Մեդիախոհանոց

Մեդիախոհանոց

21-րդ դարը կարելի է բնորոշել որպես անանուն մեկնաբանությունների եւ, առհասարակ, ինչ-որ առումով անանունության դար: «Վիրտուալ իրականություն» տերմինի հեղինակ Ջարոն Լանիրն իր «Մենք գաջեթներ չենք» հայտնի մանիֆեստային գրքում քննարկում է անանուն մեկնաբանությունների խնդիրը եւ կարծում, որ համացանցում այդ երեւույթի զարգացումն աղետալի հետեւանքներ կունենա: Զանգվածային լրատվամիջոցների, առհասարակ՝ մամուլի համար անանուն մեկնաբանությունների ֆակտորն իսկական պատուհաս է դարձել: Հազարավոր հոդվածների, հրապարակումների տակ հայտնված անանուն ֆեյքերն սկսում են գրառումների եւ մեկնաբանությունների շարանը, որոնք ուղղակի դիտավորությամբ, միտումնավոր եւ կազմաքանդող ինտրիգներ, վեճեր հրահրելու, սադրելու, թեմաներ շեղելու, անհատական կամ հանրային շահեր պաշտպանելու նպատակներ են հետապնդում: Եվ, իհարկե, յուրաքանչյուր մեկնաբանություն, գրառում, ռեպլիկ իր մշտատեւ, եթե ոչ հավերժական, տեղն է զբաղեցնում համացանցի ահռելի տարածությունում՝ հարկ եղած դեպքում ամեն ակնթարթ ինքն իրեն վերակենդանացնելով: 



Սակայն ամենազավեշտալին ու վտանգավորը, որ լրատվամիջոցի ներկայացուցիչը, բախվելով անանուն մեկնաբանությանը, չգիտի, թե ում հետ գործ ունի: Այդ մեկնաբանության տակ թաքնվողն ո՞վ է՝ մասնավոր ա՞նձ, հասարակական կազմակերպության ներկայացուցի՞չ, կուսակցակա՞ն, մերձավոր-բարեկա՞մ: Շատ ժամանակ լրատվամիջոցների, լրագրողների հասցեին ուղղված վիրավորանքները կապ չեն ունենում բուն հոդվածի, դրա բովանդակության հետ: Դրանք անանունի (ֆեյքի) անձնական նեւրոզների, գաղափարական տարաձայնությունների, ընտրած թիրախի հանդեպ բացասական տրամադրություններ կառուցելու համահավաքական դրսեւորումներ են (իբր թե սեփական անունով հանդես չգալն ինքնապաշտպանության եւ այդօրինակ անդեմությունը հանրույթ ներկայացնելու պատրանք է ստեղծում):



Ստացվում է այնպես, որ լրատվամիջոցը նոր տեխնոլոգիաների աշխարհում ինչ-որ պահի ավելի անպաշտպան եւ ավելի խոցելի է դառնում, քան, ասենք, անանուն մեկնաբանը, որը, տանը նստած, տասնյակ կեղծ էջեր բացելով մեկնաբանում է՝ հերյուրանքներ, վիրավորանքներ, երեւակայություններ տարածելով: Եթե անգամ ինքնությունից զուրկ այդ միլիոնավոր անանուն մեկնաբանությունների մեջ ճշմարտության հատիկ կա, միեւնույն է, դրա գործոնը մեծ հաշվով չի աշխատում, քանի որ պարզ չէ, թե ում կողմից է գրվում:



Մենք ոտնակոխ ենք անում իրապես չլսված խարդավանքների, լրջագույն կեղծիքների եւ այլ խաղի ժամանակաշրջան: Այնպիսի տպավորություն է, թե որքան մեծ է տեխնոլոգիաների առաջընթացը, այնքան մեծ է դրանց վտանգավորությունը: Այսօր յուրաքանչյուր ոք կարող է տասնյակ կեղծ էջեր բացել եւ ինքնությունը թաքցնելով՝ հարձակվել «զոհի» վրա, հազարավոր մեկնաբանություններ, գրառումներ, տեքստեր արտադրել, որոնք այդ «ընտրյալ զոհի» շուրջ կարող են հանրային կարծիք ձեւավորել եւ խեղել ձեւավորված կարծիքը: Լրատվամիջոցներն այս գործընթացների կենտրոնում են: Մի գործընթաց, որ ապագայում հնարավոր է փոխի աշխարհի ու մարդկային բնույթի հանդեպ մեր ունեցած պատկերացումները:



Արամ ՊԱՉՅԱՆ