Դաշնակցական մտածողություն

Դաշնակցական մտածողություն

Արտաքին քաղաքական հարցերում ՀՀ 3 նախագահները խիստ տարբեր դիրքորոշումներ ունեին։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի լայնախոհ էր եւ հասկանում էր, թե ղարաբաղյան երկարատեւ կոնֆլիկտն ինչ «գին» կարող է ունենալ եւ ինչպես անդրադառնալ մեր հեռանկարի վրա, ապա Ռոբերտ Քոչարյանին բնորոշ էր կարճաժամկետ մտածողությունն ու ոչ մի գնով, ոչ մի գրամ չզիջելու խիզախությունը։ Սերժ Սարգսյանն իր մտածողությամբ թերեւս ավելի մոտ էր Տեր-Պետրոսյանին եւ իր պաշտոնավարման առաջին փուլում անգամ գերազանցում էր նրան՝ արտաքին քաղաքական խնդիրները լուծելու վճռականությամբ։ Ժամանակին այնքան քննադատված ֆուտբոլային դիվանագիտությունը հենց այդ մտածողության արդյունք էր եւ փոքրիկ շանս՝ անշարժը շարժելու։ Հուրախություն ոմանց եւ ի տխրություն այլոց՝ չստացվեց։ Նախագահի ցանկությունը բավարար չէր։ Նախաձեռնությունը հայհոյող ու քննադատող դաշնակցական մասսաներին դեմ գնալու ուժ չկար։ Նաեւ պարզվեց՝ միայն հայկական կողմի կամքով լուծվող հարց չէ։ Պետք էր հեռուն գնալ՝ կոտրել ղարաբաղյան խնդրի կարծրացած սառույցը։ Սակայն դրա համար ոչ բավարար կամք կար, ոչ էլ լեգիտիմության այնքան ռեսուրս, որ հակադրվի դեմագոգիկ-հայրենասիրական ագրեսիվ զանգվածին։ Բայց միայն այն, որ երկրի ղեկավարը գիտակցում էր խնդիրների լուծման ուղին, հույս էր ներշնչում, որ կգա այն օրը, երբ եւ կամք կլինի, եւ մասսայի կարծիքից վեր կանգնելու ուժ։ Սակայն վերջին ելույթով Սերժ Սարգսյանն ըստ էության հայտարարեց, որ մտել է Դաշնակցություն եւ դարձել ՀՅԴ գաղափարների կրողը։ «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու»,-ասաց նա: