտնի ճշմարտություն եմ ասում` քաղաքական գործչի երիտասարդը, բարձրահասակը, սիրունն է լավը, իսկ կուսակցության` հինը: Այս ճշմարտությունն ընդունում էր անգամ Սադամ Հուսեյնը: Նա, ի դեպ, նոր կուսակցություն չբացեց, այլ անցավ ԲԱՍՍ-ի շարքերը, որն ստեղծվել էր դեռ 1947 թվականին եւ ոչ թե կոչվում էր «Արաբական վերածնունդ», այլ «Արաբական սոցիալիստական վերածնունդ»: Սադամ Հուսեյնն այդ կուսակցությանն անդամագրվել է ընդամենը 1956 թվականին եւ, չնայած որ նույնիսկ երկրի ղեկավար էր դարձել, բռնակալ, այնուամենայնիվ, չփորձեց փոխել կուսակցության անունը, որի գաղափարախոսությունը, ինչպես հանրագիտարանն է նշում, արաբական սոցիալիզմի, արաբիզմի եւ հակաիմպերիալիզմի սինթեզ է: Այս կուսակցությունը 1966 թվականին պրոսիրիական եւ պրոիրաքյան մասերի է բաժանվել, որոնցից յուրաքանչյուրն իրեն էր համարում ԲԱՍՍ-իզմի իսկական ժառանգորդ: Առաջինն այսօր Սիրիայի իշխող կուսակցությունն է, իսկ երկրորդը հայտնի իրադարձություններից հետո դադարեց գոյություն ունենալ Իրաքում, կարելի է ասել` կախվեց Հուսեյնի հետ: Ասելս ի՞նչ է: Կուսակցության անունն ավելի թանկ բան է, քան ՕԵԿ-ում են կարծում: Եթե ՕԵԿ-ը մի կուսակցություն է, որ ունի գաղափարախոսություն, նպատակներ, ուղղություն, Արթուր Բաղդասարյանի նման սիրուն, բոյով, խելացի առաջնորդ, ապա ի՞նչն է պատճառը, որ անունը փոխում են ու ընկնում մի վեճի մեջ, որտեղ իրենք կարող են պարտվել:



Կարիք կա՞ Մոսինյանին բացատրելու, որ եթե Ամերիկայի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները չեն կռվում, ապա պատճառն այն է, որ մեկն Ամերիկայի Հանրապետականն է, մյուսը` Հայաստանի: Նույնկերպ` մեկը Բենինի «Վերածնունդն» է, մեկը` Տաջիկստանի, մեկը՝ Պերուի, մյուսը` Խորվաթիայի: Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդը» Բենինի կամ Տաջիկստանի «Վերածնունդի» դեմ չի բողոքում, այլ «հայկական» բառի դեմ է բողոքում, որն այս դեպքում նույնացնում է երկու կազմակերպությունները: Ուրեմն գոնե բարի եղեք գրել` «Հայաստանի վերածնունդ» եւ ոչ թե «Հայկական»:



Արհեստական կուսակցաշինությունն անշնորհակալ գործ է: Ուսումնասիրեք ոլորտը: Հայաստանի քաղաքական դաշտն այդ առումով հարուստ նյութ կարող է տալ: Ժամանակին մի հայտնի անհաջողակ փորձեց ՀՅԴ-ն կեղծել եւ իր վրայով «Հայաստանի ՀՀԴ» անվամբ շապիկ կարել: Թե ինչով վերջացավ այդ պատմությունը, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարան հրատարակչության գիտական խմբագիրն ինձնից վատ չգիտի: