Նախարարի հետ հանդիպումը կառուցողական էր, բայց պետք է ստեղծել Երեւանի փրկության ֆոնդ

Նախարարի հետ հանդիպումը կառուցողական էր, բայց պետք է ստեղծել Երեւանի փրկության ֆոնդ

Մի քանի շաբաթ առաջ Երեւանի պատմամշակութային հին շենքերի քանդման դեմ իրենց ձայնը բարձրացրին մի խումբ մտավորականներ, որոնք վստահեցրին, որ մինչեւ վերջ պայքարելու են Երեւանի դիմագծի պահպանման համար։ Ինչպես տեղեկացանք, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն օրերս հանդիպել է մտավորականների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Հանդիպմանը ներկա են եղել Արթուր Իսպիրյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանտ Վարդանյանը, Միքայել Պողոսյանը, Լիլիթ Պիպոյանը։ 



Մեզ հետ զրույցում երաժիշտ Արթուր Իսպիրյանը նշեց, որ իրենք հրապարակավ ցանկություն էին հայտնել հանդիպել նախարարին, որից հետո նախարարությունն արձագանքել էր առաջարկին։ Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում մտավորականներն իրենց մտահոգություններն են հայտնել նախարարին. «Իր խոսքերով, ոչ մի վտանգ չի սպառնում, օրինակ, Դոլմամային, Հրշեջների դալանին, հարող տարածքներին, Աբովյանի վրայի հին շենքերին, եւ որ ձեռք չեն տա, կվերակառուցեն գեղեցիկ»։ Ըստ Իսպրիրյանի, շատ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել, երգիչն ասում է, որ նման հանդիպումներն այնքանով են լավ, որ կարողանում են իրենց հուզող հարցերն անձամբ նախարարին՝ նախկին գլխավոր ճարտարապետին տալ եւ ոչ թե «փչացած հեռախոս» խաղալ եւ արդյունքում տեսնել, որ գիշերով այս կամ այն շենքը «վերացել է»։ «Խոսեցինք՝ սկսած Երիտասարդական պալատի քանդելուց, որը մեր Երեւանի սիմվոլներից մեկն էր, այն ժամանակ խոստացան տեղում չգիտեմ ինչ կառուցեն, նկարն էլ ցույց տվեցին, բայց 20 տարուց ավել է՝ քանդված վիճակում է։ Նույնը՝ շատ տարածքներում. այսօր փոսերի են վերածել քաղաքի կենտրոնը, դրանց մասին էլ խոսեցինք, Նկարիչների միության եւ «Մոսկվա» կինոթատրոնի մեջտեղում այդ աղբանոցը, որ 20-30 տարի է՝ ոչ մի բան չի արվում, այդ «Ալեն-Էլեն» զզվելի կոմպլեքսը եւ նրա հետ «Աստաֆյան» հյուրանոցը, դրա արանքում ընկած փոսը մի խայտառակություն է։ Կամ ոսկու շուկայի կողքին ընկած այդ այգու միջի բավականին մեծ փոսը, որ ցանկապատել են ու ոչինչ չեն անում, իսկ մարդիկ նեղ մասով են մտնում այգի։ Մի խոսքով, այնքան հարցեր, բացթողումներ կան, մենք դեռ փոքր կենտրոնի մասին ենք խոսում, բա որ մի հատ վերեւից նայենք, թե ինչ է կատարվում համայնքներում, ոնց են սարքում, ճարտարապետական ինչ անհասկանալի լուծումներ են տրվում»։ Երգիչն առաջարկում է՝ եթե սեփականատերը 20-30 տարի ոչինչ չի անում եւ թողնում է անտեր, թող պետությունը հետ վերցնի տարածքը։



Արթուր Իսպիրյանն անձամբ հետաքրքրվել է, թե ինչ ռեսուրսներով են կառուցելու «Հին Երեւանը». «Չէ որ հին Երեւանը, որ ուզում եք նախագծեք, այս հին շենքերը համարակալած բերելու եք այդտեղ ու երկար ինչ-որ բան սարքեք՝ «Հին Երեւան» անունով, որը մեր դուրը չի գալիս։ Դա ինչ-որ միջավայր չէ, այլ ավելի շատ առեւտրի կենտրոն է լինելու»։ Նա նախարարից հետաքրքրվել է քաղաքի կենտրոնում պահպանված 15 շենքերի մասին, որոնք վատթար վիճակում են, ի՞նչ ճակատագիր է դրանց սպասվում, դրանք է՞լ են քանդելու ու «Հին Երեւանի» մեջ վերականգնեն. «Ասեցի՝ եթե քանդելու եք, սխալվում եք, մենք չենք թողնի, որ այս շենքերը քանդեն, ասեց՝ բայց ո՞ր շենքերի մասին է խոսքը, ուղարկեք՝ մի հատ տեսնեմ, մենք էլ շուտով կներկայացնենք այն շենքերը, որ անտերության են մատնված, բայց մշակութային արժեք են ներկայացնում»։ Բոլոր 15 շենքերն ինքը լուսանկարել է, բայց մտավախություն ունի, որ հանկարծ նոր ոտնձգությունների առիթ չդառնան դրանք։ Իսպիրյանի կարծիքով՝ նրանց տակտիկան է, թողնում են, որ շենքը դառնա վթարային, հետո քանդում են ու կառուցում իրենց ցանկացածը։ Օրինակները շատ-շատ են, մեկը Թումանյանի վրա է՝ գեղեցիկ կարմիր տուֆից շենք է, որ այսօր ուզում են հյուրանոց սարքեն։



Նախարարի պարզաբանումներն օրենքի սահմանո՞ւմ են եղել, նոր ճարտարապետական լուծումների՞, թե՞ տրամաբանությունից դուրս․ «Կառուցողական, ընկերական հանդիպում էր... բայց մենք չէինք գնացել բարիշելու կամ որեւէ այլ բանի, մենք գնացել էինք ասենք, որ մենք կանք, ու սա մտավորականների մի խումբ է, որ միշտ լինելու է։ Այս հանդիպումը չի լինելու փափուկ բարձ, որ մենք համաձայնեցինք ու վերջ, մենք մեր պայքարը շարունակելու ենք, եւ ոչ մի հին շենք չի քանդվելու։ Շատ ենք ուշացել, այն ժամանակ 48 հատ մշակութային շենք քանդվեց Հյուսիսային պողոտան կառուցելու համար, այնքան բան է քանդվել, որ կարող էին չքանդել, պահպանեին, ու այսօր փոքրիկ մեր երազած հին Երեւանն ունենայինք... ոչ թե այսօր մտածում են հուշարձանի պես մի հատ շենք սարքեն, անունը դնեն «Հին Երեւան»։ Դա մտահոգում է մեզ, եւ Երեւան եկողը միակ հին բանը, որ կտեսնի, կլինի Կապույտ մզկիթը, էլ ի՜նչ քրիստոնեություն, 20-27թ.։ Նեղ փողոցներում այնպիսի գեղեցիկ շենքեր ունենք, որ կարելի է պահպանել այդ միջավայրը, դրանց կողքին կառուցել նմանատիպ շենքեր, բայց հենց ազատ տարածք են տեսնում կենտրոնում, ուզում են միանգամից շենք կառուցել, ինչո՞ւ պետք է այգի չլինի»։



Արթուր Իսպիրյանն առաջարկում է Երեւանի փրկության ֆոնդ ստեղծել, գումար հավաքել Երեւանը կանաչապատելու համար. «Հաստատ մենք ունենք այդքան շրջապատ թե ներսում, թե դրսում, միլիոնավոր մարդիկ կմիանան մեզ, ինչ-որ դրամ կդնենք, ու այն տարածքները, որ անտեր են մնացել, այգի կդարձնենք»։ Իսպիրյանն ուզում է փոքր կենտրոնում գտնվող այդ 15 շենքերի սեփականատերերին գտնել, ասել՝ կամ տիրություն եք անում, կամ Երեւանի փրկության ֆոնդը վերցնում է այդ շենքերն իր հսկողության տակ։



«Այդ ֆոնդի գաղափարն ինձ շատ է տանջում, եւ ես ուզում եմ, որ դա լինի, որովհետեւ բոլորն էլ կմիանան, Ռուբեն Վարդանյանն էլ, Թուֆենկյանն էլ, Էռնեկյանն էլ, որովհետեւ իրենք զգում են, թե ինչ է կատարվում Երեւանի հետ, տեսանք՝ Արթուր Ջանիբեկյանը գնել է Վիլյամ Սարոյանի տունը, թող այս տներն էլ առնի եւ վերածի գեղեցիկ ցուցասրահների, մի բանի, որը ոչ սուպերմարկետ է, ոչ էլ ռեստորան, արդեն հոգնել ենք հյուրանոցներից, ռեստորաններից։ Սպասարկման կենտրոն են սարքել Երեւանը։ Ամեն մեկը թող ինչ-որ չափով մասնակցի, եթե քանդողն իրենք են, փրկողը մենք ենք լինելու»,- ասաց երգիչը։ Դեռ չեն որոշել, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը նախարարի հետ, բայց Իսպիրյանը վստահեցրեց, որ դրանք պետք են։