Բա եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պիտի գողական լինի

Բա եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պիտի գողական լինի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անհանդուրժելի և անընդունելի է համարում Մհեր Սեդրակյանի կողմից և նմանատիպ այլ «հարձակումները լրագրողների նկատմամբ»։ Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երկու օր առաջ հերթական միջադեպն էր ունեցել լրագրողների հետ՝ նրանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։



«Ինչ հարաբերություններ էլ, որ մենք ունենանք լրագրողների հետ, սիրես, չսիրես, դա ոչ մի նշանակություն չունի․ լրագրողը կատարում է իր պարտականությունները, և դու, հատկապես, երբ պատգամավոր ես, պարտավոր ես օգնել լրագրողին իր պարտականությունների կատարման գործում՝ անկախ նրանից, թե քո քիմքով է արվածը, թե ոչ»,-լրագրողերի զրույցում ասաց Զուրաբյանը։
Դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ուղղակի «գողական են գնում» լրագրողների հետ շփումներում, Զուրաբյանն այսպես արձագանքեց․ «Դե, հիմա, ի՞նչ անենք, որ գողերի պառլամենտ է։ Բա եթե գողական իշխանություն ունեք, պառլամենտն էլ պիտի գողական լինի»։



Նա նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը, բնականաբար, դատապարտում է նման պահվածքը լրագրողների նկատմամբ, մասնավորապես Մհեր Սեդրակյանի արարքը՝ ընդգծելով, որ իրենք միշտ էլ համերաշխ են լինելու լրագրողների հետ։



Հարցին՝ արդյոք կուսակցությունը պատասխանատվություն կրու՞մ է իր ներկայացուցչի պահվածքի համար, Զուրաբյանն ասաց, որ կրում է, բնականաբար, քաղաքական պատասխանատվություն․ «Եվ եթե մենք գործ ունենայինք նորմալ ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող կուսակցության հետ, իրենք պետք է ներքին հետաքննություն անցկացնեին, պատժամիջոցներ ձեռնարկեին իրենց կոլեգայի նկատմամբ՝ ընդհուպ կուսակցությունից հեռացնելը»։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այս առումով ունեցած դատապարտող ելույթին, հայտարարեց, որ ինքն էլ է դատապարտում, սա նշանակու՞մ է, արդյոք, ՀՀԿ-ում իսկապես դատապարտում են իրենց կուսակցի պահվածքը, պարոն Զուրաբյանն ասաց․ «Ես չհասկացա, որ կոնկրետ այդ արարքն են դատապարտում, տեսական դատողություն էր»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ