Կադրային ջարդն սկսվեց

Կադրային ջարդն սկսվեց

Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։ Մեր լրագրողը նիստից հետո մի փոքր զրուցել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ տպավորված եկել․ «Կարծես նորմալ, համեստ մարդ է, ասաց՝ կադրային ջարդ չի լինի, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե բավարարեն՝ կաշխատենք բոլորի հետ»։ Չանցած 2 ժամ, պարզեցինք, որ այս «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն այն քչերից է, որի հետ հեշտ է աշխատել ոչ միայն պետական-իշխանական լրագրողների, այլեւ ընդդիմադիր-ազատ մամուլի ներկայացուցիչների համար։ Եվ դա ոչ մի նշանակություն չունի, որ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նորմալ նախարարն առաջին հերթին պետք է ուզենար ակտիվ, աշխատունակ, լրագրողական համայնքի կողմից ընդունված, կոմպետենտ խոսնակ ունենալ։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացա, որ Լեւոն Մկրտչյանն իր նշանակվելուց հետո առաջին գործը, որ արել է, Եգանյանի դիմումն ընդունելն է եղել։ Վերջինս, որպես բարեկիրթ ու օրինապաշտ չինովնիկ, իր պարտքն է համարել դիմում ներկայացնել նոր նախարարին՝ հավանաբար հույս ունենալով, որ նախարարն իր խոսքին հավատարիմ կլինի, կպատռի դիմումն ու կուզենա աշխատել պրոֆեսիոնալ խոսնակի հետ։ Արդեն հասկանալի է, որ նոր նախարարների ամենասիրելի գործը լինելու է իրենց շրջապատին գործի տեղավորելը, յուրայիններով իրենց շրջապատելը, անարժան կադրերին, սրա-նրա պրոտեժեներին լավություն անելը, բայց գոնե թող փարիսեցիություն չանեն, չասեն, թե մեզ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է։