ՀՀԿ-ն պատասխանատվություն կկրի նաև ՀՅԴ-ի անկումների կամ վերելքների համար

ՀՀԿ-ն պատասխանատվություն կկրի նաև ՀՅԴ-ի անկումների կամ վերելքների համար

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր երեկոյան նախագահականում կստորագրեն իրենց բաղձալի կոալիցոն փաստաթուղթը՝ «Քաղաքական համագործակցության համաձայնագիր» անվանմամբ։ Այս մասին հաստատեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա նաև հստակ նշեց, որ մինչ այժմ հայտարարված պաշտոնները, որոնք տրվելու են ՀՅԴ-ին, փոփոխություն չեն կրել։ Խոսքը Էկոնոմիկայի, Կրթության ու գիտության և ԱԻՆ-ից հատուկ այս նպատակով առանձնացված տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների պորտֆելների մասին է, ինչպես նաև Արագածոտնի և Շիրակի մարզերն են հանձնելու ՀՅԴ-ականների կառավարմանը։



-Պարոն Բաղդասարյան, այդուհանդերձ այս բաժանումները բացատրվեցին քաղաքական համագործակցությամբ, որտեղ, սակայն, ժողովրդի շահն ու կառավարման արդյունավետությունը մնաց ստվերում։



-Այս ամեն ինչը, այս համաձայնագիրրը, համագործակցությունը ի շահ ժողովրդի է կազմակերպվում, դուք բազմիցս այդ հարցը բարձրացրել եք, մենք ասել ենք, որ մենք՝ որպես մեծամասնություն, նորից խնդիրներ չենք ունեցել Ազգային ժողովում և ընդհանրապես, բայց այսօր առավելևս սահմանադրական փոփոխություններից հետո համագործակցությունը անհրաժեշտոթյուն է, իսկ ցանկացած համագործակցություն չի կարող չբխել ժողովրդի շահերից։ Իսկ մնացած այդ բոլոր համաձայնությունները, որ լինում են, դրանք դեռ սկիզբն են, դեռ շատ նմանատիպ երևույթներ կլինեն, ստրուկտուրայում փոփոխություններ և այլն։ Դա ոչ միայն քաղաքական նպատակահարմարության և համաձայնության դաշտում են, այլ նաև հեռանկարային ծրագրեր կան։



-Դուք պայման դրե՞լ եք ՀՅԴ-ի առաջ, որ այն ոլորտները, մարզերը, որոնք տրամադրում եք իրենց, պետք է կոնկրետ ժամկետում հստակ դրական ցուցանեշներ ապահովեն նրանք այդ պաշտոններում, որ համարեք, որ արդյունավետ էր։



-Մենք իրար դեմ պայման չենք դնում, և պատասխանատվությունը չի նշանակում միայն այն ոլորտներում, որոնք որ ունեն նախարարներ կամ ղեկավարներ։ Պատասխանատվությունն ընդհանուր է, և սա հեռանկարային է և սա մեկ ամսվա, մեկ տարվա կտրվածքով չէ, այս համագորակցությունը միտված է ապագային և բավականին երկար համագործակցություն պետք է լինի, և դրա ճանապարհին բոլոր Ձեր նշած առաջընթացները կնկատվեն։



-Նկատի ունեմ, օրինակ՝ Տարածքային կառավարման, Էկոնոմիկայի և Կրթության նախարարություններում ոչ դրական ցուցանիշների, եթե չասենք անկման պարագայում ՀՀԿ-ն որևէ քայլ կձեռնարկի՞։



-Նկատի ունեցեք, որ ոչ թե մենք նայել ենք, թե որ նախարարություններում մենք խնդիր ունենք, և այդ նախարարությունները հանձնենք մեր գործընկերներին․․․ նման խնդիր չի քննարկվել։ Դուք լավ գիտեք, որ այդպիսի դժգոհություն չի եղել։ Եվ եթե հանկարծ ինչ-որ անկումներ կամ ինչ-որ վերելքներ նկատվեն, դա չի վերնագրվի միայն մի քաղաքական ուժին, պատասխանատվությունն ընդհանուր է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ